«Տղես զանգում ա կնոջը, ասում՝ եթե չգամ, ուրեմն չկամ ու գնում ա Լելե Թեփե»․ կապիտան Անդրանիկ Աղաջանյանը զոհվել է շրջափակման մեջ հայտնված զինվորներին օգնելիս

29-ամյա կապիտան Անդրանիկ Աղաջանյանը զոհվել է 44-օրյա պատերազմում՝ շրջափակման մեջ հայտնված 18 տարեկան զինվորներին օգնության հասնելիս։ 

Մայրը՝ 57-ամյա Աշխեն Աղաջանյանն ասում է, որ տղայի ընկերները պատմել են՝ ինչպես է որդին՝ գիտակցելով, որ կարող է գնալ վիրավոր զինվորների հետևից և չվերադառնալ, առանց երկմտելու գնացել է օգնություն ցույց տալու․

«Իրանց կամբատը (գումարտակի հրամանատարը.- խմբ․) առաջ էր տարել ու հետևներից չէր գնացել: Տղաս գնում, տեսնում ա՝ իրա զինվորները չկան, ասում ա՝ ո՞ւր են, իրանք ոչ մի տեղանք չեն ճանաչում, ինչո՞ւ եք իրանց ուղարկել։ Կապը պահում ա, տեսնում՝ զինվորները լրիվ վիրավոր են։ 

Իրա ընկերներն ասում են՝ չգնաս, եթե գնաս, հետ չես գա։ Իրանց կամբատը չի գնում, կամբատն ասել ա՝ թող դատեն, ես չեմ գնա: Ասել են՝ դու ինչի՞ ես գնում, ասել ա՝ ինքը չի գնում, ես չեմ կարա չգնամ, երեխեքը լացում են, նոր գնացած երեխաներ են, 10 օրվա։ Տղես զանգում ա կնոջը, ասում՝ եթե չգամ, ուրեմն չկամ ու ավտոն նստում ու գնում ա Լելե Թեփե՝ Հարյուրի չռիկների պոստ են ասում։ Վիրավորներին հանում ա, ինքը մահացու վիրավորում ստանում: Տղաներն ուզում են իրան պատգարակով տեղափոխեն, էդ սրիկաները նորից նկատում են, որ շարժ կա, արկը գցում են իրանց վրա, ու 8 հոգին մնում են էնտեղ»,- մայրը հուզմունքով պատմում է որդու և 18 տարեկան զինվորների հետ պատահած ողբերգական դեպքը։

Աղաջանյանների ընտանիքը Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղից է։ Անդրանիկ Աղաջանյանը, 2012-ին ավարտելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, ամուսնանում և տեղափոխվում է Ջրական՝ զինվորական ծառայության:

Մայրն ասում է՝ որդին դեռ դպրոցական տարիներից որոշել էր զինվորական դառնալ: Մայրը հիշում է, որ Կոռնիձորում փոխգնդապետ կար, որը դասավանդում էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, տղայի հետ գնում են՝ հետաքրքրվելու ընդունելության կարգով: Փոխգնդապետը առանձին զրուցում է Անդրանիկի հետ, դուրս գալիս, դիմելով մորն ասում․ «Տիկի՛ն Աշխեն, իսկը իր մասնագիտությունն ա, ձեռքը դրեց տղայիս ուսերին, ասեց՝ էս ուսերը գեներալի ուսադիրների համար են»,- հուզմունքը կոկորդում խեղդելով պատմում է մայրը։

Աշխեն Աղաջանյանը՝ որդու հետ

57-ամյա մայրն ասում է՝ Անդրանիկը բնավորությամբ խիստ էր, սիրում էր զինվորներին, զինվորներն էլ՝ իրեն․ «Մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր, իրան վեր չէր դասում, հասարակ էր պահում, բոլորի հետ խոսում էր, բարեկամ սիրող, երեխա սիրող, հայրենիքը սիրող, իմ տղան ինձ համար պարծանք էր»:

Քառօրյա պատերազմի ժամանակ, մոր խոսքով, տղայի վաշտը լավագույնն է համարվել, այդ առթիվ Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ պաշտպանության նախարարի կողմից արժանացել է մեդալների. «Ապրիլյանի ժամանակ ոչ մի զոհ չի տվել, ինքը պայքարել ա, դիվերսիան հետ ա մղել։ Հետո իրեն նշանակեցին 5-րդ ուսումնական վաշտի զամպալիտ բարոյահոգեբանական գծով»։

Աշխենն ասում է՝ տղան զինվորական գործում հմուտ էր, և մոր համար անիրական ու անհավանական է թվում, որ տղան այս պատերազմում զոհվել է։

«Ոչ մեկս չէր կարա մտածեր, որ իմ տղան կարա զոհվի… Ես գիտեի՝ ինքն աստված ա բոլորի համար, ինքը չի կարա զոհվի։ Ես հիմա էլ եմ իրեն գերիների մեջ փնտրում, ինչքան գերի են ցույց տալիս, ես փնտրում եմ, ասում եմ՝ հնարավոր չի, որ իմ տղան զոհվեր»,- լացակումած ասում է մայրը։

Նա հիշում է, որ տղան զանգել է հոկտեմբերի 3-ին և ասել, որ «Ուրալով» վիրավորների և դիակներ է Կարմիր Շուկա բերել, քանի որ «Ուրալի» վարորդը մահացել է: Մայրն ասել է՝ մի քիչ մնա, սպասի, նոր գնա, որդին հրաժարվել է. «Չեմ կարա, մամա, 18 տարեկանները խրամատների մեջ լրիվ անտեր-անտիրական են, մարդ չկա»։

Աշխենը շարունակում է, որ հոկտեմբերի 5-ին տղան զանգել է և ասել, որ հեռախոսներն անջատում են ու չեն կարող խոսել, քանի որ հեռախոսների միջոցով հակառակորդը կարողանում է իրենց տեղը որոշել… Այդ զանգը լինում է վերջինը։

«Ասեց՝ ձեզ լավ նայեք, դրությունը լավ չի, լավ բան չեմ կարա ասեմ, երեխուս կուղարկես դպրոց, էդ վերջին զանգն էր»,- կրկին հուզվում է մայրը։

Տղայի զոհվելուց հետո ամիսներ անց՝ դեկտեմբերի 6-ին, որոնողական աշխատանքների ժամանակ հայտնաբերվում է մարմինը։

Այդ օրվանից Աղաջանյանների համար կյանքը կանգ է առել։ Ոչ հավատում են, ոչ էլ կարողանում են ապրել։

«Ես քայլում եմ՝ դեմս կանգնած ա, գնում եմ՝ չեմ հասնում, անընդհատ գնում եմ՝ ինքը դեմս քայլում ա, չեմ հասկանում՝ ինչ ա կատարվում»,- ասում է մայրը:

Աշխենն ասում է, որ տղայի ընտանիքը շատ համերաշխ ու երջանիկ ապրում էր մինչև չարաբաստիկ պատերազմը։ Երկու անչափահաս աղջիկ ուներ Անդրանիկը՝ 7-ամյա Միլին և 3-ամյա Մարին։

«Տղայիս կինը՝ Արմինեն, կյանքից լրիվ հիասթափված է, Միլիս պարի խմբակ էր գնում, 9 ամիս ա՝ մոռացել ա ամեն ինչ: Ասում ենք՝ Միլի՛, մոռացե՞լ ես, ասում է՝ ոչինչ, իմ պապան չկա, ես պիտի պարե՞մ, չեմ պարի։ Մենք շատ ուրախ ընտանիք էինք, բոլորս՝ պարող, տղաս պարող, ամուսինս պարող, ամբողջ օրը երաժշտության մեջ ենք եղել, իսկ հիմա մեզ համար արդեն դառնություն ա, զայրանում ենք, երբ կողքից երաժշտության ձայն ենք լսում»,- հուզվում է Աշխենը և ասում, որ տղան հերոսաբար պայքարեց ու զոհեց կյանքը հանուն հայրենիքի, բայց հետմահու միայն Արիության մեդալի արժանացրին։

Անդրանիկ Աղաջանյանը՝ կնոջ և երեխաների հետ

Արփինե Արզումանյան

MediaLab.am