Բաց համամասնականի դեպքում անկանխատեսելի է, թե արդյունքում այդ մանդատն ում է հասնելու. Վարդինե Գրիգորյան

Հեղինակ MediaLab

Այսօր Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որով հանվում է ռեյտինգային ընտրակարգը, և ներդրվում է փակ ցուցակներով պարզ համամասնական ընտրակարգը

Թեմայի շուրջ «Մեդիալաբի»  հարցերին պատասխանում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանը

– Տիկի՛ն Գրիգորյան, արդեն պարզ է, որ  Ընտրական օրենսգիրքը փոփոխվում է, որով վերացվում է ռեյտինգային ընտրակարգը, ներդրվում է փակ համամասնական ցուցակներով ընտրակարգը: Ո՞րն է ձեր կարծիքը փակ համամասնական ընտրակարգի վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ հնչում են տեսակետներ, որ դա կտանի միակուսակցական համակարգի ձևավորման:

– Ես համաձայն չեմ, որ դա կտանի միակուսակցական համակարգի, գործող ռեյտինգայինը ավելի շատ էր հնարավորություն ստեղծում միակուսակցական համակարգի համար, որովհետև եթե հաշվի առնենք, որ տարածքային ցուցակներում ավելի ազդեցիկ մարդկանց ընդգրկելու հնարավորություն ունենում է իշխող ուժը, փաստացի ինքը նաև ընտրում է այն ռեսուրսները, որոնք կօգտագործի քարոզարշավի ժամանակ: 

Եթե դիտարկենք 2017 թ. խորհրդարանական ընտրությունները, այդ ժամանակ իշխող ՀՀԿ-ն նախորդ՝ 2012 թ. ընտրությունների համեմատ 120 հազար ձայն ավելի ստացավ հենց այդ ընտրակարգի շնորհիվ: 

Այդ ընտրակարգի միջոցով ՀՀԿ-ն կարողացավ օգտագործել մարզերում հեղինակություն վայելող և շատ ձայն բերող թեկնածուներին, դրանք համատեղելով մի տեղ, փաստացի ավելի շատ մանդատներ ստացավ, քան ստանում էր նախկինում: 

Այսինքն՝ այս ընտրակարգն իրոք օգնում է գործող իշխանություններին կամ մարզային ավելի շատ ռեսուրսներ ունեցող ուժերին ստանալ ավելի շատ ձայներ անհատների հեղինակության հաշվին, ոչ թե ընդհանուր ծրագրերի ու գաղափարների: 

Մինչդեռ ես կարծում եմ, որ ծրագրային բազմազանությունը շատ ավելի մեծ հնարավորություն է ստեղծում ավելի շատ ուժերի մասնակցության համար: Մենք նույնկերպ կարող ենք տեսնել, թե ՏԻՄ մակարդակում համամասնական ընտրակարգի կիրառումը ինչ արդյունք է տվել: 

Օրինակ՝ Վանաձորում ավագանին 5 քաղաքական ուժերից է բաղկացած, մինչդեռ նախկինում փաստացի բոլորը հանրապետական էին, միայն մեկն էր, որ ընդդիմություն էր: Այսինքն՝ համամասնական ընտրակարգի դեպքում բազմազանության առումով կարող ենք ասել, որ ավելի շատ ուժեր կմասնակցեն: 

– Նշվում է, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունը վերաբերելու է միայն ընտրակարգի փոփոխությանը, իսկ մնացած փոփոխությունները հետաձգվում են: Սա ճի՞շտ մոտեցում եք համարում:

– Ես առաջին անգամ եմ լսում, որ փոխվում է միայն ընտրակարգը, իսկ մնացած փոփոխությունները չեն լինում: Ես տեղյակ եմ, որ առաջնահերթ փոխվում է ընտրակարգը, որպեսզի կուսակցություններն իմանան իրենց ցուցակների ձևավորման մեխանիզմը, իսկ մնացած փոփոխությունները, այնուամենայնիվ, պետք է կատարվեն Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո: 

Թեև այդ փոփոխությունները գերակշռող մեծամասնությամբ չեն կիրառվելու հունիսի 20-ին կայանալիք ընտրությունների ժամանակ, բայց, ամեն դեպքում, դրանց մի մասը կիրառելի կլինի համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրությունների ժամանակ աշնանը, մյուս մասը կսկսի գործել հաջորդ տարվանից: 

Այսինքն՝ կարծում եմ և հուսով եմ, որ փոփոխությունների մնացած փաթեթը ևս պետք է ընդունվի այս խորհրդարանի կողմից այն ժամկետներում, որը նախատեսվում էր: 

Այսինքն՝ կլինեն փոփոխություններ, որոնք ուժի մեջ կմտնեն այս տարի, սակայն դրանք վերաբերելի չեն խորհրդարանական ընտրություններին, վերաբերելի են ՏԻՄ ընտրություններին: 

– Ի՞նչ կտա պարզ համամասնական ընտրակարգով ընտրությունների գնալը:

– Համամասնական ընտրակարգը ենթադրում է, որ կուսակցությունների կողմից ներկայացվում է մեկ համապետական ցուցակ: Սա հնարավորություն է տալիս նրանց մասնակցել այն ռեսուրսներով, որոնք իրենց համար կանխատեսելի են: Փաստացի ամբողջ քաղաքական դաշտը համաձայն էր նրան, որ ռեյտինգային ընտրակարգն ընդունելի չէ և պետք է փոխվի: 

Ես, ճիշտն ասած, չգիտեմ, թե բացի «Լուսավոր Հայաստանից» էլ ով է խոսում բաց համամասնական ընտրակարգի մասին, բայց, իմ կարծիքով՝ բաց համամասնական ընտրակարգը ոչ մի կերպ չէր մեղմացնում կամ լուծում տարածքային ցուցակների խնդիրը, որովհետև փաստացի ոչինչ չի արգելում նույն համապետական ցուցակում բաշխել ըստ մարզերի, ապահովել, որ իրենք քարոզչություն իրականացնեն կոնկրետ իրենց տարածքներում, ապահովել, որ իրենք ձայն բերեն, բայց շատ դժվար է նախատեսել այն մեխանիզմը, որով հետո մանդատներն են բաշխվում: Այսինքն՝ մարդկանց համար անկանխատեսելի է, թե ո՛ւմ են ձայն տալիս, ինչո՛ւ են ձայն տալիս, և, արդյունքում՝ այդ մանդատն ո՛ւմ է հասնելու: 

Իսկ փակ համամասնականի դեպքում ունենք միատարր ցուցակ, որը բաց է, հասանելի է, մարդիկ տեսնում են ցուցակը, այն գաղտնի չէ: Փակ ցուցակ չի նշանակում, որ այն գաղտնի է: 

Այս դեպքում ցուցակը կանխատեսելի է, հերթականությունը կանխատեսելի է, և եթե կուսակցությունը շահագրգռված է, որ ցուցակը լինի ներկայացուցչական, ինքը կապահովի և՛ մարզային ներկայացվածությունը, և՛ սոցիալական տարբեր խմբերի ներկայացվածությունը, և՛ սեռերի ներկայացվածությունը, որպեսզի մարդիկ գտնեն, որ ցուցակում կան իրենց համար աշխատող պատգամավորներ: 

Այստեղ շատ ավելի ծրագրային կլինի մոտեցումը, քան բաց ցուցակի դեպքում: Իմ կարծիքով՝ բաց ցուցակի դեպքում նաև քվեարկության պրոցեսն է ավելի բարդանում, որովհետև մենք տեսանք, որ և՛ 2017-ին, և՛ 2018-ին մարդիկ չէին հասկանում՝ ինչպես են քվեարկում, ինչ են քվեարկում: 

Եթե ելակետը պետք է լիներ ընտրել կուսակցությունը, հետո ընտրել այդ կուսակցությունից թեկնածու, հիմնականում գնում էին ընտրելու՝ կոնկրետ իմանալով թեկնածուին, ու արդյունքում ստացվում էր, որ քվեարկել են նաև կուսակցության օգտին: 

Շատ դեպքերում բուն քվեարկությունը մարդկանց պարզ չէր լինում, և ամենաշատ կուտակումները լինում էին քվեախցիկի մոտ, որտեղ մարդիկ շատ երկար փորձում էին հասկանալ՝ ում են քվեարկում, փնտրում էին այն մարդու անունը, որին պետք է քվեարկեին: 

Պատկերացրեք, որ տարածքային ցուցակներում առնվազն 13 անուն էր, իսկ բաց համամասնականի դեպքում առաջարկվում է առնվազն 30 հոգու, դա նշանակում է, որ եթե ընտրություններին մասնակցում է, ենթադրենք՝ 10 կուսակցություն, ընտրողներին տալիս են 300 անձից բաղկացած ցուցակներ, և ընտրողը քվեախցիկում պետք է որոշում կայացնի, թե ում է քվեարկում: 

Դա, կարծում եմ, հատկապես քովիդի պայմաններում, աննկարագրելի հերթեր կառաջացնի, և քվեարկության պրոցեսը շատ կբարդացնի: 

Մանե Հարությունյան

MediaLab.am