Սոցփաթեթի շահառուները կկարողանան օգտվել նաև մարզասրահներից

Կառավարությունը փոփոխություն կատարեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում, որով սահմանվում է, որ սոցփաթեթի շահառուները կկարողանան օգտվել նաև մարզասրահներից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, նոր որոշմամբ, սոցփաթեթով արդեն գործող ծառայություններին ավելացվում է ևս մեկը՝ մարզա-առողջարարական ու սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից անվճար օգտվելու հնարավորությունը, ինչպես նաև պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի մարումը:

Մինչ այժմ սոցփաթեթը ներառում էր հանգստի ապահովումը ՀՀ-ում և Արցախում, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարումը, ուսման վճարի մարումը, շահառուի և շահառուի ընտանիքի անդամի առողջության ապահովագրության լրացուցիչ ծառայությունների նվազագույն փաթեթի ձեռքբերումը:

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է. ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: