«Դատապարտելի երևույթ է, երբ մարդիկ փաստաբանին նույնացնում են գործով մեղադրյալի հետ և իրենց չարությունը, հահոյանքները ուղղում նրանց». իրավապաշտպան

13-01-2019
284 դիտում
«Դատապարտելի երևույթ է, երբ մարդիկ փաստաբանին նույնացնում են գործով մեղադրյալի հետ և իրենց չարությունը, հահոյանքները ուղղում նրանց». իրավապաշտպան

Մեծ հնչեղություն ունեցող տարբեր քրեական գործերով փաստաբանների նկատմամբ հանրության անհանդուրժող վերաբերմունքն ու ոտնձգություններն առաջին հերթին անգրագիտության հետևանք են: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: Վերջին շրջանում տարբեր քրեական գործերով անցնող նախկին պաշտոնյաների փաստաբանների նկատմամբ հանրությունն ագրեսիվ է տրամադրված: Հարությունյանի խոսքով՝ մարդիկ չեն հասկանում փաստաբանական ինստիտուտի կարևորությունը, չեն հասկանում, որ ցանկացած ոք իրավունք ունի փաստաբանի աջակցությունից օգտվելու:

«Եվ անգրագիտությունից ելնելով՝ այսօր փաստաբանին նույնացնում են հանցագործի հետ: Ես կոնկրետ Մանվել Գրիգորյանի դեպքը նկատի չունեմ, բազմաթիվ դեպքեր կան, երբ մարդիկ փաստաբանին նույնացնում են գործով մեղադրյալի հետ և իրենց չարությունը, հահոյանքները ուղղում նրանց՝ լինի սոցիալական ցանցերում թե փողոցում»,- «Մեդիալաբին» ասում է Վարդան Հարությունյանը: Նրա խոսքով՝ սա դատապարտելի երևույթ է, և մեղավորներն անպայման պետք է պատժվեն:

Հիշեցնենք, որ գեներալ Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու դեմ բողոքի ակցիա անող ցուցարարները հունվարի 11-ին վնասել են Գրիգորյանի փաստաբանի՝ Արսեն Մկրտչյանի ավտոմեքենան: Ցուցարարները թքել են փաստաբանի մեքենայի վրա ու հեղուկ լցրել:

«Անպատիժ մնացած սադրիչ գործողությունների խուլիգանական հետևանքները»՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել է փաստաբան Արսեն Մկրտչյանը՝ տեղադրելով վնասված մեքենայի լուսանկարները:

Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը հայտարարել էր, որ Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանի հանձնարարությամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նյութեր են նախապատրաստվում Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի ավտոմեքենան վնասելու առերևույթ դեպքի առթիվ:

Մանվել Գրիգորյանը, հիշեցնենք, 25 մլն դրամ գրավի դիմաց նախորդ տարեվերջին ազատվել էր կալանքից: Այս որոշումը դատախազությունը բողոքարկել է Վերաքննիչ քրեական դատարանում: Եվ մինչև Վերաքննիչ դատարանը պետք է որոշի՝ Մանվել Գրիգորյանը մնալո՞ւ է ազատության մեջ, թե՞ դարձյալ կալանավորվելու է, մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիաներ են անցկացնում:

Փաստաբանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքին անդրադարձել է նաև ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Ըստ նրա՝ փաստաբանի նկատմամբ նրա մասնագիտական գործունեության հետ կապված որևէ ոտնձգություն և ճնշում անթույլատրելի են և պետք է ստանան խստագույն իրավական գնահատական:

Ըստ Մարուքյանի՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է մշակել օրենսդրական նախաձեռնություն, որով դատախազին հավասար երաշխիքներ կսահմանվեն փաստաբանների մասնագիտական գործունեության համար, ինչպես նաև կնախատեսվի խիստ պատիժ փաստաբանի գործունեությանն ապօրինի միջամտելու, նրան կամ նրա մերձավորներին սպառնալու, վիրավորելու կամ ցանկացած այլ ձևով փաստաբանի մասնագիտական գործունեությանը միջամտելու համար:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի խոսքով՝ փաստաբանների նկատմամբ բռնություն կիրառողների պատիժը պետք է լինի խիստ ու ցուցադրական, որպեսզի մյուսները նույնպես հասկանան, որ փաստաբաններն իրենց ծառայողական պարտականություններն են իրականացնում, ինչպես բժիշկները: Եվ նրանց չի կարելի թիրախավորել:

«Մարդիկ չպետք է իրենց անպատիժ զգան մարդու վրա հարձակվելիս՝ լինի նա փաստաբան թե մեկ այլ անձ: Նաև սոցիալական ցանցերում են այսօր հարձակում գործադրում մարդկանց վրա: Մարդիկ պետք է իրենց խոսքի արժեքը հասկանան ու դրանից բխող պետք է կանխատեսեն ու հասկանան պատասխանատվությունը»,- ասում է իրավապաշտպանը:

Վարդան Հարությունյանի խոսքով՝ այս անգրագիտությունը կար նաև նախքան հեղափոխությունը: Սա հայ հասարակությունում նոր երևույթ չէ:

«Ուղղակի այսօր բավական ճչացող անուններ են հայտնվում մեղադրյալի կարգավիճակում, և նրանց փաստաբանների հասցեին այդ անհանդուրժողականությունն ավելի հստակ է երևում: Իսկ մենք երբեք էլ աչքի չենք ընկել մեր իրավագիտական դաստիարակությամբ ու հանդուրժողականությամբ, և չի կարելի այդ ամենը կապել հեղափոխության հետ»,- ասում է նա: Ընդհակառակը, ըստ իրավապաշտպանի, այս հեղափոխությունը կարող է հիմք հանդիսանալ, որ մեզանում իրավիճակ փոխվի՝ և՛ անգրագիտությունը վերացվի, և՛ մարդկանց իրավագիտակցությունը բարձրացվի:

Հարությունյանի խոսքով՝ մարդիկ պետք է գիտակցեն իրավիճակի փոփոխությունը, պետք է հասկանան, որ յուրաքանչյուր մարդ, նույնիսկ այն անձը, ում չեն սիրում ու ատում են, պաշտպանության իրավունք ունի: «Մարդիկ պետք է հասկանան, որ կարևորն ու գլխավորը արդարադատությունն է: Իսկ արդարադատություն չի կարող կայացվել՝ առանց փաստաբանական ծառայության: Փաստաբանը նույնքան իրավունքներ պետք է ունենա, որքան, ենթադրենք, ունի դատախազը: Եվ կարևոր չէ՝ մեղադրյալը քո հորեղբոր տղան է, թե հորաքրոջ տղան կամ քո տունը խլած որևէ հանցագործ»,- հավելեց մասնագետը:

Նշենք, որ Փաստաբանների պալատը ևս արձանագրել է, որ վերջին ժամանակահատվածում փաստաբանների նկատմամբ մի խումբ անձանց կողմից վիրավորական և անհանդուրժող արարքներ են կատարվում:

Փաստաբանների պալատն արձանագրել է, որ զգայուն քրեական գործերով մասնակցող փաստաբանների իրավունքները (արժանապատվությունը) պաշտպանված չեն: Այս պայմաններում փաստաբանները մտադիր են քննարկել ինքնապաշտպանական արդյունավետ գործողություններ ձեռնարկելու հարցը:

Փաստաբանների պալատը հիշեցրել է, որ Եվրոպայի խորհրդիՆախարարների կոմիտեի՝ «Փաստաբանի մասնագիտական գործունեության ազատության մասին» համապատասխան հանձնարարականը պետություններին կոչ է անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի հարգվի, պաշտպանվի և խթանվի փաստաբանի մասնագիտական գործունեության ազատությունն առանց խտրականության և իշխանությունների կամ հասարակության կողմից անիրավաչափ միջամտության, հատկապես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համապատասխան դրույթների լույսի ներքո:

«Չի կարելի փաստաբանին մեղադրել քաղաքացու իրավունքների պաշտպանության համար, անկախ պաշտպանյալին մեղսագրվող հանցանքից կամ նրա անձից: Մի խումբ քաղաքացիներ իրավասու չեն փաստաբանի նկատմամբ հաշվեհարդար տեսնել, նույնիսկ եթե փաստաբանը ոչ իրավաչափ արարք է կատարել»,- ասվում է Փաստաբանների պալատի հայտարարության մեջ:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am