«Փաշինյանին ձեռնտու է նման ընդդիմությունը, որովհետև միայն այդ պարագայում է հնարավոր իշխանության վերարտադրությունը». վերլուծաբան

Լուսանկարը՝ «Ֆակտոր»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է վերլուծաբան Արեգ Քոչինյանը

– Պարո՛ն Քոչինյան, ինչպե՞ս եք վերաբերվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ձևավորմանը, որի կազմում են ընդգրկված «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները։ 

– Ըստ էության, այն մի նոր սպառնալիք է՝ կախված հայ ժողովրդի և Հայաստանի պետականության գլխին։ Այս դաշինքը՝ որպես սպառնալիք ՀՀ-ի համար, ես դասում եմ կորոնավիրուսի և Արցախյան պատերազմում կրած մեր պարտության շարքին, որովհետև հենց այս դաշինքն եմ համարում Հայաստանի ինքնիշխանությանը, օրենքի գերակայությանը, ժողովրդավարական արժեքներին ուղղված գլխավոր սպառնալիք՝ հանձին այդ դաշինքի ղեկավարի։ 

Թեմայի վերաբերյալ գնահատականը մի փոքր ընդլայնելով՝ հարկ է նշել, որ այս ամենի թիվ մեկ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։ Բացառապես նրա վարած ապաշնորհ քաղաքականության հետևանքով է, որ Ռոբերտ Քոչարյանը բանտախցում լինելու փոխարեն հանրահավաքներ է կազմակերպում ու դաշինք ստեղծում։

– Այս առումով, փաստորեն, համակարծի՞ք եք Ռոբերտ Քոչարյանի այն պնդմանը, որ այս իշխանությունն է իրեն վերադարձրել ակտիվ քաղաքականություն, որ ինքը երբեք չի մտածել, թե նորից կվերադառնա քաղաքականություն։

– Ո՛չ, համակարծիք չեմ։ Չեմ հավատում, որ նա երբեք չի մտածել մեծ քաղաքականություն վերադառնալու մասին, բավական է հիշել միայն Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հաշվարկը, որի համաձայն Սարգսյանը չորս տարի պետք է պաշտոնավարեր, այնուհետև Քոչարյանին փոխանցեր իշխանությունը: 

Այլ հարց է, որ նրան (կներեք բառի համար, ուղղակի իրենց բառապաշարով պետք է ասեմ) «քցեցին», իսկ քանի որ նա մաֆիոզ կերպար է, երբևէ չի ընդունելու, որ ինչ-որ մեկը կարողացել է իրեն քցել։ 

Ինչ վերաբերում է այս իշխանությունների կողմից իրեն քաղաքականություն վերադարձնելուն, հարկ է նշել, որ իրեն ոչ ոք քաղաքականության մեջ չի ներքաշել։ Իր կատարած մեղքերի համար արդարադատությունն է, այսպես ասած, իր դուռը թակել, և ինքը դրանից հետո իրեն հայտարարեց ընդդիմություն։ 

Իր «քաղաքականություն վերադառնալը», ըստ էության, չունի քաղաքական պատճառներ, այն ունի արդարադատությունից խուսափելու միտում, ու, եթե, ինչին ես չեմ հավատում, նրան հաջողվի դառնալ իշխանություն, իշխանություն վերցնելու ֆենոմենը ևս չի համարվելու քաղաքական, որովհետև նա այդ իշխանությունը վերցնում է իր հարստահարությունները շարունակելու և նմանատիպ այլ նպատակներով, բայց ոչ այն նպատակներով, որոնք ինքը թվարկում է։ 

Բայց, հուսով եմ՝ հասարակությունն ունի բավարար հիշողություն և գիտի՝ ում հետ գործ ունի, չնայած ցավալի է, որ 2018 թվականից հետո մենք կրկին մնացինք հասարակության կազմակերպվածության հույսին, երբ երեք տարի ունեինք՝ այդ մարդկանց իրավական գնահատական տալու համար։

– Դուք նշում եք Ռոբերտ Քոչարյանի հարստահարությունների և այլնի մասին, բայց այդ ամենի ապացույցները հասարակությունն այդպես էլ չտեսավ, պարո՛ն Քոչինյան։ Այս համատեքստում կխնդրեմ ասեք՝ արդյոք համակարծի՞ք եք այն տեսակետներին, որ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության «մաքրեց» Ռոբերտ Քոչարյանին այդ մեղադրանքներից, այդ թվում՝ «Մարտի 1»-ի գործից՝ նրան դարձնելով քաղաքական ակտիվ գործոն։ Նիկոլ Փաշինյանին ձեռնտո՞ւ է ունենալ ընդդիմություն՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի և մյուս, ինչպես Փաշինյանն է ասում, նախկինների։

– Համաձայն չեմ, որ «մաքրեց» այս մարդկանց, Նիկոլ Փաշինյանն ուղղակի տապալվեց այս մարդկանց արդարադատության դաշտ բերելու գործում, նա նաև տապալեց արդարադատության վերականգնումն Հայաստանում ընդհանրապես։ 

Այսինքն՝ այս մարդիկ մաքրված չեն, նրանք ընդամենը ևս մեկ անգամ հաղթել են Հայաստանում արդարադատությանը։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանին ձեռնտու է նմանատիպ ընդդիմություն ունենալը, որովհետև միայն այդ պարագայում է հնարավոր Փաշինյանի իշխանության վերարտադրությունը, բայց ճանաչելով այս իշխանությանը, դրա կրողների պոտենցիալն ու պոտենցիալի բացակայությունը՝ ես մտավախություն ունեմ, որ իրենք խաղալով այս ուժերի հետ, նրանց որպես ընդդիմություն ներկայացնելով, կարող են ոչ թե իրենք այրվել, այլ մեզ բոլորիս այրել։ 

Այսինքն՝ այս թիմում չկա գոնե մեկը, անգամ Նիկոլ Փաշինյանը, որ կկարողանա կանխել Ռոբերտ Քոչարյանից եկող վտանգը։ Ընտրելով այս ընդդիմությանը, փորձելով նրանց դեմքով վերարտադրվել՝ Փաշինյանի թիմը խաղում է կրակի հետ։

– Ձեր խոսքի սկզբում նշեցիք, որ նորաստեղծ դաշինքը սպառնալիք է Հաաստանի համար, բայց շատերն էլ գրեթե նույնն ասում են գործող իշխանության մասով, այդ մասին ասել էր նաև առաջին նախագահը։ Այս իրավիճակում հասարակությունն ի՞նչ անի, ինչպե՞ս կողմնորոշվի՝ ո՞ւմ ընտրել։

– Այս իրավիճակի ստեղծումը, որ, կարծես, մեզ դեմ են տվել պատին, և պետք է ընտրենք Ռոբերտ Քոչարյան կամ Նիկոլ Փաշինյան, այս երկընտրանքն ինքնին այդ երկուսի գործունեության հետևանքն է, նրանց ցանկությունների մարմնավորումն է, նրանց հարմար սցենարն է։ 

Բայց ես համաձայն չեմ, որ մենք այդ երկընտրանքի առաջ ենք կանգնած. այսօր աջ տրամաբանության մեջ գործող թիմեր ունենք, որոնք, հնարավոր է՝ կարողանան իրավիճակ փոխել, և ես կոչ եմ անում աջ ուժերին միավորվել որպես դաշինք և հանդես գալ այլընտրանք, ըստ էության, միևնույն մեդալի երկու երեսներին։ 

Առաջին նախագահի ու մի շարք մտածող այլ մարդկանց գնահատականներին, այո՛, համակարծիք եմ, որ այս իշխանության վերարտադրությունը ոչ պակաս վտանգավոր է Հայաստանի համար, քան իմ նշած նախորդ արհավիրքները։

– Պարո՛ն Քոչինյան, Ռոբերտ Քոչարյանն այնպիսի վստահությամբ է խոսում իրենց հաղթանակի մասին, որ տպավորություն է, թե արդեն գիտի՝ հունիսի 21-ին իր ղեկավարած դաշինքն է հաղթելու արտահերթ խորհրդարանական ընտրություններում։ Այս վստահությունն ինչո՞վ եք պայմանավորում։

– Այդ ինքնավստահությունը որևէ կերպ կապված չէ հասարակության աջակցության հետ, դա կապված է ֆինանսական ռեսուրսների, բիրտ ուժի և արտաօրենսդրական այլ միջոցների կիրառման հնարավորության հետ։ Վստահ եմ, որ Ռոբերտ Քոչարյանը օրենքի շրջանակում հաղթելու շանսեր չունի, հակառակ դեպքում՝ հույս ունեմ, որ իրավապահ մարմինները ունեն հնարավորություն ու կամք, որ կարողանան կասեցնել Քոչարյանի հակաօրինական քայլերը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am