«Ընտրողը պետք է գիտակցի, որ իր ապագայի բանալին իր ձեռքում է, իսկ դա իր ձայնն է». «Քայլ արա»՝ այլընտրանքային քարոզարշավ

«Ընտրողը պետք է գիտակցի, որ իր ապագայի բանալին իր ձեռքում է, իսկ դա իր ձայնն է». «Քայլ արա»՝ այլընտրանքային քարոզարշավ
«Ընտրողը պետք է գիտակցի, որ իր ապագայի բանալին իր ձեռքում է, իսկ դա իր ձայնն է». «Քայլ արա»՝ այլընտրանքային քարոզարշավ

«Որդան կարմիր» ռոք խումբը այս օրերին աննախադեպ շրջիկ համերգ-տուր է անցկանցում Հայաստանի մարզային հինգ քաղաքներում, որը կրում է «Քայլ արա» խորագիրը։  Համերգի նախաձեռնությունը MediaLab.am կայքին է։ «Քայլ արա» խորագրով համերգների նպատակը քաղաքացիներին հիշեցնելն է, որ յուրաքանչյուրից է կախված, թե ինչ երկրում կապրեն վաղը։
«Մի վախեցիր, քայլ արա,- մարզերի բնակիչներին կոչ են անում «Որդան կարմիրը»,-մերժի՜ր ընտրակաշառքը»։

«Ընտրողը պետք է գիտակցի, որ իր ապագայի բանալին իր ձեռքում է, իսկ դա իր ձայնն է: Դրանով է մարդը կերտելու իր ապագա տարիների կյանքը, այդ մի քայլով, այդ մի ձայնով»,-ասում է խմբի վոկալիստ Վահան Պողոսյանը:

Մինչ քաղաքներում տարբեր քաղաքական ուժեր ակտիվ քարոզարշավ են տանում,  բազում խոստումներ շռայլում եւ ձայների գնման տարբեր սակագներ սահմանում, Աշտարակ, Գյումրի, Սպիտակ, Վանաձոր, Դիլիջան քաղաքների բնակիչները այլընտրանքային քարոզարշավի հնարավորություն ունեն։

13 մետր երկարությամբ  բեմի վերափոխված բեռնատարը մի բնակավայրից մյուսն է գնում՝՝ տանելով տարբեր ուղերձներ։

«Մենք ապշած ենք, հիացած ենք, երբեւէ չէինք պատկերացնի, որ  Սպիտակում կարող ենք նման համերգ ունենալ եւ «Որդան կարմիրի» նման խմբին կենդանի ձայնով լսել։ Շատ հզոր է»,-ասում է Սպիտակի համերգին ներկա գտնվող երիտասարդ աղջիկներից մեկը։

Ռոք երաժշտությունը, որն ըմբոստության և ազատության խորհրդանիշն է ամբողջ աշխարհում, զուգակցվելով իրականությունը պատկերող ծաղրանկար-թռուցիկներով, որոնք երաժիշտները հանդիսատեսի ուղղությամբ են նետում համերգի վերջում, մարդկանց ազատության եւ արժանապատվության համար պայքարելու ուղերձներ են հղում։

Համերգները հետաքրքիր արձագանք են գտել Աշտարակում, Գյումրիում, Սպիտակում:

Վերջին երկու համերգները կկայանան մարտի 13-ին՝ Վանաձորում և մարտի 14-ին՝ Դիլիջանում։ Համերգների սկիզբը ժամը 18:00-ն է։

«Որդան կարմիր» ռոք խմբի վոկալիստ Վահան Պողոսյանն ասում է, որ նման ակցիան կարևոր է նրանով, որ իրենք հնարավորություն ունեն անմիջական շփման միջոցով ասել՝ պետք է համարձակ լինել:

«Կանգնում ու ընտրողին ասում ես՝ պետք է համարձակ լինեք, չվախենաք,  պետք է դուք կերտեք ձեր ապագան, պետք է դուք անեք ընտրություն և իրեն քո երգերի էներգետիկայի միջոցով հույս ու հավատ ես տալիս, որ կարելի է օգտագործել ձայնը: Իսկ ձայնը դա մեր միակ պայքարի միջոցն է: Այսօր, եթե մենք գոնե այս ընձեռնված հնարավորության շնորհիվ մասնակից չլինենք քաղաքական գործընթացներին, ուրեմն հետագայում ոչինչ չենք կարողանա պահանջել»,- ասում է Վահան Պողոսյանը:

Ռոզա Հովհաննիսյան

Լուսանկարը՝ Վահե Գեւորգյան

MediaLab.am