«Մեզ կարելի՞ է գնալ ուրիշ երկրում աշխատել, բայց մեր երկրում հնդիկներին չի՞ կարելի աշխատել». Ո՞րն է անհանդուրժողականության պատճառը

08-01-2019
1226 դիտում
«Մեզ կարելի՞ է գնալ ուրիշ երկրում աշխատել, բայց մեր երկրում հնդիկներին չի՞ կարելի աշխատել». Ո՞րն է անհանդուրժողականության պատճառը

Հայաստանում վերջին շրջանում հնդիկների և այլազգիների նկատմամբ ատելության կոչերի ու անհանդուրժողականության պատճառները պարզելու համար հետազոտություն պետք է իրականացվի, որը վերջին տարիներին չի եղել: «Մեդիալաբի» հետ զրույցում այս մասին ասում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝ անդրադառնալով երևույթի պատճառներին:

«Ընդհանուր ներքին բարձրաձայնում կա, թե իբր մենք շատ հանդուրժող ենք ուրիշների նկատմամբ, հպարտանում ենք դրանով, բայց իրականում  որևէ լուրջ հետազոտություն չկա այդ հանդուժողականության մասին: Եվ մյուս խնդիրը կա՝  մեր հասարակության որոշ խավերի մոտ լուրջ տագնապ կա, որ մենք փոքր ենք, քիչ ենք, և մեր ունեցվածքը օտարի կողմից յուրացնելը հեշտ է: Կարծում եմ, որ կա այդպիսի ներքին չհստակեցված և չձևակերպված, տրամաբանորեն չվերլուծված տագնապ»,- «Մեդալաբին» ասում է Հրանուշ Խառատյանը:

Նրա խոսքով՝ մյուս կողմից կա եվրոպական փորձը, որ մյուս ժողովուրդները Եվրոպայում լավագույն օրինակները չեն տարածում այնտեղ: Եվ տագնապ կա, որ մեզ մոտ էլ մշակութային փոփոխություն կարող է լինել: «Ես հիշում եմ, որ պարսիկների օրինակն էին միշտ բերում, չհիմնավորված հայտարարություններ կային, որ պարսիկները եկան, լցվեցին Հայաստան, էլ տեղ չեն թողնելու մեզ»,- հավելում է ազգագրագետը:

Նշենք, որ սոցիալական ցանցերում վերջին շրջանում խտրականության դրսևորում է նկատվում, ատելության կոչեր են հնչում Հնդկաստանից ու Պակիստանից Հայաստան այցելող անձանց հասցեին: Նրանց թիվը վերջին շրջանում աճել է, ըստ որոշ տեղեկությունների՝ Հայաստան գալիս են աշխատելու նպատակով: Հայաստանում հնդիկները համարվում են էժան աշխատուժ:

Change.org կայքում Սարգիս Տեր-Եսայանի անունով ստորագրահավաք է կազմակերպվել՝ ձևակերպելով այն նամակ-պահանջ՝ ուղղված նորընտիր Ազգային ժողովին:

Նամակ-պահանջի բովանդակությունը հետևյալն էր.

«Առաջարկում եմ, որ նորընտիր Ազգային ժողովն իր լիազորություններն ստանձնելուն պես անմիջապես վերանայի մեր երկիր մուտքի վիզա ստանալու անհրաժեշտությունը: 

Վերջին օրերում շատ է խոսվում, և մենք էլ ականատեսն ենք լինում Հնդկաստանից, Պակիստանից մեծ թափով դեպի Երևան ներգաղթին: Նկատենք, որ մեզ մոտ գալիս են աղքատ և անվճարունակ հնդիկները, մուսուլման պակիստանցիները և ներմուծում իրենց բարքերը: 

Իրենց ներգաղթով նրանք առանց այն էլ էժան մեր աշխատուժը էլ ավելի կէժանացնեն ու, հայերին դուրս մղելով, կգրավեն աշխատաշուկան: Այս պահին էժան ու սև գումար են աշխատում ջերմոցներում, վարսավիրանոցներում, ավտոլվացման կետերում, շուկաներում, նաև սննդի կետերում, առանց առողջության մասին փաստաթղթի: Սա անհետևանք չի մնա: Աղետալի կլինի նաև դեմոգրաֆիական առումով:

Չնայած բոլորս էլ կողմ ենք, որ պայմաններ ստեղծվեն, ու դեպի Հայաստան ներգաղթ ապահովվի, բայց դեմ ենք, որ անվճարունակ մուսուլման այլազգիներն ապահովեն մեր երկրի ներգաղթը, այն պարագայում, երբ դրսում իրենց ճակատագիրն են կերտում մեր արտագաղթած հայրենակիցները: Մեր քայլերն ուղղենք ու ոգևորիչ պայմաններ ստեղծենք նրանց վերադարձը խթանելու համար, պահպանելով նաև մեր դեմոգրաֆիան: Էլ չասեմ, որ հիմք ենք ստեղծում, որ մեր երիտասարդները ստեղծեն ազգայնական խմբավորումներ, իսկ դրա հետևանքները, մեղմ ասած, աղետալի կլինեն...

Ուստի, քանի որ միգրացիոն տեսանկյունից մենք խոցելի ենք, չունենք փորձառություն այս բնագավառում, կոչ եմ անում նորընտիր Ազգային ժողովին անհապաղ վերացնել առանց վիզայի ռեժիմը այն երկրների հետ, որտեղից անվճարունակ ու աղքատ զանգվածի ներգաղթ է հնարավոր, հիշենք, որ որպես տուրիստ գալ ցանկացողները ի վիճակի են վճարել վիզա ստանալու համար, իսկ աղքատ, ցածր կենսամակարդակ ունեցող այլազգիների, առավելևս՝ մուսուլմանների ներգաղթը ո՛չ տնտեսությունն է զարգացնելու, ո՛չ գիտությունը, այլ ճիշտ հակառակը` բոլոր առումներով իջեցնելու է մեր երկրի կենսամակարդակը: 

Ապահովենք հայերի կյանքը Հայաստանում, կայացնենք ու զարգացնենք մեր պետությունը, հետո, երբ հզոր պետություն լինենք, կօգնենք նաև մյուսներին»:

Րոպե առ րոպե ստորգրահավաքին միացողների թիվն աճում է, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ակտիվ քննարկվում է այս իրադարձությունը:

Բայց հավելենք, որ ավելի ուշ կայքը, բարեբախտաբար, հեռացրեց այս տարօրիակ ստորագրահավաքը:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը «Ֆեյսբուքի» իր էջում հարցադրում է հնչեցրել.

«Հայաստան ժամանած՝ որպես զբոսաշրջիկ, աշխատող, փախստական իրանցիների, հնդիկների, արաբների, պակիստանցիների և մյուս այլազգիների նկատմամբ բացասական,թշնամական վերաբերմունք ունեցողները ստորագրահավաք են կազմակերպել վերոնշյալ այլազգիների մուտքը Հայաստան դժվարացնելու նպատակով։ Արդ, ի՞նչ կարծիք ունեն սույն «ազգասեր-հայրենասերներն» իրենց Ղազախստանի կոլեգաների մասին, որոնք պահանջում են վառել հայերին»:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի խոսքով՝ կարևոր է, որ այս իրավիճակում պետական մարմինները պաշտոնական մեկնաբանություններ տան:

«Ոչ մի պետական մարմին չի բացատրում հանրությանը, թե ինչո՛ւ են եկել այդ մարդիկ, ովքե՛ր են, որտե՛ղ են, ի՛նչ հեռանկարով են եկել: Եվ կարծում եմ, որ դա նույնպես տագնապի զգացմունքներ է առաջացնում: Մոտ 5-6 կողմից հնչող այսպիսի ինքնապաշտպանական ազդակները բավական ազդեցիկ են թվում և ծածկում են սոցիալական ցանցերի դաշտը»,- ասում է նա: Ըստ Խառատյանի՝ այս պահին մեզ պարզ չէ՝ պետությունն  իրականացնո՞ւմ է միգրացիոն հստակ ծրագիր, թե՞, օրինակ, ինչ-որ շինարարության իրականացման նպատակով նրանք ժամանակավոր Հայաստան եկած բանվորներ են:

«Պետությունը պետք է ասի՝ ինչո՞ւ են եկել այս նոր մարդիկ, պետությունն ի՞նչ ծրագրեր ունի նրանց նկատմամբ: Նրանք մշտակա՞ն են եկել, պատահակա՞ն, թե՞ անհատական ու խմբային: Հասարակությանը ոչինչ հայտնի չէ, ինչը սկզբունքորեն նորմալ չէ: Մյուս կողմից՝ չի բացառվում, որ սա Հնդկաստանի հետ ինչ-որ պայմանավորվածության արդյունք է: Չգիտեմ՝ այդպե՞ս է, թե՞ ոչ, բայց սովորաբար երկրի միգրացիոն ծառայությունները միգրացիոն հոսքերին դրական արձագանքում են պետական ծրագրերի շրջանակներում միայն: Չեմ կարծում, որ հիմա մտահոգիչ երևույթ կա, բայց այս իրավիճակը հենց մարդկանց մոտ որոշ տագնապ է առաջացնում»,- «Մեդիալաբին» ասում է ազգագրագետը:

Զբոսավարների ասոցիացիայի նախագահ, զբոսավար Յաշա Սոլոմոնյանը «Մեդիալաբին» ասում է, որ այսօր Հայաստանի աշխատաշուկայում ռեալ խնդիրներ կան, և Հայաստան ժամանող հնդիկները զբաղեցնում են թափուր աշխատատեղերը:

«Ես ինքս հաճախում եմ սպորտի կենտրոն, այնտեղ ամբողջ սպասարկող անձնակազմը գրեթե հնդիկ ուսանողներ են: Նրանք լոգարաններն են լվանում, այլ գործեր են անում: Եթե տեղացին չի անում այդ աշխատանքը, բայց կա պահանջարկ, գործատուն ի՞նչ անի: Իսկ եթե խոսում ենք տղամարդկանց հանդերձարանը մաքրելու մասին, այտեղ, բնականաբար, պետք է տղամարդ աշխատի: Այսօր շատ գյուղատնտեսներ խնդիր ունեն, որովհետև հովիվ չեն  գտնում, իսկ հնդիկները բավական էժան գներով համաձայնում են աշխատել, ինչի արդյունքում շատ ապրանքների ինքնարժեքը կարող է և իջնել»,- ասում է Սոլոմոնյանը:

Նրա խոսքով՝ այս անհանդուրժողականությունը միատարր երկրներին բնորոշ երևույթ է, իսկ մեր դեպքում երկրում 98 տոկոսով հայեր են:

«Մյուս կողմից՝ այստեղ մի քիչ դեր ունի անգրագիտությունը: Ընդհանուր եթե վերցնենք, քսենոֆոբիան այդ վախն է, որ չես կարողանում իրավիճակը ճիշտ գնահատել»,- հավելում է Յաշա Սոլոմոնյանը:

Նա հիշեցնում է, որ տարիներ առաջ նման արշավ Երևանում իրանցիների դեմ էր ընթանում, նրանց խանութներ չէին թողնում, տներից էին վռնդում: Այսօր թիրախում հնդիկներն են:

«Հարցին պետք է վերաբերվել երկկողմանի, մենք այստեղ մշակույթի խնդիր էլ ունենք, տարբեր մշակույթների հարց կա: Եվրոպացիների հետ մեծ մասամբ խնդիր չի լինում, եթե եվրոպացիները տարբերվող չեն: Երբ շատ վառ հագուստով են, նրանց հետ է խնդիր լինում, և՛ ծիծաղում են վրաները, և՛ ծաղրում են: Էլ չեմ խոսում այն մասին, եթե հանկարծ մարդը ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ լինի»,- ասում է նա:

Սակայն, ըստ նրա, հիմնականում խնդիրները լինում են ասիական երկրների բնակիչների հետ, կոնկրետ հնդիկներն ու իրանցիները մի քիչ ավելի տաքարյուն են, հայերին նման են, կարող են փողոցներում երգել ու պարել:

«Այդ նույնը մենք էլ ենք անում ուրիշ երկրների փողոցներում, բայց մեզ մոտ դա բացասաբար է ընկալվում, ինչը սխալ է»,- ասում է նա:

Յաշա Սոլոմոնյանի խոսքով՝ եթե իրավիճակին տուրիզմի տեսանկյունից նայենք, ունենք երեք արագ աճող ուղղություններ՝ Ֆիլիպիններ, Հնդկաստան և ԱՄԷ:

Հնդկաստանը 2018-ի համար շատ լուրջ ռեկորդներ է սահմանել, մասնագետի խոսքով՝ մոտ 80 տոկոսից ավելի աճել է այդ երկրից Հայաստան այցելողների թիվը:

«Իհակե, այստեղ նորություն չէ, որ Հնդկաստանում Հայաստանը նաև որպես սեքս տուրիզմի երկիր է դիտարկվում, մենք այս մասով լիքը անելիքներ ունենք: Դրա համար միգուցե որոշակի տարրեր գալիս են, որոնց պահվածքը տեղացիներին դուր չի գալիս: Բայց այսօր համացանցում տուրիզմը չի քննարկվում: Ես՝ որպես մասնագետ, կողմ եմ, որ տուրիզմը չխանգարի տեղացու առօրյա կյանքին, ինչը միջազգային ընդունված նորմ է: Բայց այսօր տուրիզմը չի քննարկվում, միգրանտների ու էժան աշխատուժի հարցն է քննարկվում, այսինքն՝ հարցը լրիվ այլ հարթության մեջ պետք է դիտարկել: Եվ այս առումով, նման հարց բարձրաձայնելը մի քիչ երեսպաշտություն է մի երկրում, որն ունի 7 մլն-ից ավելի սփյուռք, որտեղ գրեթե չկա ընտանիք, որի մի անդամը դրսում չէ: Այսինքն՝ քեզ կարելի՞ է գնալ ուրիշ երկրում աշխատել, բայց քո երկրում չի՞ կարելի աշխատել»,- հարցնում է նա:

Եվ, Սոլոմոնյանի, աշխատուժի հարցը խառնել են տուրիզմի հետ, շիլա-շփոթ է ստացվել, մի քիչ դժվար է հասկանալ՝ ով է սրա հեղինակը: Սովորաբար նման մտքերը գեներացվում են, շարքային քաղաքացուն նման խնդիրները քիչ են հուզում:

«Սրանք գեներացված ու իջեցված մտքեր են: Վերջին շրջանում մեր երկրում հաճախ են նման խժդժություններ կազմակերպվում, հիշենք ԼԳԲՏ համայնքի հետ կապված իրադարձությունները: Անընդհատ փորձում են նոր իշխանություններին ինչ-որ բաներում մեղադրել, մոտավորապես հասկանում ենք, թե ում ականջներն են երևում նման թեմաների հետևում»,- նշում է նա:

Լուսանկարները՝ «Ֆոտոլուր»

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am