«Երեխես ասում էր՝ պապա՛, արի ստեղ, սաղ գալիս են, երեխեքն իրանց պապաներին տեսնում են, դու չես գալիս, ասել ա ՝ չէ՛, Անի, քիչ ենք, վերջանա, կգամ անպայման․․․ բայց չեկավ»,- հուզմունքով պատմում է 29-ամյա Արմինե Ղահրամանյանը, որը 44-օրյա պատերազմում կորցրել է սիրելի ամուսնուն՝ 35-ամյա Արթուր Ղահրամանյանին։
Ավագ սերժանտ Արթուր Ղահրամանյանը զինվորական էր, 13 տարի ծառայել էր հայրենիքին։ Ասում է՝ արձակուրդում էր, երբ լսեց պատերազմի լուրն ու անմիջապես մեկնեց դիրքեր։
Արթուրը զոհվել է պատերազմի վերջին օրը՝ նոյեմբերի 9-ի երեկոյան, Մարտունիում՝ արկի հարվածից։
Կինն ասում է, որ ամուսինն առավոտյան և երեկոյան զանգում էր, բարի լույս կամ բարի գիշեր մաղթում ընտանիքին, նոյեմբերի 9-ի առավոտյան խոսել են, բայց երեկոյան չի զանգել, այլեւս ձայնը չի լսել։
«Վերջին անգամ 8-ի հատվածում եմ խոսել, ասեց՝ հետո կզանգեմ, հետո ես ինձ վատ էի զգում, սիրտս վատ բան էր գուշակում, սիրտս վատ էր, դեղ էի խմում, չէր օգնում։
Զանգեցի ընկերոջը, վերցրեց, ասեց՝ արխային, սաղ լավ ա, տեղ ա գնացել, շուտ կգա, ամեն ինչ լավ ա։ Գիշերը սկսեցի մտածել, որ հաստատ Արթուրը չկա, անհնար ա, որ ինքը չզանգի, երեխեքին հաջող չանի, ինքը ամեն իրիկուն երեխաներին հաջող էր անում, ասում էր՝ մեկ էլ առավոտը կզանգեմ»,- հուզվում է Արմինեն ու ասում, որ առավոտյան իմացավ, որ կանխազգացումը ճիշտ է, ամուսնու հետ խոսելուց հետո ողբերգական դեպքը տեղի էր ունեցել։
«Ամուսնուս ընկերն ասեց տեգրոջս, տեգրս էլ ինձ զանգեց, ասաց։ Ես մինչև հիմա չեմ համակերպվում, որ ինքը չկա, ու սաղ կյանքս չեմ համակերպվի»,- դողացող ձայնով նշում է կինը:
Արմինեն և Արթուրն ամուսնացել են 2012-ին։ Արմինեն ասում է՝ 9 երջանիկ տարիներ են ունեցել, բայց չէր պատկերացնում, որ իրենց երջանկությունն այդքան կարճ կտևի։ Երկու անչափահաս երեխա ունեն՝ 7-ամյա Անին և 2-ամյա Արսենը։
Արմինեն ասում է՝ երջանիկ էին մինչ պատերազմը, տուն էին կառուցում Մարտունիում, այս ամռանն արդեն պետք է տեղափոխվեին, սակայն շինարարությունը կիսատ մնաց:
«Երազում էինք մեր տունը ավարտեինք, տեղափոխվեինք։ Չհասցրինք տեղափոխվել, տունը կիսատ մնաց, մի օր էլ էնտեղ չապրեցինք»,- սրտնեղած ասում է 29-ամյա կինը։
Ասում է՝ ամուսինը շատ հոգատար էր թե՛ որպես ամուսին և թե՛ որպես հայր․
«Ինձ շատ էր սիրում, ինքն ինձ համար մի ուրիշ աշխարհ էր։ Երեխեքի վրա երբեք չէր ջղայնանում, երեխեքին միշտ երես էր տալիս։ Մի անգամ սկայպով խոսեց, շատ ուրախացավ, որ տեսավ՝ տղան ինչքան ա մեծացել, Արսենս արդեն քայլում էր։ Հիմա ես չեմ պատկերացնում՝ ոնց եմ մենակ երեխաներիս դաստիարակելու»,- կրկին հուզվում է կինը։
Միշտ ժպիտը դեմքին՝ այսպիսին էր Արթուրը։
Կինն ասում է՝ կարոտել է ամուսնու հետ կապված ամեն պահն ու վայրկյանը, բայց ամենաշատը՝ ամուսնու ժպիտը․ «Ինքն ուր մտնում էր, միանգամից ժպտում էր, իր այդ ժպիտն եմ կարոտել»։
Արմինեն երկու անչափահաս երեխաների հետ շարունակում է ապրել Արցախի Մարտունի քաղաքում։ Ամիսը մեկ անգամ երեխաների հետ գալիս է Երևան, այցելում Եռաբլուր, որտեղ հանգչում է ամուսինը․
«Մոտենում եմ գերեզմանին, ասում, որ շատ եմ իրեն կարոտում, իրա հետ կապված ամեն ինչը շատ եմ կարոտում ու չեմ կարողանում համակերպվել»։
Արմինեն նշում է, որ այսօր միայն սփոփանք և ուժ են տալիս երեխաները, 29-ամյա կինն ասում է՝ միայն հանուն երեխաների է ապրում:
«Ես մենակ երեխաներիս համար եմ ապրում, ես նպատակ չունեմ, ուզում եմ իրանց նպատակներին հասցնեմ։
Ուժս իրա տղուց եմ վերցնում, ուզում եմ մեծանա, իրա պապայի նման լավ մարդ լինի։ Ես միշտ իմ ամուսնու հիշատակը վառ եմ պահելու, ինքը միշտ իմ մտքում ա, իմ մեջ ա, ամենուրեք ա, ինչքան ապրեմ, պետք է վառ պահեմ հիշատակը»,- հուզվում է Արմինեն։
Արփինե Արզումանյան
MediaLab.am