«Ու էդ բոլոր միլիոնատերերը դեմ քվեարկեցին էն նախագծին, որով նախատեսվում էր թոշակների չնչին բարձրացում». Վարդան Հակոբյանը` պայքարի մասին

27-03-2013
233 դիտում
«Ու էդ բոլոր միլիոնատերերը դեմ քվեարկեցին էն նախագծին, որով նախատեսվում էր թոշակների չնչին բարձրացում». Վարդան Հակոբյանը` պայքարի մասին

«Մեդիալաբի» զրուցակիցն է դիրիժոր Վարդան Հակոբյանը, ով միացել է Ազատության հրապարակի շարժմանը:

- Պարո´ն Հակոբյան, Ձեր կարծիքով` ի՞նչ արդյունք կարող է տալ Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի երկխոսությունը, ի՞նչ էական զիջումների կարող է գնալ իշխանությունը:

- Ես կողմ եմ բանակցություններին, բայց չեմ հավատում դրանց: Շատ լավ կլիներ, որ Սերժ Սարգսյանը բոլոր պահանջները բավարարեր, մնար նախագահ, իսկ մենք անցնեինք հաջորդ քայլերին` ձևավորեինք այն պետությունը, որն ուզում ենք: Բայց Սերժ Սարգսյանը չի պատրաստվում որևէ զիջում անելու, և դա բացահայտ երևում է: Հետևաբար, ես բանակցությունների մեջ հեռանկար չեմ տեսնում: Ես բարեհաջող երկխոսության նախադեպը չեմ տեսել: Դատելով նրա մամուլի ասուլիսից` կարող եմ ասել, որ նա նույնիսկ չէր էլ հավատում, որ Հայաստանում ամեն ինչ այսքան վատ է, և դրանում մեղադրում էր լրագրողներին:

- Ինչո՞ւ չի հավատում, չգիտի՞, թե՞ չի ուզում հավատալ, որ երկրի վիճակն այսքան վատ է:

- Դրանք ակնհայտ փաստեր են, պետք չի հավատալ: Ես վստահ եմ, որ նա գիտի, իսկ թե ինչո՞ւ է այդպես ասում, անհասկանալի է: Գիտե՞ք ամենազավեշտալին որն է` ասում են պառլամենտում օլիգարխ չկա, բայց պատգամավորների եկամուտները որ նայում ենք, բոլորը միլիոնատերեր են: Ու էդ բոլոր միլիոնատերերը դեմ քվեարկեցին էն նախագծին, որով նախատեսվում էր թոշակների չնչին բարձրացում: Այս պարագայում որևէ զիջման գնալը, որևէ տրամաբանական խոսք տալն ուղղակի աբսուրդի է հասնում: Եթե ԱԺ նախագահից մինչև վերջին պատգամավոր դեմ է քվեարկում կենսաթոշակները 10 կամ 20 հազար դրամ ավելացնելուն, այն պարագայում, երբ նրանց նույնիսկ գրանցված եկամուտն է 20 մլն դոլարի հասնում, այստեղ ի՞նչ բարոյական արժեքների մասին կարող է խոսք լինել: Եվ ընդհանրապես, ո՞նց կարելի է այդ մասին չիմանալ: Երբ խորանում ենք, թե որտեղի´ց նրանց այդ կարողությունը, երբ Հայաստանում չկա բիզնես միջավայր, առավել ևս, որ պատգամավորն իրավունք չունի գործարար լինելու, հասկանում ենք, որ Սահմանադրությունը խախտվում է հենց Ազգային ժողովից: Երկրի օրենսդիր մարմինը խախտում է Սահմանադրությունը, և այստեղից սկսվում է լրիվ աբսուրդը:

Թող իրենք պատասխանատվության ենթարկեն, թե ո´վ է դրա համար մեղավոր, թող պատգամավորական մանդատից զրկեն բոլոր նրանց, ովքեր գործարար են: Եվ նրանց ման գալ պետք չէ, ուղղակի պետք է կանգնել մուտքի մոտ ու հերթով հաշվել` ՀՀԿ և ԲՀԿ խմբակցություններից:

- Ձեր կարծիքով` ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը նախքան բանակցությունների մեկնարկը Րաֆֆի Հովհաննիսյանին կոչ անում դուրս գալ հացադուլից, վախենում է իրավիճակի սրումի՞ց, թե՞…

- Ավելի պետք չէ ժողովրդին սրել, այսօր ժողովուրդը պատրաստ է ցանկացած փոփոխությունների: Ընդ որում, մեր ժողովուրդը շատ կոմպրոմիսային ժողովուրդ է: Եթե ժամանակին նույն Ազգային ժողովը մի քիչ զիջման գնար աշխատավարձերի և թոշակների բարձրացման մասով, այսքան չարացած ժողովուրդ չէր ունենա իր դեմ: Արել են գրեթե ամեն ինչ, որ ստեղծեն այս չարացած զանգվածը, ոչ մի միջոց չեն խնայել դրա համար: Այս համատեքստում բանակցությունների արդյունքում զիջումների հասնելը պարզապես անիմաստ է, որովհետև Ազգային ժողովն ու կառավարությունը դրա հնարավորությունը միշտ ունեցել են: Բայց մինչ այսօր ընդունել են բոլոր վատ օրենքները, որոնք խանգարում են ժողովրդի բարեկեցիկ ապրելուն: Եթե չլինեին այդ վատ որոշումները, այսօր զիջումների անհրաժեշտության մասին խոսք անգամ չէր լինի:

- Իսկ ի՞նչ եք առաջարկում`չգնալ բանակցությունների ու Ազատության հրապարակում ժողովրդի իշխանություն ձևավորե՞լ:

- Այո´: Պետք չի ոչ մի բան ստիպել իշխանություններին, պետք է ձևավորել սեփական կառույցներ` սեփական Ազգային ժողով, որը կհաստատի իր նախագահին, հաստատել կառավարության կազմը և դա վավերացնել, ամենակարևորը` վավերացնել ժողովրդի քվեով: Դա չպետք է ընկալվի իշխանության զավթում, պետք է ամեն ինչ վավերացնել ժողովրդի քվեով` ստորագրությունների, անհատական պայմանագրերի միջոցով, բոլոր օրինական ճանապարհներով:

- Բայց մեր ժողովուրդն այսօր ի վիճակի՞ է համախմբվելու այդ գործընթացի շուրջը:

- Մեր ժողովուրդն արդեն համախմբվել է: Մարդիկ, կարող է, հիասթափվել են, բայց ճիշտ չէ, որ չեն ուզում պայքարել: Չէ՞ որ իր խնդիրները չեն լուծվել, ըմբոստացե՞լ է խնդիրների պատճառով, հիասթափվե՞լ է, բայց խնդիրները չեն լուծվել, չէ՞: Ինքը միշտ դրանց լուծման ճանապարհ է փնտրելու: Եթե պետք է ոտքով Մարս գնալ, հայ ժողովուրդն այսօր կգնա, միայն թե իր խնդիրները լուծվեն, որ ստիպված չլքի իր տունն ու տեղը, հայրենիքը:

Մարի Ներսեսյան

© Medialab.am