Արցախի ՄԻՊ-ը կոչ է արել պաշտոնյաներին զսպվածություն ցուցաբերել տեղահանվածների հետ շփումերում

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մեր հասարակության համար այս դժվարին ժամանակներում խիստ անհրաժեշտություն է մարդկանց, մանավանդ տեղահանված, հարազատի կորստի ցավով ապրող քաղաքացիների նկատմամբ հոգատար ու սրտացավ վերաբերմունքը:

Ցավն այնքան խորն է, որ մարդիկ գիտակցված կամ անգիտակցաբար երբեմն կարող են տրվել էմոցիաների, ցուցաբերել զգացմունքային վարքագիծ, ինչը բնական է:

Նման իրավիճակում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պետք է աշխատեն առավելագույն զսպվածությամբ, բարեկրթությամբ և արհեստավարժությամբ՝ ի սպառ բացառելով ոչ պատշաճ վերաբերմունքի ցանկացած դրսևորում:

Երեկ Ստեփանակերտ քաղաքում տեղակայված «Լոտուս» հյուրանոցում բնակեցված՝ տեղահանված բնակիչներին հուզող սոցիալական խնդիրներից զատ, ցավոք, մեր հայրենակիցների կողմից բարձրացվեց այս խնդիրը, ինչը խիստ մտահոգիչ և անընդունելի է։

Կոչ եմ անում պետական և տեղական ինքնակառավարման բոլոր մարմիններին մշտապես հավատարիմ մնալ պաշտոնատար անձանց ծառայողական և արտածառայողական հարաբերությունները կարգավորող վարքագծի կանոններին և առավելագույն զգուշություն ու զսպվածություն ցուցաբերել հատկապես խոցելի խմբերում հայտնված մեր համերկրացիների հետ շփումերում»: