«Բացահայտված աղմկահարույց խախտումներով հնարավոր է իշխանության ձայների մինչև 3,5-րդի կորուստ»․ Ռոբերտ Հայրապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հայաստան» դաշինքի անդամ, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը

– Պարո՛ն Հայրապետյան, ինչպե՞ս եք գնահատում արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկման գործընթացը։ Մասնագետների մի մասը նշում է, որ հայտնաբերված խախտումներն էական նշանակություն չեն ունենալու վերջնարդյունքի վրա։

– Նախ նշեմ, որ «Հայաստան» դաշինքը երեկ դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն նշանակելու պահանջով։

Այդ դիմումում մոտավորապես երեք տասնյակ ընտրախախտումներ են բացահայտված, որոնք էականորեն ազդել են ընտրությունների ելքի վրա։

«Հայաստան» դաշինքը պատրաստվում է նաև ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումը Սահմանադրական դատարան ներկայացնել: Այդ դիմումի մեջ ավելի շատ փաստեր են տեղ գտնելու, քան ԿԸՀ-ի դիմումի մեջ են։

Հնարավոր է, որ որոշ մասնագետների պնդմամբ՝ մամուլում բարձրաձայնված խախտումները էական ազդեցություն չունենան ընտրության արդյունքների վրա, բայց այն խախտումները, որոնք մամուլում չեն բարձրաձայնվել, սակայն առկա են, և այդ փաստերը մեր ձեռքի տակ են, հավատացեք՝ էական ազդեցություն են ունենալու։

Մարտավարական որոշակի նրբերանգներից ելնելով՝ խախտումների մասին հստակ բացահայտում չեմ կարող անել, բայց նշեմ, որ դրանք հիմնականում վերաբերելու են զինծառայողների քվեարկությանը։ Ի թիվս այն տեսանյութերի, որոնք մամուլում մեծ աղմուկ են բարձրացրել, կան նաև աղաղակող մեծ խախտումներ, որոնցից յուրաքանչյուրի համար առնվազն երեք հիմնավոր փաստ ունենք։

– ԿԸՀ-ն ե՞րբ կպատասխանի ձեր դիմումին և եթե բավարարում է դիմումի պահանջը՝ ի՞նչ է լինելու:

– Մինչև ամսի 27-ը, կարծում եմ՝ կպատասխանի։ Եթե դիմումի կոնկրետ պահանջը՝ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչել և նշանակել վերաքվեարկություն, բավարարվի, ապա պետք է արդյունքները անվավեր ճանաչվեն, և նշանակվի վերաքվեարկություն։

Պարոն ՀայրապետյանԱյսինքն՝ ՍԴ դիմելու կարիք էլ չի՞ լինելու։

– Գիտեք, որ ՍԴ ներկայացվող դիմումի վերջնաժամկետը մինչև հուլիսի 2-ն է, եթե մինչ այդ ԿԸՀ-ից որոշում ունենանք, բնականաբար, վերաքվեարկության նշանակման դեպքում ՍԴ դիմելու անհրաժեշտություն չի լինի։

– Ճի՞շտ եմ հասկանում, որ դա, ըստ էության, լինելու է ընտրությունների երկրորդ փուլ։

– Օրենքը ընտրությունների երկրորդ փուլի նշանակումն այլ ձևակերպմամբ է տալիս, բայց վերաքվեարկությունը տեսական առումով նման է լինելու երկրորդ փուլին, որը թեպետ լինում է այն դեպքում, երբ երկու առավել ձայն ստացած ուժն է պայքարում։

Իսկ վերաքվեարկության դեպքում մասնակցում են բոլոր քաղաքական ուժերը, որոնք ի սկզբանե ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել։

– Ճիշտ է՝ չցանկացաք փակագծեր բացել, բայց այդ ընտրախախտումների բացահայտման արդյունքում «Հայաստան» դաշինքի շանսերն ինչպիսի՞ն են լինելու, զգալի փոփոխություն լինելո՞ւ է։

– Այն խախտումները, որոնք մենք ենք բացահայտել, որոնք ազդել են ընտրության ելքի վրա, կարող են փոխել ձայների հարաբերակցությունը Ազգային ժողովում, հնարավոր է՝ իշխանության ձայների մինչև 3,5-րդի կորուստ։

– Պարո՛ն Հայրապետյան, այդ դեպքում ինչո՞վ եք բացատրում դիտորդական առաքելություն իրականացրած կառույցների պնդումներն ու հայտարարությունները, որ տեղի ունեցած խախտումներն էական ազդեցություն չեն ունեցել վերջնարդյունքի վրա։

– Եթե խոսում ենք, այսպես կոչված, գրպանային դիտորդների մասին, որոնք անգամ պետական բյուջեից են ֆինանսավորում ստանում՝ դիտորդություն իրականացնելու համար, ես դրանց, այսպես ասած, դիտարկումներն ու տեսակետները չեմ մեկնաբանում։

– Եթե, այնուամենայնիվ, ՍԴ դիմելու կարիք լինի, և ՍԴ-ն բավարարի դիմումի պահանջը, ընտրությունների երկրորդ փուլ սպասե՞նք։

– ՍԴ ներկայացվելիք գանգատը դեռ նախապատրաստական փուլում է, և չեմ կարող ասել, թե որ պահանջը կամ պահանջները կներառվեն, հետևաբար հստակ պատասխանել հարցին այսօր չեմ կարող։ Հնարավոր է ներկայացվի նաև պահանջ երկրորդ փուլի, ընտրության արդյունքների անվավերության և մանդատների հաշվարկի նոր կարգ սահմանելու մասին:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am