Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան, փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր Վարդուհի Պետրոսյանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափն ստանալուց հետո վարակվել է Covid-19-ով, սակայն հիվանդությունը թեթև է անցել, և հիվանդանոցային բուժման կարիք չի եղել:
«Եվ այդ թեթև ընթացքը պայմանավորված էր հենց պատվաստանյութի ազդեցությամբ. առաջին դեղաչափի պաշտպանվածությունն է, որ ինձ օգնել է այլ դեղամիջոցներ չընդունեմ, որոնք շատ ավելի կողմնակի ազդեցություններ ունեն, քան ցանկացած պատվաստանյութ: Ես բավարարվել եմ ընդամենը ջերմիջեցնող դեղերով»,- «Մեդիալաբին» ասում է Վարդուհի Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափի ընդունումը արդեն իսկ տրամադրում է որոշակի պաշտպանվածություն, կանխում է վարակի արագ տարածումը, թույլ չի տալիս, որ շատ մարդիկ վարակվեն, և օգնում է մարդուն թեթև տանել հիվանդությունը՝ հիվանդանոցային ծառայությունների կարիք չզգալով:
Կորոնավիրուսի դեմ լիարժեք պաշտպանվածություն պատվաստանյութը տալիս է երկրորդ դեղաչափն ընդունելուց երկու շաբաթ անց, հետևաբար, ըստ մասնագետի, 5-6 շաբաթների ընթացքում միայն մարդը կարող է Covid-19-ի դեմ ամբողջովին պաշտպանված լինել:
«Միայն երկրորդ պատվաստումը ստանալուց երկու շաբաթ անց մենք համարվում ենք պաշտպանված։ Մինչ այդ մենք ավելի չպաշտպանված ենք, բայց, իհարկե, ավելի պաշտպանված, քան պատվաստում չստացած մարդիկ»,- նշում է նա։
Հայաստանում պատվաստումների ընթացքը դանդաղ է. ապրիլի կեսից, երբ գործընթացը դարձավ զանգվածային, հունիսի 27-ի դրությամբ` կատարվել է 74814 պատվաստում:
Վարդուհի Պետրոսյանը կարծում է, որ դա պայմանավորված է վարակի տեմպի նվազմամբ, երբ մարդիկ իրենց հանգիստ են զգում, վարակը արագորեն չի տարածվում: Բացի այդ, նրա խոսքով, նախընտրական շրջանում քարոզչական աշխատանքը մի փոքր կանգ էր առել, քանի որ մեդիադաշտում իշխում էր ընտրական գործընթացը, իսկ կորոնավիրուսի դեմ պատվաստումների թեման մղվել էր հետին պլան:
«Եվ նախարարության, և մեր կողմից շուտով ակտիվ արշավ է իրականացվելու, ռադիոուղերձներ ու տեսանյութեր ենք ձևավորում, պաստառներ ենք թողարկել ու շարունակում թողարկել, որպեսզի մարդկանց իրազեկվածության մակարդակը բարձրացնենք: Շատ-շատ աշխատանքներ են արվում, որոնք բազմաշերտ են ու ժամանակատար»,- նշում է Վարդուհի Պետրոսյանը:
Պատվաստումը նա շատ կարևոր է համարում, քանի որ եթե բնակչության շրջանում պատվաստվողների թիվը գերակշռի, ապա վարակի նոր տեսակները հնարավոր է լինելու ճնշել:
«Մասնագետները գիտեն՝ աշխարհում ինչ է կատարվում և կարողանում են գնահատել։ Իսկ մարդիկ մի փոքր ավելի վատ են պատկերացնում, որ այդ հիվանդությունը փուլերով է ընթանում, և, առավել ևս, առաջանում են նոր շտամներ, որոնք ավելի վարակիչ են, ավելի սուր ընթացք ունեն։ Իսկ դրանից միակ պաշտպանությունը պատվաստումն է»,- ասում է նա։
Օրինակ՝ այդպիսին է կորոնավիրուսի հնդկական շտամը, որն ագրեսիվորեն տարածվում է աշխարհում, այդ թվում՝ Ռուսաստանում, որտեղ օրական վարակակիրների թիվը տասնյակ հազարների է հասնում:
Ըստ մասնագետի՝ կորոնավիրուսի «դելտա» տեսակը կրկնակի վարակիչ է, քան օրիգինալ վիրուսը, և նաև ավելի ծանր ընթացք ունի, իսկ արդեն եղած պատվաստանյութերն ավելի ցածր արդյունավետություն ունեն «դելտայի» նկատմամբ:
«Մենք պետք է առիթից օգտվենք, և, հաշվի առնելով, որ հանգիստ շրջան է, պատվաստվենք, որ երբ կորոնավիրուսի հնդկական շտամը կամ, ինչպես մասնագետներն են ասում՝ «դելտա» տեսակը հասնի Հայաստան, հասարակության մակարդակով պաշտպանված լինենք։ Այդ շտամը Եվրոպայում արդեն տարածված է, ՌԴ-ում տարածված է ու շատ խնդիրներ է առաջացնում։ Ուղղակի պետք է դաս քաղել ու հնարավորինս արագ պատվաստվել։ Օրինակ՝ Ռուսաստանում հիմա մարդկանց առաջ ընտրություն են դնում՝ եթե մարդը պատվաստվել է, միայն այդ դեպքում կարող է օգտվել հիվանդանոցային ծառայությունից։ Նոր մոտիվացիաներ են մշակում հանրության համար, որպեսզի մարդիկ պատվաստվեն։ Այսօր Հայաստանը պատվաստանյութի խնդիր չունի, և հիմա մարդիկ պետք է առավելագույնս օգտվեն այդ հնարավորությունից»,- ընդգծում է Վարդուհի Պետրոսյանը:
Հասմիկ Համբարձումյան
MediaLab.am