ԲԴԽ նախագահի նկատմամբ հետապնդման գործընթաց չի իրականացվում, փաստեր չկան. իրավաբան

Հեղինակ MediaLab

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավաբան Գևորգ Գյոզալյանը

– Պարո՛ն Գյոզալյան, Բարձրագույն դատական խորհրդի նախագահը կասկածյալ է քրեական գործով: Երեկ շատ արագ ԲԴԽ-ն նիստ գումարեց և որոշեց կասեցնել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները: Դուք այդ գործընթացի մեջ հետապնդման տարրեր տեսնո՞ւմ եք:

– Չէ՛, բացարձակ հետապնդման տարրեր չկան: Այսինքն՝ ես հիմք չունեմ կարծելու, որ այդ գործում հետապնդման տարրեր կան, առնվազն այդ պահի դրությամբ:

Բայց կարծես թե այդ մասին փաստ էլ չկա, ուղղակի միայն ենթադրություններ են, թե քանի որ տվյալ անձնավորությունը ժամանակին քաղաքական հայտարարություն է արել, ահա տեսեք՝ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

Որպեսզի պնդենք, որ Վարդազարյանի նկատմամբ անօրինական հետապնդումներ են իրականացվում, մեր ձեռքի տակ պետք է փաստեր ունենանք: Այս պահի դրությամբ պետք է արձանագրենք, որ այդ մասին որևէ փաստ չկա: Եթե պարոն Վարդազարյանը հրապարակի այդ փաստերը, դրանից հետո հնարավոր կլինի ուսումնասիրել և հասկանալ՝ անօրինական հետապնդո՞ւմ է, թե՞ բնականոն գործընթաց:

– Բայց էնպես չէ, որ փաստեր են հրապարակվում նրա, այսպես ասած՝ հանցակցության մասին: Միայն հայտնի է, որ ԱԱԾ փոխտնօրենն է ներկայացրել հաղորդում իր՝ դատավոր եղած ժամանակ ինչ-որ դեպքի մասին: Դուք սա տարօրինակ չե՞ք համարում:

– Դե, դա նորմալ գործընթաց է: Նախաքննության փուլ է, նախաքննության գաղտնիքի ռեժիմով է իրականացվում: Այս դեպքում խոսքը բարձրաստիճան պաշտոնյայի մասին է, և բնական է, որ այդ տեղեկությունները դեռևս չպետք է դառնան հանրության սեփականությունը, քանի դեռ այդ քննությունն իրականացվում է:

Միևնույն ժամանակ պետք չէ բացառել, որ նախաքննական մարմինը որոշի քրեական գործի վարույթը կարճել՝ հանցադեպի բացակայության հիմքով, կամ գործը գնա դատարան, դատարանն այն կարճի: Պատկերացնո՞ւմ եք՝ եղած տեղեկությունները դառնան հանրության սեփականությունը: Դա անխուսափելիորեն կվնասի տվյալ սուբյեկտի հեղինակությանը: Ամեն դեպքում, անձը պետք է պաշտպանված լինի: 

– Այդուհանդերձ, պարո՛ն Գյոզալյան, հանրության մի հատվածի մոտ հիմքեր կան կարծելու, որ Վարդազարյանի նկատմամբ հետապնդումն իրականացվում է նոյեմբերի 15-ի իր հայտնի հայտարարության համար: Հետո ԲԴԽ է գործուղվում Գագիկ Ջհանգիրյանը, և այս նախագահին հեռացնելուց հետո նա ստանում է ԲԴԽ նախագահի լիազորությունները: Դեպքերի նման զարգացումը տարօրինակ չե՞ք համարում:

– Մեծ հաշվով, դրա վերաբերյալ քաղաքական գնահատականներ կարող են հնչել, ես էլ կարող եմ ունենալ իմ կարծիքը դրա վերաբերյալ: Ընդհանուր առմամբ, Ռուբեն Վարդազարյանն արդեն սկսել էր քաղաքականությամբ զբաղվել՝ ի հեճուկս իր պաշտոնի:

Բայց եկեք ես իրավական տեսանկյունից բացատրեմ. նորմալ գործընթաց է տեղի ունեցել, օրենքը ավելի քան հստակ է, և անգամ եթե փորձենք դավադրության տեսությունների հետևից ընկնել, ապա ԲԴԽ նախագահը, մեծ հաշվով, վարչական գործառույթներ իրականացնող անձ է, և եթե ԲԴԽ անդամները պատկերացնում են՝ ինչ պաշտոնի են նրանք, ապա որևէ նախագահ չի կարող նրանց կաշկանդել որևէ գործունեություն իրականացնելիս:

Այսինքն՝ եթե մարդը, այս դեպքում՝ ԲԴԽ անդամը, անկաշառ է, պրոֆեսիոնալ, ապա կապ չունի՝ ո՛վ է ԲԴԽ նախագահը: Բայց եթե մարդիկ հակված են ծառայել ԲԴԽ նախագահին ու առաջնորդվում են Սովետից եկած մոտեցմամբ, ապա, այո՛, այդ պարագայում խնդիր կարող է լինել: Այնպես որ, այստեղ ես խնդիր չեմ տեսնում:

– Իսկ դուք խնդիր տեսնո՞ւմ եք դատաիրավական բարեփոխումների իրականացման գործընթացում: Օրինակ՝ ՀՀ նախագահը տեսել էր և Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն ուղարկել էր ՍԴ:

– Նախագահն իր լիազորություններն է իրացրել: Իրականում ես այդ փոփոխություններում խնդիր տեսնում եմ: Ես կարծում եմ, որ կարգապահական գործերով վարույթ հարուցող մարմինը և գործը քննող մարմինը պետք է տարբեր լինեն: Այսպես, կարծում եմ՝ արդյունավետ կլինի: 

– Շատերը խնդիր էին համարել ԲԴԽ-ի լիազորությունների ընդլայնումը և դատավորների սահմանափակումը, ինչը նախատեսվում էր հենց այդ օրինագծով:

– Դե, սպասենք, տեսնենք՝ Սահմանադրական դատարանն ի՛նչ որոշում կկայացնի: Բայց ես, ասում եմ՝ խնդիրներ տեսել եմ, բայց արդյոք դա հակասո՞ւմ էր Հայաստանի Սահմանադրությանը: 

– Ըստ ձեզ՝ ինչո՞ւ է դատաիրավական բարեփոխումների գործընթացը, որը նախաձեռնել էին իշխանությունները, անընդհատ նման խոչընդոտների հանդիպում, սահուն չի ընթանում:

– Ես ինչ հիշում եմ՝ բոլոր իշխանությունները դատաիրավական բարեփոխումներ են իրականացրել: Բոլորը: Այդ գործընթացը մի ժամ չի կանգնել: Բայց բարեփոխում- բարեփոխում են, արդյունքը ստացվում է շատ ավելի վատ: 30 տարի է անցել, բայց մենք դեռ բարեփոխում ենք:

Բայց այստեղ հռետորական հարց է առաջանում. լավ, այդ բարեփոխումների տրամաբանական ավարտը ե՛րբ է լինելու, ե՛րբ եք դուք ասելու՝ բարեփոխեցինք, ավարտեցինք, և համակարգը հիմա պետք է աշխատի:

Բոլոր իշխանությունները եկել են, կարծել են՝ իրենցից խելոքը չկա, ու հիմնահատակ ավերել են այդ ոլորտը: Սկսած Ռոբերտ Քոչարյանի ժամանակաշրջանից վերջացրած պարոն Փաշինյանի ժամանակաշրջանով: 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am