Ադրբեջանը կանխազգալով առաջիկա ընտրություններում Փաշինյանի տապալումը, փորձում է որքան հնարավոր է շատ բան կորզել Հայաստանից․ Լեւոն Տեր-Պետրոսյան

ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ։

«Նկատի ունենալով Հայաստանի սահմանների շուրջ ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը եւ այդ առիթով տեղի ունեցող բողոքի «տարերային» ցույցերը, որոնք իրականում ուղղորդվում են ընտրապայքարի մեջ մտած տարաբեւեռ ուժերի կողմից, հայտարարում ենք.

Միթե՞ ակնհայտ չէ, որ Ադրբեջանը կանխազգալով առաջիկա ընտրություններում Նիկոլ Փաշինյանի վարչախմբի անխուսափելի տապալումը, փորձում է որքան հնարավոր է շատ բան կորզել Հայաստանից։

Ուստի, քանի որ, բողոքի ցույցերը ակնհայտորեն ավելի են թուլացնում Նիկոլ Փաշինյանին, ստացվում է, որ վերը նշված ուժերը նպաստում են Ադրբեջանի ծրագրերի իրականացմանը։

Իսկ դա, իր հերթին, նշանակում է, որ ցույցերի կազմակերպիչներն առաջնորդվում են ոչ թե պետական շահերով, այլ զուտ նախընտրական քարոզարշավի դրդապատճառներով։

Հետեւաբար, այս պահին ընդդիմադիր բոլոր ուժերի նպատակը պետք է լինի ոչ թե ներքին ցնցումների հրահրումը, այլ Փաշինյանի իշխանության պարտությունն առաջիկա ընտրություններում։ Ուրիշ ոչինչ։

Լեւոն Տեր-Պետրոսյան

Երեւան, 21 մայիսի 2021թ.»։