«Ադրբեջանն ի վիճակի չէ նոր պատերազմ սկսելու, ինչքան էլ հիմա խոսում են այն մասին, որ հաղթել են, նրանք ևս լուրջ կորուստներ են ունեցել»․ թուրքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը

Պարո՛ն Իսպիրյան, Թուրքիան ու Ադրբեջանը պարբերաբար հակահայկական հայտարարություններով են հանդես գալիս։ Հայտարարվում է, որ Հայաստանին կստիպեն Սյունիքով միջանցք բացել իրենց ցամաքային կապի համար։ Ի՞նչ զարգացումներ են այս փուլում տեղի ունենում, հայտարարությունները կարո՞ղ վերածվել ագրեսիվ գործողությունների։

– Ադրբեջանը պատերազմում հաղթել է, Հայաստանը բավական ծանր կացության մեջ է հայտնվել։

Եվ դատելով մեր երկրում կատարվող գործընթացներից, տարբեր պետական հիմնարկների, այսպես ասած, ոչ նորմալ աշխատանքից, իրենք այդ ամենը հասկանալով, որ Հայաստանի ներսում պետական կառույցները չեն գործում այնպես, ինչպես պետք է գործեն, հայ հասարակությունը բարոյական անկման մեջ է, իրենք փորձում են հոգեբանական ճնշումներով ստիպել՝ գնալ ավելի շատ զիջումների։

Մենք գիտենք, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթով, ըստ վարչապետի, կա տրանսպորտային հանգույցների ապաշրջափակման մասին կետ։ Սյունիքով ճանապարհը հենց դրա հետ է կապված։

– Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից կան հայտարարություններ, որ դա միջանցք է, բայց ՀՀ ԱԳՆ-ն պնդում է, որ որևէ միջանցքի մասին խոսք լինել չի կարող։

– Մենք ոչ մեկս տեղյակ չենք, թե իրականում ինչի՛ մասին է խոսք։ Այդ մասին միայն ստորագրողները գիտեն։ Այն, որ իրենք հայտարարում են՝ մենք ուժով կմտնենք, կբացենք միջանցքը, այդ հայտարարությունները հենց ունեն հոգեբանական ճնշման նպատակ թե՛ հայ հասարակության, թե՛ նաև իշխանությունների վրա։

– Այսինքն՝ հոգեբանական ճնշման փորձերից նաև այլ վտանգ չե՞ք տեսնում։ Շատ է շրջանառվում այն տարբերակը, որ պատերազմը կարող է վերսկսվել։

– Ադրբեջանն ի վիճակի չէ այս պահին նոր պատերազմ սկսելու, ինչքան էլ հիմա խոսում են այն մասին, որ հաղթել են։ Պատերազմում նրանք ևս մեծ ու լուրջ կորուստներ են ունեցել։ Իրենց ամբողջ բանակը նետված է եղել փոքր Արցախի դեմ պատերազմին, և այնպես չէ, որ իրենք շատ լավ վիճակում են և կարող են հանգիստ նոր պատերազմ սկսել։

Ես այս փուլում մանավանդ Հայաստանի տարածքի դեմ Ադրբեջանի կողմի պատերազմի սանձազերծման հավանականությունը շատ ցածր եմ համարում։

Իսկ Թուրքիայի կողմից կարո՞ղ են ագրեսիվ գործողություններ լինել։

– Թուրքիայի կողմից առավել ևս չեն կարող գորոծողություններ լինել, որովհետև Հայաստանի տարածքն այս պահին դե ֆակտո և դե յուրե Ռուսաստանն է պաշտպանում, փաստացի դա այդպես է։

Եվ հարձակվել Հայաստանի վրա՝ նշանակում է հարձակվել նաև Ռուսաստանի վրա։ Այս պահին Ռուսաստանն այդքան թույլ չէ, որ Հայաստանին մենակ թողնի, ասի՝ ավելի լավ է չխառնվեմ։ Եվ դա հասկանում են թե՛ Ադրբեջանում, թե՛ Թուրքիայում։ Պարզապես սա նյարդերի պատերազմ է, թե ում նյարդերը տեղի կտան։

– Սյունիքի տարածքները խլելու միտում նկատվո՞ւմ է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից։

– Եթե խոսքը սահմանազատման մասին է, տեսնում ենք, որ այս՝ ինչ-ինչ զարգացումներ կան։ Իսկ ճանապարհային միջանցքի մասին մենք տեղեկություն չունենք, որ հատուկ միջանցք է լինելու։

Ամեն դեպքում մենք գիտենք, որ այս ճանապարհը պետք է հսկեն ռուս խաղաղապահները։ Թե ի՛նչ ճանապարհ է գործելու, դա միայն վարչապետը գիտի։

– Թուրքիան ու Ադրբեջանը շարունակական համատեղ զորավարժություններ են անցկացնում։ Ի՞նչ նպատակ են հետապնդում դրանք։

– Ընդհանրապես զորավարժություններն ունեն գլխավոր և ածանցյալ նպատակներ։ Գլխավոր նպատակը սեփական ռազմական ուժերի պոտենցիալի ստուգումն է։

Երկրորդ՝ դա հակառակորդին վախեցնելու նպատակ ունի, մկանների ցուցադրություն է։ Այս պարագայում երկրորդ նպատակն են իրենք առաջին պլան տանում, ոչ թե զորքերի մարտունակությունն են ստուգում, այլ փորձում են հակառակորդի վրա հոգեբանական ճնշում գործադրել։

Թուրք-ադրբեջանական զորավարժությունները ներկայումս տեղի են ունենում մեր սահմանից բավական հեռու՝ Սպարտա քաղաքում։ Դրանից առաջ անցկացնում էին Կարսում։ Այսինքն՝ էլի կլինեն համատեղ զորավարժություններ։

– Ի՞նչ քայլեր պետք է արվեն Հայաստանում՝ այս ամենին դիմագրավելու համար։

– Հայաստանին ոչինչ չի մնում անել, քան պաշտպանվել։ Մենք մեր անվտանգությունն ու պաշտպանունակությունը պետք է բարձրացնենք։ Թուրքիայի խորքում անցկացվող զորավարժությունները միանգամից չեն վերաճի պատերազմի։ Մենք պետք է ուժեղացնենք մեր անվտանգության համակարգը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am