«Այս գործընթացը նման է առևտրի». Վերլուծաբանները Հայաստանի` Մաքսային եւ Եվրասիական տնտեսական միության ճանապարհի մասին

«Այս գործընթացը նման է առևտրի». Վերլուծաբանները Հայաստանի` Մաքսային եւ Եվրասիական տնտեսական միության ճանապարհի մասին
«Այս գործընթացը նման է առևտրի». Վերլուծաբանները Հայաստանի` Մաքսային եւ Եվրասիական տնտեսական միության ճանապարհի մասին

Հայաստանն այսօր Մաքսային միություն է գնում նույնքան չնախապատրաստված, որքան մեկ տարի առաջ էր՝ սեպտեմբերի 3-ին: Այս կարծին է «Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի» տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հավանության է արժանացրել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրն ու նպատակահարմար է համարել այն ստորագրել այս տարվա  հոկտեմբերի 10-ին Մինսկում, ԵԱՏՄ վեհաժողովի ժամանակ:

Վելուծելով Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության վերաբերյալ  ստեղծված իրավիճակը՝ Աղասի Ենոքյանը «Մեդիալաբին» ասում է, որ Հայաստանը դիմել է Մաքսային միություն մտնելու համար, սակայն հայ ժողովրդին չեն բացատրել, թե ինչու են ուզում Մաքսային միություն մտնել:

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ` սեպտեմբերի 3-ին, շատերի համար անակնկալ, Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց Հայաստանի` Մաքսային միությանը միանալու «պատրաստակամության մասին»:

«Ինչ-որ խոսակցություններ եղան այն մասին, թե դա մեր անվտանգությանից է ելնում, բայց մենք մեր անվտանգության հետ կապված բազմաթիվ խնդիրներ տեսանք, բայց Մաքսային միության անդամ երկրներն իրենց համապատասխան ձևով չդրսևորեցին: Այսինքն՝ մենք այսօր Մաքսային միություն ենք գնում նույնքան չնախապատրաստված, որքան մեկ տարի առաջ էր՝ սեպտեմբերի 3-ին»,- նշում է նա:

Վերլուծաբանի խոսքով՝ Մաքսային միությունը հեռանկար չունի, քանի որ արդեն իսկ շատ խարխուլ ու անիմաստ կառույց է:

«Մենք տեսնում ենք, որ եվրոպական սանկցիաների դեպքում Բելոռուսը և Ղազախստանը Ռուսաստանի հանդեպ չեն ուզում պահպանել մաքսային նույն ռեժիմը: Այսինքն՝ Մաքսային միություն ըստ էության չկա: Հայաստանի անդամակցելը մեկ բացատրություն ունի, որ հայտարարագրում ենք, որ մենք գտնվում ենք Ռուսաստանի ազդեցության դաշտում, ուրիշ ոչինչ»,- ասում է Աղասի Ենոքյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն էր հայտարարել, որ նախատեսվում է Հայաստանի անդամակցության հարցը լուծել հոկտեմբերի 10-ին:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի խոսքով՝ Նուրսուլթան Նազարբաևն իր հայտարարությամբ փորձեց ցույց տալ, որ Ղազախստանը մեծ հաշվով դեմ չէ այդ գաղափարին:

«Մեծ հաշվով Ղազախստանը դեմ չէ, որպեսզի Եվրասիական տնտեսական միությունն ընդլայնվի, պարզապես Ղազախստանը, ինչպես նաև Բելոռուսը փորձում են դիվիդենտներ շահել դրանից: Քանի որ ցանկացած անդամ պետք է իրավահավասար լինի, հասկանալի է, որ նույն Բելոռուսն ու Ղազախստանը խանդում են և շատ հասկանալի պատճառներով ուզում են դիվիդենտներ պոկել դրանից»,- «Մեդիալաբին» ասում է Երվանդ Բոզոյանը:

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցի ձգձգմանն անդրադառնալով՝ քաղաքագետն ասում է, որ դա երկար գործընթաց է: Նա նշում է, որ զարմանում է, երբ կարծիքներ են հնչում, թե այդ հարցը արագ կլուծվի:

«Հայաստանի տնտեսությունն այլ ռեժիմով է աշխատել, ավելի ազատականացված ռեժիմով է աշխատել, և Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալուց հետո բոլորովին այլ ռեժիմ է լինելու, մաքսային խնդիրներ են առաջանալու բազմաթիվ ապրանքների վերաբերյալ: Հասկանալի է, որ սա երկար պրոցես է, Հայաստանը պետք է բանակցի, որպեսզի կարողանա հնարավորինս շատ զիջումներ պոկի»,- ասում է նա:

Մյուս կողմից, Երվանդ Բոզոյանի խոսքով, քանի որ Հայաստանն ընդհանուր սահման չունի ԵՏՄ անդամ երկրների հետ, դա լրացուցիչ բարդացնում է խնդիրը:

«Կարծում եմ՝ դրանով է պայմանավորված ձգձգումը»,- նշում է նա:

Երվանդ Բոզոյանի խոսքով, այս գործընթացը նման է առևտրի:

«Երբ որ դուք ուզում եք տուն գնել, դուք հաստատ մեկ օրում չեք կարողանա գնել: Եթե ուզում եք որակյալ տուն գնել, առնվազն մեկ-երկու ամիս պետք է ման գաք, շուկան ուսումնասիրեք, գներն ուսումնասիրեք: Հիմա Հայաստանը ոչ թե տուն է գնում, այլ ամբողջ տնտեսական դաշտի ապագան է որոշում դրանով, որի մեջ ապրելու է Հայաստանի ժողովուրդը: Այստեղ տնտեսական համակարգի բավական բարդ խնդիր կա: Ես համոզված եմ, որ անցումային փուլում էլ բավական խնդիրներ են առաջանալու, որովհետև իշխանությունները նախ և առաջ պետք է տեղեկացնեն տնտեսական դաշտին, թե ինչ է փոխվելու, մեր տնտեսական դաշտը պետք է ադապտացվի դրան»,- ասում է քաղաքագետը:

Նա միաժամանակ նկատում է, որ պետական չինովնիկները քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ միշտ փորձում են արագացնել գործընթացը, բայց կյանքը թելադրում է ավելի բծախնդիր լինել առաջացած խնդիրների նկատմամբ, ինչին ականատես ենք այսօր:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի վերջին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը պետք է լուծվեր մինչև հուլիսի 15-ը: Սակայն այդ ժամկետում անդամակցությունը տեղի չունեցավ, իսկ գործընթացի ձգձգումը պաշտոնապես բացատրվում է տեխնիկական խնդիրների առկայությամբ:

Մարի Ներսեսյան

© Medialab.am