Համատարած կեղծիքի մեջ ենք, ազնվությունը կարելի է որոնել բացառապես լուսանցքային ուժերի մեջ. Միքայել Հայրապետյան

Լուսանկարը՝ «Ֆակտոր»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը

– Պարո՛ն Հայրապետյան, Ռոբերտ Քոչարյանը կգլխավորի «Վերածնվող Հայաստանի» և ՀՅԴ-ի նախընտրական դաշինքը։ Ռոբերտ Քոչարյանը գնում է ընտրությունների Դաշնակցության և Սյունիքի «կլանի» հե՞տ։

– «Որտեղ սկիզբն էր, այնտեղ էլ կլինի վախճանը»՝ ասում է Ավետարանը: Իսկ Սյունիքինը ոչ մի կերպ կլան չի կարելի անվանել:

Ռուսաստանը պարզապես մեր պատմությունից դաս է առել, մենք՝ ոչ: 1920-21 թթ. Սյունիքը ծնեց Նժդեհի անհավանական դիմադրությունն ու հաղթանակը՝ ջարդելով մինչ այդ անպարտելի կարմիր բանակը. հիմա ճեղքը նախապես են փորձել փակել:

– Սյունիք այցի ժամանակ մենք տեսանք, թե ինչպես մի խումբ քաղաքացիներ հայհոյեցին, վիրավորեցին վարչապետին։ Հիմա, երբ արդեն հայտարարվեց այս դաշինքի մասին, կարո՞ղ ենք արձանագրել, որ Սյունիքում տեղի ունեցածը կազմակերպված էր։

– Քաղաքացու իրավունքն է վարչապետին ընդունել-չընդունելը, նույնիսկ վիրավորելն ու հայհոյելը: Կարո՞ղ էր՝ թող վարչապետը կազմակերպեր արհեստական ծափողջույններ, ինչպես որոշ մարզերում հաջողել էր: Համատարած արհեստականության, կեղծիքի մեջ ենք:

– Ինչքանո՞վ է այս ամենը ազնիվ քայլ քաղաքականության մեջ։

– Հայաստանյան քաղաքականության մեջ ազնվությունը կարելի է որոնել բացառապես լուսանցքային ուժերի մեջ: Ռուսաստանից նշանակված իշխանության և Ռուսաստանից նշանակված ընդդիմության մեջ մոլորություն է բարոյականության տարրեր փնտրելը:

– Պարո՛ն Հայրապետյան, ի վերջո, Տեր-Պետրոսյանն Ազգային համաձայնության դաշինք էր առաջարկում Սերժ Սարգսյանին և Քոչարյանին, սակայն մերժում ստացավ։ Ինչպե՞ս եք գնահատում նման առաջարկը։

– Հոյակապ առաջարկ էր՝ կանխատեսելի հետևանքով: Ըստ էության, նախկին նախագահներն այսօր էլ այս կամ այն կերպ գրավել են քաղաքական դաշտը. Հայաստանի Հանրապետության քաղաքական ժամացույցը կանգ է առած:

– Քոչարյանը հրավիրել է հանրահավաք Ազատության հրապարակում, նույն հրապարակում, որտեղ տարիներ առաջ հանրությունը դուրս էր եկել նրա կողմից կազմակերպված կեղծված ընտրությունները վիճարկելու, և գիտեք, թե ինչ ելք ունեցավ այն։ Հանրությունը հնարավո՞ր է համախմբվի նրա շուրջ, թե՞ դա կլինի ֆանտաստիկայի ժանրից։

– Ոչ միայն գիտեմ, թե ինչ ելք ունեցավ, այլև սեփական մաշկիս վրա եմ զգացել այդ ելքը: Հիշում եմ նաև, որ 1965 թ.-ից Ազատության սրբազան հրապարակը պարոն Քոչարյանի և իր գավառական ներքին գործերի նախարարի խոսքում Թատերական հրապարակ էր: Եթե անգամ առաջինը մոռանամ, ապա երկրորդը, որ հոգևոր ոլորտին է վերաբերում, մոռանալ չեմ կարող: Մոռանալ չի կարող նաև մեր հանրությունը. մեր հանրությունը ղրղըզ Այթմատովի թյուրքական մանկուրտը չէ:

Մանե Հարությունյան

MediaLab.am