Հադրութը հայկական Զինված ուժերի լիարժեք վերահսկողության տակ է, բայց մերձակայքում կարող է լինեն դիվերսիոն խմբեր․ Արծրուն Հովհաննիսյան

Հադրութը հայկական Զինված ուժերի լիարժեք վերահսկողության տակ է, Հադրութի մերձակայքում եղել են դիվերսիոն խմբեր, կարող են այս պահին էլ լինել, բայց քաղաքը մեր վերահսկողության տակ է: Այդ մասին այսօր տեղեկատվական միասնական կենտրոնում հայտարարեց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Հադրութ քաղաքի ուղղությամբ դիվերսիոն-հետախուզական գործողությունները կասեցվել են, հետ է շպրտվել հակառակորդը, Հադրութ քաղաքը մեր զինված ուժերի լիարժեք վերահսկողության տակ է», -հայտարարեց նա:

Անդրադառնալով մարտական գործողություններին, Հովհաննիսյանն ասաց, որ մինչև ուշ ժամ դրանք շարունակվում են: Այդուհանդերձ, նրա խոսքով, գիշերային ժամերին մարտական գործողությունների որոշակի թուլացումներ են տեղի ունենում:

«Այդ ընթացքում հակառակորդը, փորձելով պատսպարվել մեր զինված ուժերի հարվածներից, գիշերային ժամերին փորձում է զորքերի վերախմբավորումներ և համալրումներ իրականացնել, որ վաղ առավոտյան ամեն օր կրկնվող մեթոդով վերսկսկի հարձակողական գործողությունները», -ընդգծեց նա: