«Ասեց՝ մամա, Հայրենիքիս խոստացել եմ՝ մինչև կյանքիս վերջ կռվեմ, Հայրենիքն ազատեմ թուրքերից». 27-ամյա Մհերը զոհվել է Մարտակերտի թեժ մարտերում

«Մեռած ենք, թաղած չենք»,- արցունքների միջից ասում է 60-ամյա Ելենա Աբրահամյանը, որն Արցախյան պատերազմի հետևանքով կորցրել է 27-ամյա որդուն և մինչ օրս չի կարողանում համակերպվել իրենց ընտանիքին պատուհասած ողբերգության հետ։

Որդին՝ Մհեր Մկրտչյանը, պայմանագրային զինծառայող է եղել։ Պատերազմի լուրն իմանալուն պես առաջնագիծ է մեկնել՝ հայրենիքը պաշտպանելու: Մարտակերտում թեժ մարտերի ժամանակ զոհվել է հոկտեմբերի 12-ին։

Ելենա Աբրահամյանը ընտանիքով վարձով ապրել է Մարտակերտում: Հիշում է, որ սեպտեմբերի 27-ին, երբ գնացել է աշխատանքի՝ Մարտակերտի պաշտպանականի ճաշարան, տեսել է, որ ճաշարանը գնդակոծված է։ Դրանից հետո Մարտակերտից տեղափոխվել են Ստեփանակերտ, իսկ տղան՝ դիրքեր։ 

Մայրն ասում է՝ Ստեփանակերտում ապաստան գտնելուց հետո սեպտեմբերի 29-ին որդու հետ կապ է հաստատել, ասել, որ ամեն ինչ լավ է։ Սա է եղել վերջին զրույցը, դրանից հետո մայրը որդու հետ այլևս չի կարողացել խոսել․ «Ասեցի՝ տղա ջան, արխային եղի, մենք դուրս ենք եկել: Ասեց՝ մամա՛, կապ պահեք, բայց կապը խզվեց, էլ չկարողացա հետը խոսել…»- կսկիծով հիշում է Ելենան։

Մհեր Մկրտչյանը։ Լուսանկարը՝ ընտանեկան արխիվից։

Հոկտեմբերի 15-ին մայրը իմանում է ողբերգական դեպքի մասին։

Ասում է՝ որդին շատ հայրենասեր էր ու մինչև վերջ պայքար մղեց ու իր կյանքը տվեց հայրենիքին։ «Շատ էր սիրում Հայրենիքը, ասում էր՝ մայրիկ, լավ իմացիր, ես քեզ կարող եմ ոչ մի բան չխոստանալ, բայց Հայրենիքիս խոստացել եմ՝ մինչև կյանքիս վերջ կռվեմ, Հայրենիքը թուրքերից ազատեմ: Դուք արխային մնացեք, ասեք՝ տեղներդ ոնց ա, որ ես արխային կռվեմ»,- հիշում է տղայի հետ վերջին զրույցը մայրը։ 

Ասում է՝ տղան էր հենարանը, տղայից հետո էլ ի՞նչ կյանք․ «Որդի կորցրած մոր վիճակը ո՞նց պիտի լինի, ինչքան էլ ասում, խոսում ենք, չի ստացվում։ Մենք շատ կապված էինք, ինքը մեզ շատ էր օգնում»,- հուզվում է մայրը։

Ելենան ասում է՝ որդու զոհվելուց հետո և՛ իր, և՛ ամուսնու առողջական վիճակը վատթարացել է։ «Ամուսնուս սիրտը վատանում ա, ամբողջ ժամանակ շտապօգնություն ենք կանչում, իմ սիրտն էլ ա վատ լինում։ Դժվար ենք տանում, իրա կորուստը շատ դժվար ա»,- նշում է մայրը։

Ելենան ասում է՝ տղան շատ երազանքներ ուներ, բայց ամենագլխավորը՝ ցանկանում էր տուն գնել, ծնողներին կացարանով ապահովել․ «Մենք տուն չունեինք, տեղ չունեինք, մտածել էինք՝ հիփոթեքով տուն վերցնեինք, էն էլ չստացվեց։ Շատ էր ուզում տուն առնել, հիմա մենք վարձով ենք մնում»,- ասում է մայրը։

Ելենան ասում է՝ ցավը հաղթահարել չի կարողանում, սփոփանք չի գտնում, հիմա իր միակ ցանկությունն է, որ հնարավորինս մոտ լինի տղայի գերեզմանին։ Ցանկանում է դիմել Արցախի կառավարությանը, որ Ստեփանակերտում տուն տրամադրեն, կարողանա հաճախակի այցելել տղայի շիրմին՝ առանց դժվարությունների։

«Տղես Ստեփանակերտի եղբայրական գերեզմանում ա թաղված։ Միակ երազանքս էն ա, որ տուն ունենամ Ստեփանակերտում, թեկուզ մի սենյականոց, որ նեղություն չքաշենք գերեզման գնալուց: Շատ ենք նեղվում, մեզ համար դժվար ա Մարտակերտ գնալ-գալը, 3 ժամվա ճանապարհ ա, մենք էլ վատառողջ ենք»,- ասում է Ելենան։

Արփինե Արզումանյան

MediaLab.am