Քայլեր երկրի հակառակ ուղղությամբ

Մհեր Արշակյան

«Հայրենիքը փրկողը դու ես»։ Ընդդիմությունը այս կարգախոսով հակադարձել էր Հայրենիքը Նիկոլ Փաշինյանին։ 

Այսինքն՝ Հայրենիքը փրկելը հասկացվում է այսպես՝ հասնում ենք Փաշինյանի հրաժարականին под эгидой այսօրվա ընդդիմության ու Հայրենիքը հանձնում ենք նրանց, որոնք իշխանության մեջ դիրքավորվում են ռուսների ողորմածությամբ։ 

Վերջին օրերին Ազատության հրապարակում հավաքված որոշ ընդդիմադիրներ զարմացած են, որ «Նիկոլը Ղարաբաղը ծախեց», իսկ Ազատության հրապարակն այդպես էլ չի լցվում մարդկանցով։ Գրողը տանի, բայց ոչինչ վերջին 2,5 տարում այսքան պարզ չէր եղել։ 

Դուք Նիկոլի անզորության ու անկարողության այլընտրանքը չեք։ Վանեցյանը հոգու խորքում շշմած է՝ ինքը նախկին չէ, բայց իր հետևից էլ չեն գնում։ Եթե նույնիսկ ինքը միայն ապագան լիներ, նախկինների ճահճի մեջ ինքը դառնում է ամենանախկինը։ 

Գեղամ Մանուկյանը դիմում է ծայրահեղ մեթոդի՝ հացադուլի։ Ու ոչ ոք նրան չի ասում՝ ընկե՛ր, Սախարովն էլ լինես, հացադուլը չի աշխատի։ Որովհետև Ղարաբաղի համար ամենասարսափելին արդեն անցյալում է այն իմաստով, որ ինչ հնարավոր էր կորցնել՝ կորցրինք, Նիկոլն ավելի վատ բան էլ չի կարող անել։ 

Հայրենիքը փրկելու մասին հնարավոր չէ մտածել նրանց ուղեղով, որոնց անձամբ է այս ժողովուրդն ասել՝ Աշոտյան, ս․․․ Այսինքն՝ դուք ուզում եք, որ մի ամբողջ ժողովուրդ կանգնի ու ասի՝ մենք սխալվե՞լ ենք։ 

Գուցե։ 

Բայց ժողովուրդը չի սիրում սխալներ կրկնել, նա ընդամենը կարող է նոր սխալներ գործել, իսկ դուք հին սխալ եք։ Ձերը ռևանշ է, իսկ ժողովուրդն իր ընտրության հետ չի ուզում հաշիվ մաքրել։ Ինքը չի սխալվել, սխալվել է Նիկոլ Փաշինյանը, որովհետև ժողովուրդը չգիտեր այն, ինչ տեսավ։ 

Դա էր մնացել պակաս։ Նիկոլին էլ է ճանապարհելու, որովհետև վարչապետը 2,5 տարի աջ ու ձախ գրկվում էր աշխարհի մեծերի հետ, 2,5 տարի մեզ թմրեցնում էր ամեն ինչով, իսկ վերջում պարզվեց, որ պատերազմի առաջին օրերին առնվազն 3 անգամ կարող էր կանգնեցնել այս «առանց կենդանի թշնամու կռիվը»։ 

Փողոցներ են փակում Նիկոլի ոճով, պաստառ են գրում Նիկոլի ոճով («Հայրենիքը փրկողը դու ես»-ը նման է «և այդ մեկ մարդը դու ես»-ին) ու ամենևին գլխի չեն ընկնում, որ Նիկոլին չսիրող ժողովուրդը դեռ իշխանություն է, այսինքն՝ Նիկոլը այս օրերին կարող է դառնալ ընդդիմություն, իսկ ժողովուրդը՝ ոչ։ 

This image has an empty alt attribute; its file name is 127029212_131791498444640_1367044553518242961_n.jpg

Դուք ձեզ կարող եք մերձեցնել Նիկոլին, բայց ժողովուրդը դեպի ձեզ չի գա։ Որովհետև մի ամբողջ ժողովուրդ չի կարող դառնալ հին իշխանություն։ Սրանք պարզ բաներ են։ Դուք պետք է դառնաք ժողովուրդ։ Իսկ դա անհնար է։ 

Վաղը Նիկոլը կարող է հեռանալ ոչ այն պատճառով, որ դուք եք ուզում (իսկ հեռանալ պարտավոր է), այլ որ ինքն այլևս իշխանության կրող չէ, այսինքն՝ իր իշխանության մեջ ժողովուրդ չկա, ու այս պայմաններում դժվար է հասկանալ, թե այսօր ով է Սերժ Սարգսյան և ով է Նիկոլ Փաշինյան, Նիկոլ Փաշինյանը կարող է դառնալ «Սերժ Սարգսյան», բայց «Սերժ Սարգսյանը» Նիկոլ Փաշինյան դառնալ չի կարող։ 

Եկեք միանգամից փաստենք՝ իշխանության սնանկությունը եղած ընդդիմության հետ հաշվի նստելու մասին չէ, իշխանությունը պարզապես քայլեց երկրի հակառակ ուղղությամբ, որն այլևս Հայաստան չէր բերում։ Այսինքն՝ ժողովուրդը չհեռացավ Փաշինյանից, այլ Փաշինյանը հեռացավ ժողովրդից։ Գուցե անվերադարձ։ Եվ գուցե այն ընդդիմության մոտ, որն այսօր պահանջում է նրա հրաժարականը։ 

Մհեր Արշակյան

MediaLab.am