«Սա խայտառակ մոտեցում է, ոչ մի բանով չարդարացված». Աշոտ Մելիքյանը՝ Ալեն Սիմոնյանի նախաձեռնության մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը

– Պարո՛ն Մելիքյան, այսօր Ազգային ժողովը 72 կողմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց Ալեն Սիմոնյանի հեղինակած օրենսդրական նախագիծը, որով խստացվում է վիրավորանքի ու զրպարտության համար նախատեսված փոխհատուցման չափը: Օրինակ՝ զրպարտության համար` մինչև 10 միլիոն դրամի փոխհատուցում և այլն:

– Առհասարակ հիմա նախագծեր են ընդունվում, որոնք ո՛չ մասնագիտական, ո՛չ իրավական առումով քննության չեն դիմանում: Ամենավատն այն է՝ նրանք ունակ չեն հասկանալու, որ սխալ են թույլ տվել: 

Ուղղակի չեն հասկանում, որ այդ կարգավորումներն ավելի շատ վնաս են տալու, քան օգուտ: Ալեն Սիմոնյանի նախաձեռնությունն ուղղված է վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման հնգապատկմանը: Սա էլ խայտառակ մոտեցում է, ոչնչով չարդարացված: Սա հրահանգ է լինելու դատարաններին, որ վիրավորանքի և զրպարտության համար որքան հնարավոր է բարձր փոխհատուցումներ նշանակեն: 

Հիմա, քանի որ վիրավորանքի համար նախատեսված է մինչև 1 մլն դրամի փոխհատուցում, դատարանները հիմնականում 200-300 հազար դրամի չափով են փոխհատուցում նշանակում, եթե նույնիսկ ապացուցվում է, որ դա վիրավորանք է եղել: 

Իսկ եթե Ալեն Սիմոնյանի առաջարկած նախագիծն ընդունվի նաև երկրորդ ընթերցմամբ, ինչին մենք կտրականապես դեմ ենք, փաստորեն կանաչ լույս կվառվի դատարանների առջև, որպեսզի փոխհատուցումները շատ ավելի բարձր լինեն: 

– Այս նախաձեռնությունը նույնքա՞ն վտանգավոր է, որքան մյուս նախաձեռնությունը՝ ԶԼՄ-ների մասին օրենքի փոփոխության հետ կապված:

– Այո՛: Առհասարակ միայն կոշտացմամբ և պրակտիկ քայլեր չձեռնարկելով խնդիրը չի լուծվի: Ամեն դեպքում իշխանությունները պետք է ավելի շատ աշխատեն, իրենց կառույցները պետք է պատրաստ լինեն հերքումների, պատասխանների և, առհասարակ, լրատվական դաշտը ստուգված տեղեկություններով լցնելով պետք է զբաղված լինեն, ոչ թե սահմանափակումներ մտցնելով:

– Կարո՞ղ ենք արձանագրել, որ մեդիափորձագետները երկու նախաձեռնությանն էլ դեմ են լինելու և ձեր կազմակերպությունը՝ նույնպես:

Մենք ոչ միայն դեմ ենք, այլև հայտարարություններով ենք հանդես եկել այդ կապակցությամբ և համարում ենք, որ այս նախաձեռնություններն առհասարակ պետք է մի կողմ դրվեն, իսկ փաստաթղթերը շրջանառությունից հանվեն: 

– Ընդհանուր առմամբ, խոսքի ազատության սահմանափակումների առումով ի՞նչ իրավիճակ ունենք: Պարբերաբար խոսվում է, որ խոսքի ազատության հանդեպ բավականին հանդուրժող իշխանություն ունենք, մյուս կողմից նշվում է, որ նման սահմանափակումներ են կիրառվում: 

– Առհասարակ, շատ հակասական իրավիճակ է. մի կողմից տեսնում ենք, որ հեռուստաեթերը ողողված է ընդդիմադիր կեցվածք ընդունած հեռարձակող լրատվամիջոցներով, որոնք ուղղակի զբաղված են բնակչության ուղեղի լվացմամբ և մի թիրախ ունեն՝ Նիկոլ Փաշինյանը: 

Անկախության տարիներին մենք այդպիսի իրավիճակ դեռ չէինք ունեցել, և երկրի որևէ ղեկավար չէր հանդուրժի այդպիսի բազմակուսակցական եթեր, որն ուղղված կլինի բացառապես իշխանությունների դեմ: 

Բայց, մյուս կողմից՝ տեսնում ենք, որ իշխանություններն էլ, հանդուրժելով սա, այնուամենայնիվ, քայլ առ քայլ փորձում են մեդիաոլորտը կարգավորող օրենսդրության մեջ փոփոխություններ մտցնել, և դրանք, որպես կանոն, ոչ թե բարեփոխումներ են՝ ուղղված խոսքի ազատության, որակյալ լրատվության զարգացմանը, այլ սահմանափակումներին: 

Ընդ որում, շատ հաճախ խորապես չեն ուսումնասիրվում միջազգային փորձը, միջազգային պահանջներն առհասարակ, մանավանդ որ հաշվի ենք առնում Հայաստանի՝ ԵԽ անդամ լինելը: Իսկ այնտեղ բազմաթիվ հանձնարարականներ կան: 

Բացի այդ, Հայաստանը պարտավոր է հաշվի առնել ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումները: Այս ամենը բավականաչափ չուսումնասիրելով՝ իշխանության ներկայացուցիչներն իրենց պատկերացումներով, իրավիճակը շտկելու իրենց մոտեցումներով են առաջնորդվում:

– ԱԺ-ում քննարկվող մյուս՝ ԶԼՄ-ների վերաբերյալ նախաձեռնությունն ի՞նչ վտանգներով է հղի:

– Նախ՝ անանուն աղբյուրների վերաբերյալ սահմանափակումն ամենևին էլ համաչափ չէ, և միջազգային պրակտիկայում էլ այդպիսի սահմանափակումներ չեն կիրառվում: Մանավանդ, հաշվի առնենք, որ դա համաշխարհային բնույթ ունեցող խնդիր է:

Բոլորս հասկանում ենք, որ անանուն աղբյուրներին կամ, շատ հաճախ՝ գոյություն չունեցող աղբյուրներին հղում կատարելով ապատեղեկատվություն է տարածվում: Մենք տեղյակ ենք, որ ֆեյք լուրերը հենց այդպես են ստեղծվում, բայց, դրա հետ մեկտեղ, անանուն կամ չնույնականացվող աղբյուրին հղում կատարելն արգելելով լուրջ վնաս է հասցվելու նաև որակյալ լրագրությանը: Էլ չեմ ասում, որ, ըստ իս՝ դա լուրջ խոչընդոտ է առաջացնում հետաքննող լրագրության համար: 

Փաստորեն, մենք իրավիճակը շտկելու մղումով ավելի շատ վնաս ենք հասցնում որակյալ լրագրությանը: Սա մենք լուրջ սպառնալիք ենք գնահատում խոսքի ազատությանը և համարում ենք, որ, առհասարակ, կա՛մ պետք է շրջանառությունից հանվի օրինագիծն ամբողջությամբ, կա՛մ էլ այն դրույթները, որոնք նախատեսում են այդպիսի անհամաչափ սահմանափակումներ:

Ինչ վերաբերում է տուգանքներին, ապա դա ածանցյալ հարց է: Եթե այս պահանջը շրջանառությունից դուրս գա, բնականաբար, դուրս կգան նաև փաթեթում ներառված վարչական իրավախախտումների վերաբերյալ փոփոխությունները: 

Բայց այդ երկուսն իրար հետ, մանավանդ հաշվի առնելով այդ սահմանափակումների խախտումների համար նախատեսված տուգանքը, և՛ հայաստանյան մի շարք օրենսդրական պահանջների են հակասում, և՛ միջազգային նորմերին, հատկապես Եվրոպական դատարանի որոշումներին: 

Ընդ որում, այնտեղ շատ կոնկրետ ֆիքսված են այն չափերը, և նույնիսկ դատարանին տեղ չէր թողնում, որ դրանից քիչ տուգանք նշանակի: Զրպարտության և վիրավորանքի դեպքում սահմանվում է մինչև 1 մլն դրամ կամ մինչև 2 մլն դրամ, այսինքն՝ կարելի է նաև տուգանք նշանակել 100-200 հազար դրամ: 

Իսկ այստեղ ֆիքսված է, որ 500 հազար պետք է մուծվի խախտման համար, իսկ կրկնվելու դեպքում՝ 1 մլն: Էլ չեմ ասում, որ դա կարող է և՛ լրագրողի, և՛ լրատվամիջոցի ֆինանսական վիճակի վրա ազդել: Այստեղ էլ անհամաչափության խնդիր կա:

– Իսկ արդյոք իշխանությունն իր առջև դրված խնդիրը լուծո՞ւմ է այս նախագծերով: Այսինքն՝ կարողանալո՞ւ են իրական պայքար մղել ֆեյքերի ու ֆեյք լուրերի դեմ:

– Այսօրվա տեխնոլոգիաների պայմաններում դրանով հարցը չի լուծվելու: Ուղղակի, ըստ երևույթին, իրենք պատկերացնում են այնպես, որ անանուն կամ չնույնականացվող աղբյուրներից, նույն Mediaport-ից լրատվամիջոցը լուրը կվերցնի՝ առանց նրան հղում կատարելու, և կօգտագործի որպես սեփական ինֆորմացիա և պատասխանատվություն կկրի դրա համար: 

Բայց, կարծում եմ, որ կարող է լինել հակառակ պրոցեսը, օգտատերերը էլ ավելի մեծ հետաքրքրություն ցուցաբերեն նմանատիպ աղբյուրների նկատմամբ, և կարող է հոսք լինել դեպի այդ աղբյուրները՝ մինչև վերջ չվստահելով լրատվամիջոցներին: Առհասարակ, երբ ինչ-որ մի բան արգելում ես, այն ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնում: 

Մանե Հարությունյան

MediaLab.am