«Ժամանակն Ադրբեջանի համար վերջանում է, գործընթացները գնում են Մինսկի խմբի համանախագահության վերականգնման ուղղությամբ»․ Արեգ Քոչինյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ձայն լիբերթար պահպանողական կուսակցության կառավարման խորհրդի անդամ, քաղաքագետ Արեգ Քոչինյանը

– Պարո՛ն Քոչինյան, ինչո՞ւ սրվեց իրավիճակը Երասխի սահմանին։ Որքանո՞վ է այս լարվածությունը պայմանավորված Շառլ Միշելի՝ տարածաշրջան այցով, այսօր Պուտին-Ալիև հանդիպումով։ Հնարավո՞ր է լայնամասշտաբ գործողությունների վերսկսում։

– Ադրբեջանում սկսել են գիտակցել, որ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան հակամարտությունն ավարտված չեն համարում, համարում են, որ հակամարտության հանգուցալուծումը պետք է լինի Մինսկի խմբի համանախագահությամբ բանակցային գործընթացների արդյունքում, ինչը Ադրբեջանում խուճապ է առաջացնում։ Եվ վերջին բոլոր սրացումներն ուղղված են Հայաստանի վրա հավելյալ ճնշում գործադրելու, ստիպելու Հայաստանին՝ ստորագրելու այն թղթերը, որոնք Ադրբեջանը, Թուրքիան և Ռուսաստանը ուզում են դնել տարածաշրջանում նոր ստատուս քվոյի կայացման հիմքում:

Դրանք են՝ դեմարկացիա, դելիմիտացիա, Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, միջանցք և այլն՝ կանխարգելելով տարածաշրջան Եվրամիության և ԱՄՆ-ի վերադարձը և վերաձևակերպումն այդ պայմանավորվածությունների:

Հիմա խնդիրն այն է, թե ո՛վ կկարողանա դիմանալ բավականաչափ ժամանակ. մե՞նք, որ կհասցնենք նրան, որ բանակցությունները վերսկսվեն Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով, թե՞ Ադրբեջանը կկարողանա Թուրքիայի և Ռուսաստանի հետ աշխատելով հասնել նրան, որ մենք ընդունենք բոլոր այն բանաձևերը, բոլոր այն փաստաթղթերը, որոնք պետք է հիմք հանդիսանան նոր ստատուս քվոյի կայացման համար:

– Կարծիքներ են հնչում, որ հիմա ճիշտ պահն է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմելու, քանի որ ՌԴ-ից որևէ արձագանք չկա, և արդեն սպասելիքներ էլ չկան ՀԱՊԿ-ից, թեև Պուտինը 2020-ի հոկտեմբերի 31-ին ասում էր, որ եթե հարձակում լինի Հայաստանի վրա, Ռուսաստանն անմիջապես կարձագանքի:

– ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմելու հետ կապված ուզում եմ հիշեցնել, որ Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է և այնտեղ ունի վետոյի իրավունք, և Ռուսաստանի շահերից չի բխում այդ իրավիճակի մանդատի փոխարինումը ռուսականից միջազգայինի: Ռուսաստանը, բնականաբար, խոչընդոտելու է դա:

Եթե դրան գումարում ենք այն, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկումները կարող են լինել փակ ձևաչափով, այսինքն՝ որևէ մեկը չի էլ իմանա, թե ով է բլոկավորել որոշման կայացումը, ապա, կարծում եմ՝ այս փուլում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից ակնկալիք ունենալն անիմաստ է: Ուզում եմ հիշեցնել, որ պատերազմի օրերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկում եղել է, և Անվտանգության խորհրդի մշտական անդամներից մեկը վետո է դրել այդ քննարկման վրա:

– Ձեր կարծիքով՝ Արցախի և Հայաստանի սահմաններին լարվածությունը պարբերական բնո՞ւյթ է կրելու, թե՞ ոչ, որովհետև Ալիևն անընդհատ խոսում է խաղաղությունից, խաղաղության պայմանագրից, մյուս կողմից տեսնում ենք այսպիսի սադրիչ գործողություններ, անգամ քաղաքացիական անձ է վիրավորվել:

-Ալիևը խոսում է այն խաղաղությունից, որն ուզում է Ադրբեջանը, այն նախապայմաններով, որն իրենք են ուզում: Ես չեմ բացառում, որ այն դեպքերը, որ տեղի ունեցան Երասխում, շարունակություն ունենան, ընդ որում՝ ոչ միայն Երասխի հատվածում:

Ինչպես ասացի, Ադրբեջանը փորձելու է մեծ ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ հասնելու համար այն պայմանավորվածություններին, որոնք իրենց պետք են: Ժամանակն Ադրբեջանի համար վերջանում է, և գործընթացները, ըստ էության, գնում են Մինսկի խմբի համանախագահության վերականգնման ուղղությամբ:

-Որքանո՞վ է ընդունելի կամ բնական, որ Ռուսաստանը որևէ կերպ չի արձագանքում Երասխում տեղի ունեցող զարգացումներին:

-Այո՛, բնական է, որովհետև ինչպես ես մի քանի անգամ ասել եմ, Ռուսաստանը մաս է կազմում ռուս-թուրք-ադրբեջանական այն պայմանավորվածություններին, որոնց հիման վրա կառուցվում է նոր ստատուս քվոն տարածաշրջանում: Ռուսաստանը նույնպես չի ուզում Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի վերականգնումը:

Ռուսաստանը, ըստ էության, միացել է թուրք-ադրբեջանական տանդեմին, որը ճնշում է գործադրում հայկական կողմի վրա՝ ընդունելու համար այն սկզբունքները, որոնց վրա այդ նոր ստատուս քվոն այս տարածաշրջանում կկառուցվի:

– Երեկ ուշ երեկոյան Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն անմիջապես իր էջում գրառում արեց և Երասխից լուսանկարներ տեղադրեց, այդ թվում՝ ԵՄ երկրների դրոշներով: Ձեր կարծիքով՝ ի՞նչ ուղերձ կա դրանում:

-Դա, ըստ էության, Մինսկի խմբի համանախագահող երկրի դեսպանի մոտեցումն է: Սա Ֆրանսիայի կարմիր գծերի սահմանումն էր: Ֆրանսիայի համար կարմիր գիծը Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունն է: Ըստ էության, նույն կարմիր գծերն ունի ԱՄՆ-ն: Սա արդեն նյարդերի պատերազմ է, որտեղ մեզ պետք են զսպվածություն, դիմադրողականություն՝ հասնելու համար նրան, որ բանակցային գործընթացը վերսկսվի:

– Ինչո՞ւ հենց Երասխում է ակտիվացել թշնամին:

-Քանի որ Երասխը ամենամոտն է Երևանին, քանի որ Երասխը սահմանի այն հատվածներից է, որը դուրս է ռուս խաղաղապահների վերահսկողությունից, սակայն ես նաև կարծում եմ, որ սա չի սահմանափակվի միայն Երասխով, այն կարող է ծավալվել այլ հատվածներում:

Մանե Հարությունյան