Փաշինյանի մասին նման կեղծ լուրեր տարածելը ձեռնտու է նրանց, որոնց գործերը դատարաններում են. Լևոն Շիրինյան

Օրերս համացանցում կեղծ լուր տարածվեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իբր հայտարարել է, թե պատերազմը կանգնեցնելու պայմաններից մեկը իր հրաժարականն է, բայց ինքը պատրաստ չէ դրան։ «Ցավում եմ, որ զոհերի թիվն ավելանում է, բայց չեմ պատրաստվում կատարել հրաժարական տալու պահանջը»,-իբր ասել է վարչապետը։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը «Մեդիալաբի» հետ զրույցում վստահություն հայտնեց, որ նման լուրերի տարածումը ձեռնտու է նրանց, որոնք դատարանների հետ գործ ունեն.

«Արդեն ակնհայտ գրում են, խոսում են։ Դրա համար այն, ինչը հեղափոխությունից հետո Փաշինյանը կիսատ-պռատ է թողել, պետք է ավարտին հասցնի։ Դա ազգի միասնության հետ ոչ մի կապ չունի»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է նրան, որ պատերազմի առաջին օրերին Արցախ մեկնեցին Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արթուր Վանեցյանը և նախկին իշխանության ուրիշ ներկայացուցիչներ, Շիրինյանն ասում է.

«Նրանք գնացին, նկարվեցին եկան, ուրիշ բան չեն արել։ 

Եթե այսպես գնա, վատ կլինի, Հայաստանում, ելնելով ռազմական դրության վիճակից, կարգուկանոն պետք է հաստատվի։ Հատկապես Ֆեյսբուքը պետք է մաքրվի, որովհետև դրանք պարզապես ժողովրդին բարոյալքում են, իսկ պատերազմում մեր հաղթանակի ու պետության հիմքը մեր ամուր ժողովուրդն է։ Իրենք հենց այդ ռեսուրսի վրա են աշխատում, ինչն անթույլատրելի է, անգամ օրենքով է դա անթույլատրելի»։

Հարցին, թե ինչպես է գնահատում, որ նախօրեին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կրկին կողմերին կոչ է արել դադարեցնել կրակը, նստել բանակցային սեղանի շուրջ, Լևոն Շիրինյանն նշում է.

«Ինչ ուզում է խոսեն Լավրովն ու մյուսները, մեր բանակը պետք է գործի, և պետք է գործի անվրեպ ու ճշգրիտ։ Իսկ մեր բանակը փայլուն է գործում։ Ինձ թվում է, որ հիմա Ադրբեջանի բանակի ռեսուրսն ենք ոչնչացնում։ Հիմա ամեն ինչ որոշվում է ռազմաճակատում, նրանք ամեն գնով գրոհում են Հադրութն ու Ջաբրայիլը, որովհետև նպատակը Մեղրին է»։

Մանե Հարությունյան

MediaLab.am