Ներեցե՛ք, իսկ սեքսով զբաղվել կարելի՞ է

14-01-2019
13343 դիտում
Ներեցե՛ք, իսկ սեքսով զբաղվել կարելի՞ է

ՀՀ ԿԳՆ-ն քննարկման է ներկայացրել «Մանկավարժի վարքականոն» (էթիկայի վարքականոն) անհասկանալի նախագիծը: Սույն զավեշտին անդրադառնալու կարիք կա, բայց միայն ծաղրի դիտանկյունից: Այո՛, անլրջությունը հատում է յուրաքանչյուր գիտակցական սահման և անգիտակցի հրճվանքը պատել է մեր օրերը:

Միանգամից մի քանի հարց եմ ուզում հղել սույն նախագծի հեղինակներին՝ առանց պատասխանի ակնկալիքի: Չէի՞ք հուշի, թե ինչ դիրքով կարող ենք քնել: Իսկ զուգարանում մեզ ինչպե՞ս դրսևորենք, ուսուցչուհիների շրջազգեստը կրունկից քանի՞ սմ պետք է վերև լինի, մազերի հարդարման կոնկրետ ձև կա՞, ցանկալի է «զավիվկա՞» դնել, թե կարելի է ֆենով հարդարել, ի՞նչ գույնի չուլկիներ խորհուրդ կտաք հագնեն մարդիկ՝ սև, թե մարմնագույն: Փաբ գնալը ծա՞նր հանցագործություն է, թե՞ կարելի է հինգ տարի ազատազրկմամբ ճողոպրել:

Եվ ընդհանրապես, մոռացել եք արձանագրել, որ ուսուցիչը կարող է նաև երեք շունչը մեկ շնչել՝ խնայելով աշակերտների թթվածինը:

Իսկ այժմ գանք ըստ էության: ՀՀԿ-ական մի տիկին՝ Ռուզաննա Մուրադյանը, ուներ կամ ունի հասարակական կազմակերպություն, որը զբաղվում էր կրթական ծրագրերով: Տարիներ առաջ սույն նախագծի նման մի նախագիծ նրանք էինք ներկայացրել: Սա գրեթե բառացի արտագրությունն է նախորդ անգիտության:

Աշխարհի որոշ երկրներում կան վարքականոններ: Դրանք հիմնականում զարգացած երկրներում են: Ինչ-որ մարդիկ, ովքեր ինչ-որ տեղերից լսել են ինչ-որ բառեր, առանց օրենքներ կարդալու կամ դրանք կարդալուց հետո չհասկանալով, բերել ու փաթաթել են այս նախագիծը: Խնդիր է նաև այն, որ սա որոշում չէ, ակտ չէ, օրենք չէ: Այսինքն՝ ոչինչ է, «պարապ վախտի խաղալիք»:

Եթե կուզեք, սույն նախագիծը նաև թոզ փչելու դասական օրինակ է, երբ անհասկանալի է, թե ինչո՛վ են զբաղված մի ողջ նախարարության հանրակրթության վարչություն, նախարարությանը սպասարկող մի շարք ՊՈԱԿ-ներ:

Ես ավելի հակված եմ կարծելու, որ սա ներքին սաբոտաժ է: Միջին օղակների անգործության սաբոտաժ, որի դրսևորումներն առաջին անգամ չէ, որ տեսնում ենք վերջին ամիսների ընթացքում:

Ներկայացված փաստաթուղթը հարուցում է երբեմն զայրույթ, երբեմն՝ քրքիջ: Թվում է, թե սա գրել է ինչ-որ մի Նունուշ տատիկ, որի ամբողջ կյանքի երազանքը եղել է հարևան Ամբակումը, բայց միայն երազանքը: Իսկ քանի որ չկատարված երազանք է ունեցել, ուստի որոշել է իր վրեժը լուծել սերունդներից: Ի դեպ, սույն նախագծում ասվում է, որ ուսուցիչը պետք է զերծ մնա ալկոհոլի և թմրամիջոցների չարաշահումից: Իսկ կա՞ որևէ մասնագիտություն, որի կրողներին խրախուսում են թմրամիջոցներ օգտագործել: Չնայած… ենթադրում եմ, որ առանց կողմնակի նյութերի ազդեցության, նման ծիծաղելի թուղթ գրելը դժվար էր:

Իսկ այժմ լսե՛ք, տիկնայք ու պարոնայք իշխանավորներ: Իմ և ՀՀ-ում մանկավարժական գործունեություն ծավալող բոլոր անձանց վարքագծի կանոնները չեն տարբերվում մյուս քաղաքացիների վարքագծի կանոններից: Դրանք կարգավորվում են ՀՀ օրենքներով և կարգերով: Դրանք չեն կարգավորվում ինչ-որ պարապ գործառույթներ իրականացնող մարմինների հորդորներով կամ անիմաստ հրովարտակներով, ինչպիսին սա է:

Մինչ նման «բառադիզմի» տարրերը հարթակ բերելը, ավելի կարևոր գործեր ունեք: Օրինակ՝ ուսուցչի սոցիալական կարգավիճակի օրինական հստակեցումը՝ դրանից բխող երաշխիքներով, արժանապատիվ աշխատավարձի ապահովումը, հասարակության մեջ տեղի ու դերի վերականգնումը: Այլապես՝ «անիծիմ վարժապետ ըլլաս»-ը միշտ արդիական կհնչի:

Դատարկաբանելու փոխարեն գործո՛վ զբաղվեք: Մեր գործառույթները վաղուց կարգավորված են օրենքներով: Իսկ սույն նախագիծն այնքան տավտալոգիկ է, որքան այն, որ որևէ մեկի մտքով անցնի հրովարտակ հղել առ արևի գործունեություն. «հրահանգում եմ, որ առավոտյան արև ծագի, իսկ երեկոյան՝ մայր մտնի»:

Մի քանի «գոհարներ».

«…կրթության գործընթացներում ազգային ու համամարդկային բարոյական բարձրագույն արժեքներին հետևելու սկզբունքի ապահովում». իսլամական որոշ երկրներում բարոյական արժեք է ազգակցի կամ միաժամանակ մի քանի կնոջ հետ ամուսնանալը, իսկ աֆրիկյան որոշ ցեղերի մոտ ընդունված է զոքանչի կողմից փեսային «փորձարկելը»: Բարոյականությունը չունի համամարդկային նորմատիվ և իրավական սահմանում:

«Ուսուցիչը պետք է լինի ազնիվ և օրինապահ քաղաքացի։ Նրա համար պետք է անթույլատրելի լինի կոռուպցիան և պետք է զերծ մնա ինչպես կաշառք վերցնելուց, այնպես էլ որևէ մեկին կաշառք տալուց». իսկ կա՞ն ոլորտներ, որոնցում խրախուսվում են կաշառք տալն ու վերցնելը:

«Ոգելից խմիչքների չարաշահումը և թմրամիջոցների օգտագործումն անհամատեղելի են ուսուցչի մասնագիտության հետ». հեղինակները, եթե չեն զլանա, թող նշեն, թե ո՛ր մասնագիտությունների հետ է սա համատեղելի:

«Ուսուցիչը պետք է հարգի իր սովորողների մտքի, խղճի և դավանանքի ազատությունը, պատշաճ ուշադրություն դարձնի նրանց արտահայտած կարծիքներին ու հայացքներին և նրանց չպարտադրի իր սեփական հայացքները, դասընկերների ներկայությամբ չհասցնի անձնական վիրավորանքներ կամ մատնանշի նրա անձնային բացասական կողմերը». իսկ եթե դասընկերները չկան, կարո՞ղ է առանձին վիրավորել:

«Ուսուցչի կողմից իր սովորողին վճարովի կրթական ծառայությունների մատուցումն արգելվում է». հակասում է «Հանրակրթության մասին» օրենքին:

«Ուսուցիչը պարտավոր է պաշտպանելու ոչ միայն իր, այլև գործընկերոջ հեղինակությունը։ Սովորողների կամ այլ անձանց ներկայությամբ նա չպետք է նսեմացնի գործընկերներին». իսկ առանձնանալու դեպքում կարո՞ղ է նսեմացնել: Միգուցե հեղինակները խորհուրդ տան հարցերը դպրոցի հետևո՞ւմ կարգավորել:

Հ. Գ. ՀՀ-ում հանրակրթության որակն ուղիղ համեմատական է մանկավարժների ստացած խղճուկ աշխատավարձին: Իսկ այդ աշխատավարձը տատանվում է 30-90 հազար դրամի շրջակայքում: Թիվը միանշանակ չէ, քանի որ կապված սովորողների թվի հետ, կան էական տարբերություններ գյուղական դպրոցների և քաղաքային դպրոցների մանկավարժների աշխատավարձերի միջև:

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am