«Բա որ ես էլ Նիկոլ դառնամ»․ ըստ Նարեկ Ներսիսյանի՝ հեղափոխությանն անդրադարձել են «նոր ձեւաչափով»

11-01-2019
600 դիտում
«Բա որ ես էլ Նիկոլ դառնամ»․ ըստ Նարեկ Ներսիսյանի՝ հեղափոխությանն անդրադարձել են «նոր ձեւաչափով»

Մեր զրուցակիցն է ԱՄՆ-ում բնակվող դերասան Նարեկ Ներսիսյանը:

- Ակնհայտ է, որ ԱՄՆ-ից հետևում եք Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, ինչը վկայում է նաև ձեր նոր տեսահոլովակը: Ինչպե՞ս առաջացավ նման տեսահոլովակ նկարելու գաղափարը:

 - Անկեղծ ասած, գաղափարը շուտ էր առաջացել, ուղղակի իմ մասնագիտական դասերի ու զբաղվածության պատճառով չեմ հասցրել ավելի շուտ անել: Չնայած ժամանակին եղավ, քանի որ այդ ընթացքում Ֆրանկլին Գոնսալեսին էլ բռնեցին, և եթե տեսահոլովակը շուտ լիներ, այդ համով կտորը կարող էր չլինել: Իսկ Հայաստանի ներքաղաքական կյանքին ամեն օր հետևում ենք, այնպես չէ, որ այստեղ ապրող հայերը շատ կտրված են հայաստանյան կյանքից, բոլորն էլ հետաքրքրվում են, իրար հետ քննարկում հայրենիքում տեղի ունեցող իրադարձությունները: Ինչպես Հայաստանում քաղաքական սցենարների տարբերակներ են քննարկում, այնպես էլ այստեղ է դա կատարվում:

- Հայաստանում տեղի ունեցող գործընթացներն ինչպե՞ս եք գնահատում:

- Ես չեմ ուզում գնահատական տալ, որովհետև Հայաստանում չեմ ապրում: Կոռեկտ չի լինի ապրելով Ամերիկայում՝ Հայաստանի դեպքերի մասին որևէ գնահատական տալ: Միայն կասեմ, որ լավ փոփոխություն եղավ, իսկ թե դա հետո ի՛նչ կբերի մեր ժողովրդին, ժամանակը ցույց կտա:

- Ինչո՞ւ գնացիք Հայաստանից, ի վերջո, ստեղծագործական կյանքով էիք ապրում նաև Հայաստանում:

- Այդ հարցն ինձ շատերն են տվել, ես փորձել եմ անկեղծ պատասխանել, բայց շատերը չեն հավատացել ու չեն հասկացել: Երբ մարդուն ասում ես՝ եկել եմ այս երկիր դերասանություն սովորելու, հմտություններ զարգացնելու, զբաղվելու իմ սիրած գործով, մարդը չի հասկանում երկու պատճառով:

Նախ՝ շատերն այդ ասպարեզում չեն ու չեն հասկանում, թե դա ի՛նչ մղում է, և ընդհանրապես զբաղված են ամերիկյան դժվար, լարված կյանքով ու չեն գիտակցում, թե դա ինչ պատճառ է, որ մարդը թողնի իր երկրից գնա: Ամեն դեպքում՝ իմ հետաքրքրությունն ամերիկյան դերասանական աշխարհի, այդ ասպարեզի հանդեպ է:

Այլ հարց է, թե դա որքանո՛վ է հաջողվում կամ չի հաջողվում: Այսինքն՝ դա է եղել իմ մղումը, ես չեմ ուզել գալ ու խրվել այստեղի կյանքի մեջ, զրոյից մեկ այլ մասնագիտության մեջ խորանալ և այլն: Ամեն դեպքում՝ դա է եղել ԱՄՆ գալու պատճառը, ոչ մեկի հետ կռված չէի, իշխանությունների հետ էլ խնդիր չունեի:

- Այս 5 տարիների ընթացքում ձեր սպասելիքները որքանո՞վ են արդարացել:

- Հինգ տարվա ընթացքում սպասելիքները չէին կարող արդարանալ, որովհետև ԱՄՆ-ում մենակ ապրելը, մենակ գործելը, մի քանի տեղ աշխատելը, բնականաբար, չէին կարող բերել այդ արդյունքին: Եթե բարեկամներ, ծանոթներ ունեք ԱՄՆ-ում, քիչ թե շատ տեղյակ եք, թե ինչպիսին է այստեղի ապրելակերպը:

Այնպես որ, միայնակ մարդը չի կարող մեծ հաջողությունների հասնել, համենայնդեպս, այն ասպարեզում, որտեղ ես էի ինձ տեսնում: Այլ խնդիր է, որ ամբողջ ընտանիքդ այստեղ լինի, ու դու չմտածես ֆինանսական խնդիրները հոգալու մասին, կարելի է գնալ-փորձել այդ պատը ջարդել ու մտնել ասպարեզ:

Ընդհանուր առմամբ, իմ սպասելիքները չեն արդարացել, ու դա նորմալ է, այդպես էլ պետք է լիներ: Ես հիասթափված չեմ, ուղղակի դժվար է այստեղ գալուց առաջ այդ ամենը հաշվարկել, հատկապես որ, երկրում որևէ ծանոթ ու բարեկամ չունես ու բոլոր հարցերը մենակ ես լուծում:

- Այս ամիսներին վարչապետը բազմիցս կոչ արեց գալ Հայաստան, Հայաստանում գործունեություն ծավալել, ներդրումներ անել և այլն: Որքանո՞վ են այս կոչերը արձագանք գտնում արտերկրում բնակվողների մոտ։ Ընդհանուր առմամբ, այս փոփոխություններն ինչպե՞ս եք գնահատում։

- Ես ուրախ եմ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների համար: Ինձ համար կարևոր է, որ ժողովուրդը վերջապես ազատվել է կլանային համակարգից, դա արդեն լավ է: Թե հետո ի՛նչ կլինի՝ չգիտեմ։ Ես եկել եմ այստեղ, իմ կյանքից հինգ տարի ծախսել եմ, տանջվել, օրեր եմ անցկացրել ինչ-որ բաների հասնելու համար:

Հիմա ինձ համար այնքան էլ հեշտ չի ամեն ինչ թողնել-գալ զուտ այն բանի համար, որ ես հինգ տարի ծախսել եմ այստեղի վրա: Բայց, իհարկե, վստահ եմ, որ շատ մարդիկ ուզում են գալ Հայաստան, նույնիսկ եթե շատերը չեն ուզում գալ հիմնական ապրելու, դե, որովհետև ֆինանսական տարբերություն կա, աշխատանքի հարց կա:

Շատերը մտածում են՝ գան, ի՞նչ անեն: Լավ, ես դերասան եմ, ենթադրենք՝ եկա, թատրոնում խաղացի ու սերիալում նկարվեցի ու ասեցի՝ լավ է, օրվա հացի փողը կա: Բայց մյուս մարդիկ ի՞նչ անեն: Ես ընկեր ունեմ, շատ հարուստ մարդ է, թողնի իր հարստությունը, գա Հայաստա՞ն: Նա առավելագույնը կարող է գալ Հայաստան, ներդրում անել ինչ-որ ասպարեզում, եթե նախօրոք ուսումնասիրի, տեսնի՝ իր բիզնեսը կաշխատի՞ այստեղ, թե՞ ոչ:

Բայց, ասենք, մյուսնե՞րն ինչ անեն: Օրինակ՝ ընկեր ունեմ, կնոջը, երեխային բերել է այստեղ, երեխան դպրոց է գնում, ինտեգրվել է այստեղի կյանքին, հիմա թողնի ամեն ինչ, նորից հե՞տ գնա:

Մանավանդ, դեռ հայտնի չէ, թե մեզ ինչ է սպասում: Վերջիվերջո կառավարությունը պետք է վերջնականապես ձևավորվի, աշխատաոճը ձևավորվի: Հասկանան՝ արդյոք նոր կառավարությունը կարողանո՞ւմ է աղբից սկսած մինչև մյուս հարցերը լուծել, որ հասկանան՝ որքանով է պետք գալ: Անձամբ ես վերադառնալու եմ, քանի որ կգա ժամանակը, երբ ես ի վիճակի կլինեմ Հայաստանում նույնպես դերասանական գործունեություն ծավալելու:

Բայց ես կարծում եմ, որ իմ վերադառնալը կլինի այնպես, որ երբեմն կլինեմ Հայաստանում, երբեմն՝ Միացյալ Նահանգներում: Ես տարիներ եմ ծախսել ինչ-որ բաներ անելու վրա, ու բացարձակ անիմաստ կլինի դա թողնել ու հետ գալ:

Այն մարդիկ, որոնք ի վիճակի կլինեն գալու Հայաստան ինչ-որ գործերի, բիզնեսի համար, էլի որոշ ժամանակ կլինեն Հայաստանում, որոշ ժամանակ՝ ԱՄՆ-ում: Գոնե այն մարդիկ, որոնք Հայաստան գալու մասին չէին մտածում նախկին կլանի պատճառով, հիմա գոնե կմտածեն Հայաստան գալու, ինչ-որ բիզնես գործունեություն ծավալելու մասին: Շատ ուրախ եմ, որ երիտասարդներ են դրա մասին մտածում, նրանք, ովքեր փող ունեն, ուզում են ներդրում կատարել, թեկուզ մի քանի ամիս գալ, իրենց բիզնեսին տեր կանգնել, գործերը կարգավորել, Հայաստանը վայելել, էլի գնալ:

- Առաջիկայում ի՞նչ սպասենք, հնարավո՞ր է արդյոք նոր տեսահոլովակի մատուցում, նոր գաղափարներ կա՞ն, որոնք պետք է կյանքի կոչեք առաջիկայում:

- Գիտեք՝ իդեաներ այնքան կան, իդեաները շատ տարատեսակ են, տարբեր մասշտաբների, բայց երևի դեռ այս նոր գտած ոճի մեջ կմնամ ինչ-որ շրջան: Եթե լսել եք նոր երգը, լրիվ ակապելլա է, ոչ մի արհեստական, էլեկտրոնային միջոց չկա։

Մաքուր վոկալ կատարում է՝ իմ հնարավորությունների սահմանում։ Ուրիշ երգեր էլ եթե լինեն առաջիկայում, այս ոճի մեջ են լինելու, կարող է լինեն հայտնի երգեր՝ տեքստերը փոխված: Ժամկետները չեմ կարող նշել, որովհետև այստեղ զբաղվածությունը շատ է, բայց եթե ստացվեց՝ կանեմ:

Առաջիկայում չեմ խոստանում, որ շատ կլինի, որովհետև զբաղվածությունս շատ է: Միգուցե 1,5 տարի հետո սկսվի ավելի ինտենսիվ աշխատանք, ինչի համար թիմը կա, պատրաստ է, բայց սպասում են, որ ես մի քիչ ավելի ազատվեմ և ամբողջ ժամանակս դրան տրամադրեմ: Այդ ժամանակ ավելի շատ ու ավելի հաճախակի գործեր կտեսնեք:

- Վերջին օրերին տարբեր լրատվամիջոցներ առանց հղումի տարածում են ձեր տեսահոլովակը: Կա՞ այստեղ վերահսկելու հետ կապված խնդիր, թե՞ դուք այդպիսի խնդիր չեք դնում:

- Եթե ես ուզենայի՝ կվերահսկեի այդ ամենը, ուղղակի չվերահսկեցի մի պարզ պատճառով, որովհետև առաջին անգամ տեսահոլովակը տեղադրել էի Youtube-ի իմ ալիքում, որտեղ շատ բաժանորդներ չունեի, և թողել եմ, որ այն տարածվի: Եթե ես Youtube-ով գումար աշխատելու խնդիր դնեի, այդպես կանեի:

Բայց ես նման խնդիր չէի դրել, ինձ համար կարևորը շատ տարածման խնդիրն էր: Սա այն թեման էր, որ ինչ ալիքով, ինչ ռեսուրսով էլ տարածվի՝ լավ է: Ի վերջո, սա արել ենք ժամանցի համար, և ինչքան շատ մարդ տեսնի, ուրախանա՝ այնքան լավ: Մենք այս ձևաչափով անդրադարձել ենք հեղափոխությանը: Հիմա թե մարդիկ ո՛ր կայքով կնայեն՝ արդեն էական չէ: Youtube-ի իմ պաշտոնական էջում ավելի քիչ են դիտումները, քան այլ էջերում, բայց խնդիր չկա: Մարդիկ հարցրել են՝ կարո՞ղ ենք վերցնել, ասել եմ՝ խնդիր չկա:

Մանե Հարությունյան

MediaLab.am