Հիմա աշխատում ենք Եվրոպական դատարանի հետ, որպեսզի օր առաջ հնարավոր լինի ռազմագերիների վերադարձը․ Իրավապաշտպան

«Մեդիալաբի» հարցազրույցը իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ

– Տիկի՛ն Սահակյան, դուք մի քանի ռազմագերիների ներկայացուցիչն եք, և հայտարարվել էր, որ նրանց հարցով գանգատներ եք ներկայացնելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։ Կներկայացնեք՝ ի՞նչ փուլում է գործընթացը։

– Մենք այսօր երկու ռազմագերիների՝ Արեգ Սարգսյանի ու Նարեկ Ամիրջանյանի հարցով ենք դիմել Եվրոպական դատարան, իսկ այլ անձանց հարցերով գանգատները նախապատրաստվում են։

Իրավիճակի սրությունը հաշվի առնելով, մենք խնդրել ենք անհապաղ միջոց և դրա շրջանակներում խնդրել ենք, որպեսզի ապահովվի կյանքի անձեռնմխելիությունը և բժշկական օգնություն ստանալու իրավունքը, քանի որ նաև տվյալներ ենք ունեցել, որ ունեցել են վիրավորումներ։

Նաև խնդրել ենք, որ ապահովվի ռազմագերիներին վերաբերող իրավունքների իրացումը, ինչը ենթադրում է կապ ընտանիքի անդամների հետ և այլն։

Եվրոպական դատարանը մեր խնդրանքը բավարարել է, պահանջել է Ադրբեջանի իշխանություններին բավարարել այդ կենսական իրավունքները, դրական արդյունք կա, և որոշ զինծառայողներ կարողացել են օգտվել այդ իրավունքներից։

Բայց առաջիկայում մեզ համար կենսական է ռազմագերիների վերադարձը։ Քանի որ արդեն իսկ ձեռք է բերվել մարդասիրական նպատակներով հրադադարի հաստատման պայմանավորվածություն, սա ենթադրում է նաև գերիների վերադարձ։

Մենք հիմա աշխատում ենք դատարանի հետ, որպեսզի օր առաջ հնարավոր լինի գերիների վերադարձը, ինչը նաև երաշխավորված է միջազգային իրավունքով։

– Ադրբեջանը, ինչպես տեսանք, չհետևեց հրադադարի մասին բարձր մակարդակով պայմանավորվածություններին, ի՞նչ երաշխիք, որ կհետևի ու կկատարի ՄԻԵԴ-ի պահանջները։

– Մեծ հաշվով երաշխիք, որ բոլոր պետությունները կատարելու են բոլոր դատարանների ակտերը, գոյություն չունի։ Կան իրավական երաշխիքներ այն մասին, որ բոլոր որոշումները պարտադիր են, ենթակա են կատարման։

Եթե պետությունը չի կատարում ու խախտում է ԵԽ շրջանակներում ստանձնած բոլոր հանձնառությունները, դա հեղինակությանը վնաս պատճառելուց զատ, առաջ է բերում նաև պատասխանատվության միջոցներ կիրառելու հարցը, և նույն ԵԽ շրջանակներում էլ բարձրաձայնվելու է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու խնդիրը։

Այս առումով ԵԽ-ին ներկայացվել են ապացույցներ, որ գերիների հետ վարվելակերպի կանոնները խախտվում են, կրում են միտումնավոր բնույթ։ Դրանք նաև դիտարկվում են պատերազմական հանցագործություններ։ Կարծում եմ, որ Ադրբեջանը շատ կծանրացնի իր վիճակը, եթե Եվրոպական դատարանի վճիռը չկատարելով նաև իրագործի պատերազմական հանցագործություններ։

Այս պարագայում կրկնակի է ծանրացնում իր բեռը՝ նախ՝ որ չի կատարում վճիռը և հետո, չկատարելով, միտումնավոր իրականացնում է հանցագործություն։

Եթե այլ իրավիճակներում նրանք կարող էին խուսանավել և բացատրել, որ միտումնավոր չեն սպանել, սպանված են գտել և այլն, ապա այս դեպքում արդեն իսկ կան ապացույցներ, որ անձինք ողջ են, նրանց կյանքը երաշխավորված է, գտնվում են պետության հսկողության ներքո և իրենց կյանքին ցանկացած ոտնձգություն ունենալու է միտումնավորություն, իսկ գերու նկատմամբ դիտավորյալ կերպով գործողությունները, կասկածից վեր է, պատերազմական հանցագործություններ են։ 

– Տիկի՛ն Սահակյան երկու զինծառայողներ՝ Արեգ Սարգսյանը ու Նարեկ Ամիրջանյանը կարողացել էին զանգել ընտանիքներին, և դա ԿԽՄԿ-ի միջոցով էր եղել։ Ձեզ հայտնի՞ է՝ ինչ տեղեկություններ են փոխանցվել իրենց նկատմամբ վերաբերմունքի, հնարավոր խոշտանգումների վերաբերյալ։

– Այդ տեղեկատվությունը կոնֆիդենցիալ է, և, հաշվի առնելով, որ իրականացվել է Կարմիր խաչի մանդատի ներքո, հրապարակայնացման ենթակա չէ։ Կարևորն այն է, որ այդ պահին գտնվել են հիվանդանոցում, զանգել են այնտեղից և կարողացել են անմիջականորեն խոսել ընտանիքի անդամների հետ, փոխանցել որոշակի տեղեկություններ։ 

– Ալբերտ Միքայելյանի մասին ի՞նչ կարող եք ասել, նա երրորդ գերին էր ձեր վարույթում գտնվող գործերի մեջ, այնպես չէ՞։

– Շատ ռազմագերիների գործերով ենք զբաղվելու, և առանց ընտանիքի անդամների համաձայնության չեմ կարող հանրայնացնել տվյալներ։ Առաջիկայում այդ ռազմագերիների գործերը ևս ներկայացվելու են Եվրոպական դատարան։ Մենք այդ ժամանակ միայն կկարողանանք հրապարակային խոսել այդ ռազմագերիների մասին։ 

– Ինչպե՞ս եք իմացել, որ այլ գերիներ էլ կան, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցո՞վ, թե՞ նրանց հարազատներն իրենք են դիմել ձեզ։

– Որպես կանոն, ընտանիքի անդամներն են կապ հաստատել, մենք կարողացել ենք համացանցում գտնվող տեղեկատվությունը համադրել այլ ապացույցների հետ, ականատես վկաներ, հեռախոսային խոսակցությունների վերծանումներ և դրանցով հաստատել գերության փաստը։

Կամ որոշ դեպքերում հեռախոսահամարներն են օգտագործվել, հաղորդագրություններ են ուղարկվել։ Բայց, որպես կանոն, ռազմագերիների մասին տեղեկատվությունը ստանում ենք ընտանիքի անդամներից։ Մենք էլ համադրում ենք փաստերը, հնարավորության սահմաններում նոր ապացույցներ ենք հայթայթում, որից հետո դեպքերը ներկայացնում ենք միջազգային ատյանների ուշադրությանը։

– Ձեր վարույթում գտնվող գործերով խոշտանգման փաստեր եղե՞լ են։

– Այո՛, գիտենք նաև խոշտանգումների փաստեր։ Նաև նշեմ, որ մի շարք երևույթներ, որոնք տեղի են ունենում հիմա, օրինակ՝ իրենց մոտ գտնվող դիակների նկատմամբ ոտնձգություններ իրականացնելը, դրանք նաև ընտանիքի անդամներին են դարձնում զոհեր, որովհետև անմարդկային վերաբերմունքի են արժանացնում, տառապանքներն են մեծացնում։

Կարծում եմ՝ սրա պատասխանատվությունը ևս պետք է Ադրբեջանը կրի։ Այդ երկիրը պատասխանատվություն պետք է կրի ոչ միայն հայ, այլ նաև ադրբեջանական զոհերի մասով, քանի որ հնարավորություն չի տալիս հայկական կողմին վերադարձնել ադրբեջանական զոհերին իրենց ընտանիքներին՝ դրանով նաև տառապանք պատճառելով ադրբեջանցի ընտանիքներին։

Նշեմ, որ միջազգային ստանդարտները նաև պաշտպանում են մահացածի աճյունը ընտանիքին հանձնելու, ավանդույթների, կրոնական համոզմունքների հիման վրա հողին հանձնելու հնարավորությունները։ Իսկ երբ միտումնավոր գործողություններով զրկում են այդ հնարավորությունից, ապա այդպիսով միջամտություն է կատարվում ընտանեկան կյանքի անձեռնմխելիությանը։

Աճյունը ընտանիքին չտրամադրելը ճակատագրի հետ կապված անորոշություններ է ստեղծում, կենդանի խոշտանգված լինելու հնարավորությունը և այլ գործողություններ կարող են հոգեկան տառապանք պատճառել ընտանիքի անդամներին և նրանց դարձնել զոհ։ Այդ առումով նրանց իրավունքները ևս պաշտպանության ենթակա են։

– Կարո՞ղ ենք ձեր ասածից ենթադրել, որ Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչները ծանր հանցագործ են։

– Արդեն իսկ եղած փաստերը ցույց են տալիս, որ նրանք ծրագրել ու իրականացրել են պատերազմական հանցագործություններ։ Այստեղ խոսքը միայն մարդու իրավունքների համակարգված խախտումների մասին չէ, այլ նաև մեծաթիվ անձանց կյանքից նպատակային զրկելու, խոշտանգելու հարցերին է վերաբերում նաև, երբ դրանք կատարվում են պատերազմական օրենքների շրջանցմամբ։

Դրանք կարող են որակվել կա՛մ որպես պատերազմական հանցագործություններ, կա՛մ մարդկության դեմ ուղղված հանցագործություններ։

– Այսինքն՝ Ալիևին կարող է սպառնալ Հաագայի դատարանի առաջ կանգնելու հեռանկարը։

– Հաագայի դատարանը գործողության դնելը ենթարկվում է ձևական պայմանների, եթե վավերացված լիներ միջազգային քրեական դատարանի ստատուտը, ապա այդ իրավիճակը կարող էր քննվել դատարանի կողմից։

Բայց, հասկանալի պատճառներով, վավերացված չէ, և միջազգային քրեական դատարանը կարող է Ալիևի ու փոխկապակցված պաշտոնյաների պատասխանատվության հարցը քննարկել, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը իրավիճակը հղի դատարանին։

Այսինքն՝ առանց լրջագույն դիվանագիտական աշխատանքի ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դիրքորոշումների կան իրավական արգելքներ, որ այս պայմաններում ՄԱԿ-ի քրեական դատարանը կարողանա գործողության մեջ դրվել։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am