18-ամյա Գրիշան զոհվել է պատերազմից հետո՝ հայտնվելով շրջափակման մեջ․ «Երեխեքը զանգել էին, ասել՝ մեզ օգնություն ա պետք, բայց ոչ մի օգնություն ցույց չտվեցին»

18-ամյա Գրիշա Գրիգորյանը զոհվել է 44-օրյա պատերազմից մոտ մեկուկես ամիս հետո՝ Հադրութում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ, այս մասին պատմում է Գրիշա Գրիգորյանի մայրը՝ Արմինե Զաքարյանը։ Մինչ այդ Գրիշան և վեց զինակից ընկերները թաքված են եղել, կապ են հաստատել հարազատների հետ և տեղեկացրել վիճակի մասին: Հարազատները դիմել են պատկան մարմիններ օգնության համար, փոխանցել անհրաժեշտ տվյալները, սակայն տղաներին օգնությունն այդպես էլ չի հասել։ Դեկտեմբերի 27-ին 6 տղաները, հայտնվելով շրջափակման մեջ, զոհվել են։

Գրիշայի մայրը «Մեդիալաբին» պատմում է․ 

«Գրիշիկի հետի ընկերներից մի քանիսը զանգել էին իրենց ծնողներին, ասել՝ մենք ողջ ենք, անուն, ազգանունները տվել են, բայց Գրիշիկն արդեն էն վիճակում չի եղել, որ հեռախոսի համարը հիշի, զանգի, ասի՝ ողջ ա: Տղերքն ասել են՝ գոնե մի համար ասա, որ զանգենք, ասենք՝ ողջ ես, ասել ա՝ չեմ հիշում։ 

Ծնողները դիմել են վարչապետին, Արցախի նախագահին, պաշտպանության նախարարություն, բայց նրանք ոչ մի բան չեն արել, տղաներից մեկի ծնողն էլ ռուսներին ա դիմել, բայց ոչ մի օգնություն ցույց չտվեցին։

Երեխեքը թաքնված են եղել, հետո ադրբեջանցիները եկել են, հայերեն անուններով կանչել են, երեխեքն էլ իմացել են, որ օգնության են իրենց գնացել, դուրս են եկել ու ընկել են շրջափակման մեջ, երեխեքը շատ անմխիթար վիճակում են եղել։ Դիակները, որ բերել են, այլանդակված են եղել դեմքերը»։

Ավելի վաղ՝ 70 օր անհայտությունից հետո, պատերազմին մասնակցած զինծառայողների մի խումբ էր հայտնաբերվել, որի վեց անդամներին հնարավոր էր եղել փրկել:

Գրիշայի ընտանիքը տղայի զոհվելու մասին տեղեկացել է հունվարի 6-ին, տղաներից մեկի ծնողն է կապ հաստատել և զգուշացրել, թե որ դիահերձարանում փնտրեն տղային: 

«Հունվարի 4-ին մյուս տղաների ծնողները իրանց երեխեքի մարմինները տարել են, հետո տղաներից մեկի քեռին, որ նորից ա գնացել էնտեղ, հարցրել ա՝ վեցերորդ երեխուն եկել-տարե՞լ են, ասել են՝ չէ: Հետո մեզ զանգեց, ասեց՝ ձեր տղան էլ էսինչ տեղում ա, մեր երեխաների հետ ա եղել, մնացել ա Գրիշան, հաստատ ինքն ա, մի՛ ման եկեք, գնացեք-բերեք… Հունվարի 6-ն էր, բերեցինք երեխուն, անճանաչելի էր, բայց վրան խալ ուներ, էդ նշանով ճանաչեցինք, որ ինքն ա»,- հուզվում է մայրը:

Գրիշա Գրիգորյանը ընդամենը մեկ ամիս առաջ՝ օգոստոսի 30-ին էր զորակոչվել բանակ, երբ հակառակորդը պատերազմ սանձազերծեց: Գրիշան հակառակորդի դեմ կռվել է Ջրականում, Հադրութում։ Ընտանիքի հետ վերջին անգամ կապ է հաստատել հոկտեմբերի 15-ին․ «Հոկտեմբերին 13-ին զանգեց, ասեց՝ էլ ինձ չեք տեսնելու, ու լացեց երեխեն: Ասեց՝ վերջին անգամ եք ինձ հետ խոսում, հոկտեմբերի 15-ին էլի զանգեց, իրան բունկեր էին տարել, քանի որ նորակոչիկ էր, դրանից հետո էլ կապ չունեցանք»։

Արմինեն ասում է՝ պատերազմն ավարտվել էր, տղայի հետ խոսել չէր ստացվում, բայց լսել էին, որ ողջ է, ու հույսով սպասում էին, որ մի օր դուռը կբացի ու ներս կմտնի․ «Որ ասեցին՝ ողջ ա, մեզ տրամադրում էինք, ուրախանում էինք, ասում էինք՝ արցունք չթափենք, որ սաղ-սալամաթ գա, հասնի տուն… բայց, դե, լրիվ հակառակը եղավ»,- կրկին հուզվում է մայրը։

Գրիգորյանների ընտանիքը ապրում է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում։ Ընտանիքը վարձով է բնակվում, մայրն ասում է՝ Գրիշայի երազանքն էր տուն կառուցել ընտանիքի համար։ 

Տղան որոշել էր բանակից վերադառնալուց հետո զինվորական ծառայության անցնել, զինվորական դառնալ, ընտանիքի համար տուն ստեղծել, անգամ տան հատակագիծն էր պատրաստել, ընտանիք կազմել, բայց մոր խոսքով՝ չարաբաստիկ պատերազմը խլեց բոլոր երազանքները։ 

«Ասում էր՝ ես շատ երեխեք կունենամ, ձեր նման երկու երեխա չեմ ունենա, շատ պետք է ունենամ»,- արտասվում է որդեկորույս մայրը և նշում, որ տղան առանձնանում էր իր բարությամբ ու հոգատարությամբ։

«Ամեն մեկին ուզում էր օգնած լիներ, ես խանութում էի աշխատում, ուշ էի գալիս, որ գալիս էի տուն, ինքը արդեն տները մաքրած էր լինում, ճաշը՝ եփած, ասում էր՝ արի սուրճ դնեմ, հաց դնեմ, հոգնած կլինես, ինքը մի ուրիշ երեխա էր»։

Արմինեն հուզմունքով ասում է, որ այս դժբախտությունը, ծանր ողբբերգությունը միայն իր ընտանիք չի այցելել, հարազատ քրոջ որդիներից մեկը ևս զոհվել է, իսկ մյուսը՝ ծանր վիրավորվել։

«Իրար փորձում ենք հույս տալ, ուժ տալ, բայց հաճախ ասում ենք՝ ինչի՞ պիտի հենց մեզ հետ լիներ՝ երկուսիս հետ, գոնե մի ընտանիքը ողջ-առողջ լիներ»,- նշում է Արմինեն։

Մայրն ասում է՝ շուրջ 6 ամիս է անցել տղայի զոհվելուց, բայց չի կարողանում հավատալ ու համակերպվել , ասում է՝ աչքը ճամփին է, թվում է՝ թե հեսա կգա:

«Մինչև հիմա չենք հավատում, որ փակ ա եղել դագաղը, ամուսինս տեսել ա, տեգրս տեսել ա, եղբայրն ա տեսել, ես որ չեմ տեսել, ոնց որ չհավատամ: Հույս ունեմ, հեռախոսս բացում եմ, զանգում եմ, ասում եմ՝ կարող ա պատասխանի»,- արցունքները սրբելով ասում է Արմինեն։

Արփինե Արզումանյան

MediaLab.am