ՍԴ նախագահն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: 

ՍԴ-ից տեղեկացնում են, որ Արման Դիլանյանը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների մակարդակը և ընդգծել է, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի կարևորագույն միջազգային գործընկերներից մեկը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում։ 

Նշվում է, որ դեսպան Լաքոտը պատրաստակամություն է հայտնել հայ-ֆրանսիական երկկողմ իրավական հարաբերությունների շարունակական ամրապնդմանը ու միջդատարանական հետագա փոխգործակցության զարգացմանն աջակցելու հարցում: 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են իրավունքի գերակայության և սահմանադրական արդարադատության ոլորտներում հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Երկուստեք կարևորվել են Հայաստանի Սահմանադրական դատարանի և Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի միջև բարեկամական կապերի հետագա զարգացումը և ամրապնդումը: