«Զանգեցի սկեսրայրիս, ասեցի՝ պապա՛, որտե՞ղ ես, ասեց՝ մորգում, ու ամբողջ ներաշխարհս խառնվեց». կինն ամուսնու զոհվելուց հետո՝ «ես էլ չկամ»

«Մինչև մորգ մտնելը ես չէի պատկերացնում, որ Սլավին էդպես կտեսնեմ, ես մտածում էի՝ կարող ա՝ թևերը չկան, ոտքերը չկան, բայց Սլավը կա։ Իմ զգացողությունը մորգից հետո էն ա եղել, որ ես էլ չկամ, Սլավը իմ 80 տոկոսը տարել ա»,- հուզմունքով ծանր ապրումներն է նկարագրում 36-ամյա Մերի Մարգարյանը, որը 44-օրյա պատերազմում կորցրել է ամուսնուն՝ երկրորդ գումարտակի հրամանատարի տեղակալ, 40-ամյա Սլավիկ Ավետիսյանին։

Սլավիկը ծնվել է զինվորականի ընտանիքում, հայրը գնդապետ Նիկոլայ Ավետիսյանն է, մեծ եղբայրը՝ Էդուարդ Ավետիսյանը, նույնպես զինվորական է։ Սլավիկը մինչև զինվորական աշխատանքի անցնելը եղել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, ավարտել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը, արժանացել բազմաթիվ մրցանակների։ 

Սակայն որոշել է թողնել սպորտը և զինվորական ծառայության անցնել։ 16 տարի ծառայել է խաղաղապահ զորքերում, որից հետո Ջրականում նշանակվել է սպա։ Վերապատրաստումներ է անցել Գերմանիայում, Չեխիայում, ԱՄՆ-ում, Լիտվայում և այլ երկրներում։

Լուսանկարում՝ Սլավիկ Ավետիսյանը։ Լուսանկարը՝ ընտանեկան արխիվից։

Սլավիկի կինը պատմում է, որ պատերազմն սկսվելուց մեկ օր առաջ ամուսինը զորքը հանել է դիրքեր՝ մարտական հերթափոխի։ Հաջորդ օրն ամուսինը դաստակի շրջանում վիրավորում է ստացել և չնայած բժիշկների հորդորներին՝ նման վիրավորումով նորից դիրքեր չվերադառնալ, Սլավիկը պատասխանել է, որ չի կարող զինվորին մարտի դաշտում մենակ թողնել: 

«Ինքը հոսպիտալը թողել, գնացել ա, մարտնչել են, երրորդ օրը ինքը կոորդինատներ տալուց ա եղել, ԱԹՍ-ն եկել, նկարել ա հատվածը, ինքն իր լեյտենանտի հետ ա եղել: Ներքևից կանչել են Սլավին, ինքը չի իջել ներքև, լեյտենանտին ասել ա՝ ես կոորդինատ եմ տալիս, արագ իջի ներքև ու կգաս, տեսնես՝ ինչ են ասում։

Լեյտենանտը 10-15 մետր էն կողմ ա հեռանում, ֆուգասն ընկնում ա Սլավից մի մետր էն կողմ, միանգամից զոհվում ա։ Հարվածները եղել են գլխին, ոտքին, շպրտելու ընթացքում ոտքի հատվածում կտրվածքներ են եղել՝ երկու-երեք տեղից»,- արցունքն աչքերին դեպքի մասին ամուսնու ընկերների փոխանցած մանրամասներն է պատմում կինը։

Մերին պատմում է, որ դեպքից մի քանի ժամ առաջ՝ սեպտեմբերի 29-ին ժամը 12-ն անց կեսի կողմերն է խոսել է ամուսնու հետ, ամուսնուն խնդրել է, որ Աստծուն աղոթի, որ Աստված պահապան լինի նրան: 

«Ինձ էլ ասեց՝ պի՛նդ եղի, հանկարծ չլացես, բայց ես ուրախ էի, ժպիտը դեմքիս խոսում էի, գործի տեղն ասեցի՝ Սլավը զանգել ա»։ Զրույցից 2 ժամ անց Մերին հանկարծակի ծանր զգացողություն է ունենում, ասում է՝ միանգամից մռայլություն իջավ սրտիս: 

«Իմ սիրտը միանգամից սևացավ, էդ զգացողությունը երբեք չեմ ունեցել, չեմ ցանկանա, որ մեկը դա զգա։ Գնացել եմ առանձին սենյակ, Աստվածաշունչ եմ բացել, ուզում եմ կարդալ, ուզում եմ աղոթել, ոչ կարում եմ աղոթել, ոչ կարում եմ կարդալ Աստվածաշունչը։ Միայն ասել եմ՝ Տեր Աստված, իմ Սլավին փրկի, ես իմ Սլավիս, սաղ կյանքս քեզ եմ հանձնել, խնդրում եմ՝ փրկի։ 

Դեպքը լինում է ժամը 2-ն անց կեսից 3-ն անց կեսի մոտերը»,- դողացող ձայնով ասում է կինը ու նշում, որ չէր կարող պատկերացնել, որ ամուսնու հետ նման բան կպատահի։

Ասում է՝ ամուսինը և իր գործում էր շատ հմուտ, և շատ լավ մարդ էր, ընտանիքը մշտապես նրա համար աղոթել է, դրա համար կարծում էին, որ Սլավիկի ոտքը քարին չի առնի։ 

«Ես չեմ պատկերացրել, որ Սլավին մի բան կարա լինի, որովհետև իր մեջ ոնց որ հրեշտակ նստած լիներ, բարի, շատ մաքուր, մարդկանց հասնող։ 

14 տարի մենք ամուսնացած ենք եղել, 6 ամիս ընկերություն ենք արել, մի ամսվա ծանոթ ենք եղել, որ ինքը մեկնել ա Իրաք, ես էդ օրվանից մինչև զոհվելը ու այսօր էլ իրա համար միշտ աղոթել եմ, դրա համար էլ չեմ պատկերացրել, որ իրան ինչ-որ բան կլինի»։

Չնայած սպասումներին, որ ամեն բան լավ կլինի, հոկտեմբերի 1-ին ընտանիքը ստանում է գույժը, որ Սլավիկը զոհվել է:

Կինը պատմում է, որ Փարաքարի գյուղապետարանից իրեն զանգել են, ամուսնու հետ կապված ճշտումներ արել  և հայտնել, որ Էջմիածնի հիվանդանոցում վիրավոր կա։ Մերին գնում է հիվանդանոց, սակայն նրան չեն թողնում ներս մտնել, քանի որ բուժանձնակազմն իմացել է, որ Մերին երեխայի է սպասում։

«Ես 3,5 ամսական հղի էի, ինձ չէին թողնում, որ գնայի մորգի կողմը, զանգեցի սկեսրայրիս, ասեցի՝ պապա՛, որտե՞ղ ես, ասեց՝ որտեղ պիտի լինեմ՝ մորգում: Ու ամբողջ ներաշխարհս խառնվեց իրար։

Բայց ես ուժ գտա, ես անպայման ուզում էի ինչ ձև էլ լիներ իրան տեսնեի… Ներս մտա, բերեցին Սլավին՝ դիակը ծածկված, ես արդեն սապոգների տակից ճանաչեցի իրան, որ դա իրա սապոգներն էին, որովհետև ես իրա ամեն ինչը ճանաչում էի, թեկուզ մի ձեռն էլ մնացած լիներ, ես իրա եղունգից էլ կճանաչեի, իրա ոտի ճկույթից էլ կճանաչեի, որ էդ ինքն ա։

Ինքն ամբողջությամբ փոշով էր պատված, ես իրան փաթաթվեցի։ Ես հավատում եմ և՛ հոգուն, և՛ երկնային կյանքին, մենակ էդ պահին խնդրել եմ Աստծուն, որ չնայած ինքը շատ բարի մարդ էր, բայց խնդրել եմ՝ մաքրի, ների իր բոլոր մեղքերը, որ ընդունի իր արքայության մեջ»,- պատմում է Մերին և հուզմունքով նշում, որ հաճախ է երազում ամուսնուն տեսնում, որն ասում է, թե իր տեղը  լավ է։

Մերին ասում է՝ ցանկացել է սիրելի ամուսնուց որևէ հուշ ունենալ, խնդրել է դիահերձարանի աշխատակիցներին, որ մի փոքր արյուն վերցնի Սլավիկից: 

«Ես ուզում էի Սլավից մի հուշ ունենայի, բացի նրանից, որ երկու երեխեքս կային, ես խնդրեցի աշխատողներին մի փոքր արյուն են վերցնել իմ Սլավից, որ գոնե հենց իր մասնիկը ես ունենամ։ Անձեռոցիկով սառնարանում եմ պահում, որ չփչանա, որ ես իմ Սլավից ինչ-որ բան ունենամ»,- հուզվում է կինը։

Մերին ասում է, որ 14 երջանիկ տարիներ է անցկացրել ամուսնու հետ։ Փոքր հասակում հորը կորցնելուց հետո Մերիին երջանկություն ու ուրախություն է բերել ամուսնու հայտնվելը իր կյանքում։

Սլավիկ Ավետիսյանը՝ կնոջ և դուստրերի հետ։ Լուսանկարը՝ ընտանեկան արխիվից։

«Որ ասում են՝ ո՞րն է աստվածայինը, հենց սա էր աստվածային սերը, այդ սիրո պտուղներն են իմ բալիկները։ Ես իր նմանին չեմ տեսել, անգամ ֆիլմերում չկա, ինքը շատ հարգանքով, շատ սիրալիս էր կնոջ ու ընտանիքի հանդեպ։ Շատ կատակասեր էր, շատ մեծ համբերություն ուներ, շատ մեծ սիրով լցված էր երեխաների, ընտանիքի հանդեպ։

Իմ հոր կորստից հետո շատ տխուր եմ եղել, իրա հետ հանդիպելուց հետո ինքը իմ կյանքը 90 աստիճան փոխել ա, փորձել ա մեջիս տխրությունը կոտրի։ Թեկուզ դրսում էլ լինում էր, օրը մի տասը անգամ զանգում էր, զանգելուց պիտի պարտադիր էնպիսի բաներ ասեր, որ ուրախանայինք, ծիծաղեինք»,- կարոտով հիշում է կինը:

Մերին ասում է, որ հիմա այնպես է ապրում, որ կարծես թե ամուսինը գալու է, անընդհատ սպասման մեջ է։

Ամուսնու զոհվելուց Մերին երկրորդ ծանր սթրեսն է տանում, երբ մեկ ամիս անց իր և ընտանիքի մոտ կորոնավիրուս է հաստատվում, և որոշ ժամանակ անց Մերիի ինքնազգացողությունը վատանում է, կորցնում է սպասված երեխային։

«Սլավիս սպասված երեխան էր։ էն օրվանից, որ հղիությունս հաստատվեց, անունը դրեցինք Նարեկ ու Նարեկ անունով էլ խոսում էինք։ Երեխուն կորցնելը կրկնակի ուժեղ ցավ էր, երեխեքն էլ Սլավի զոհվելուց հետո սպասում էին ապերիկին։ Ես երեխեքին հույս էի տալիս Սլավի զոհվելուց հետո, ասում էի՝ պապան մեզ նվեր ունի, բայց․․․»,- հուզվում է Մերին ու նշում՝ շատ ծանր ապրումների միջով է անցել։

Սլավիկ Ավետիսյանի մայրը՝ 65-ամյա Սեդա Ավետիսյանը, որդու զոհվելուց հետո միանգամից ծերացել է։ Վառ, գունեղ հագուստներն սևով է փոխել։ Ասում է՝ ոչ միայն հագուստներն են սև, նաև իր ներսում է ամբողջովին մթություն։

Սլավիկ Ավետիսյանի մայրը՝ Սեդա Ավետիսյանը

«Իմ աշխարհը սևացել ա։ Հիմա սա ապրել չի, որ ապրում ենք, քայլում ենք, պիտի ապրենք, եթե չենք մեռնում։ Ամեն տեղ իրան ենք փնտրում, նույնիսկ Եռաբլուրում ես իրան եմ փնտրում։ Մենք դժոխքի մեջ ենք հիմա, երևի մեր վիշտը կհասկանան միայն նրանք, որ կորցրել են»,- արցունքները սրբելով ասում է մայրը։

Սեդան հիշում է, որ տղայի զոհվելու օրը եկեղեցի էր գնացել մեծ թոռան հետ, աղոթել տղայի ու բոլոր զինվորների համար: «Մտանք եկեղեցի, ասեցի՝ Մոնիկա՛, տեսնո՞ւմ ես՝ ինչ տխուր է այստեղ ժողովուրդը նստած, բայց ես չէի մտածի, որ կարող է ինչ-որ մի վատ բան իմ տղայիս պատահի: Մտածում էինք՝ մի 2 օրվա թեթև պատերազմ է, կանցնի, աղոթում էինք բոլոր տղաների համար, ասում էի՝ Աստված ջան, տղայիս փորձանքից ազատի, փաստորեն էդ ժամանակ իմ տղան արդեն զոհվել էր»,- կսկիծով ասում է մայրը:

Պատմում է, որ հոկտեմբերի 1-ին ամուսինը տուն է մտել, համբուրել իր ճակատն ու ասել՝ պի՛նդ կաց։ Սկզբում մայրը գլխի չի ընկել, թե ինչի մասին է խոսքը։ Այնուհետև, երբ իմանում է, որ պետք է Էջմիածնի մորգ գնան, թոռներին դիմելով՝ գոռացել է․

«Ասում էի՝ ձեր պապան չի, սխալ տեղեկություն ա, ձեր պապան չի զոհվել։ Ձեռքս խփեցի սեղանին, դաստակս կոտրվեց, ես ընդհանրապես ցածր ձայն ունեմ, էնքան բարձր եմ գոռացել ու ճչացել, որ բոլորը թափվել են մեր տուն»,- կսկիծով ասում է մայրը։

Սեդան ասում է՝ տղան շատ ուրիշ էր, ժպտադեմ, գեղեցիկ, բարձրահասակ, շատ մեծ սիրտ ուներ, ազնիվ, երեխայասեր ու ազգասեր։ Մոր խոսքով՝ զինվորները տղային շատ էին սիրում, տղան էլ՝ զինվորներին․ «Զինվորներին ասում էր, որ ձեզ մի բան պատահի, ես ձեր ծնողներին ի՞նչ պատասխան եմ տալու, պառկեք, հանկարծ ձեզ գնդակ չկպնի։

Կյանքում մի անգամ չի եղել, որ նեղացներ ծնողներին, ինչ ասում էինք՝ ասում էր՝ էղավ, մա՛մ ջան: Կարող է էդ պահին չաներ, բայց ինքը կյանքում չէ չէր ասում, մենակ՝ էղավ, մա՛մ ջան, էղավ, պա՛պ ջան։ Ինքը կյանք տվող տղա էր, փոքր ժամանակ ինքը կարող էր մի մարդուն 5 անգամ բարև տալ, ասում էի՝ Սլա՛վ, բայց մեզ բարևել ես, ասում էր՝ ոչինչ, ինքը բոլորիս էր կյանք տալիս»,- հուզվում է որդեկորույս մայրը։

Լուսանկարում՝ աջից Սլավիկ Ավետիսյանի կինը, Սլավիկը, մայրը, եղբայրն ու եղբոր կինը։ Լուսանկարը՝ ընտանեկան արխիվից։
Սլավիկ Ավետիսյանը եղբոր և հոր հետ։ Լուսանկարը՝ ընտանեկան արխիվից։
Սլավիկ Ավետիսյանը քրոջ՝ Հայկանուշի հետ։ Լուսանկարը՝ ընտանեկան արխիվից։

Սեդան ասում է՝ չեն կարողանում համակերպվել որդու կորստի հետ, ամեն վայրկյան տղայի հետ է խոսում։ Ասում է՝ միշտ երազել է չոր աչքով գերեզման մտնել, անգամ իր շիրմաքարի համար գրություն էր մտածել․ «Գուցե տարօրինակ թվա, բայց ես նույնիսկ իմ շիրմաքարիս համար գրություն էի մտածել, որ գրեին՝ այստեղ հանգչում է երջանիկ մայրը, որը չոր աչքով է գերեզման  մտել, բայց չստացվեց, չգիտեմ՝ ինչի՞»,- արտասվում է մայրը։

Սլավիկի եղբայրը՝ Էդուարդ Ավետիսյանը, որ երկու տարով է մեծ եղբորից, ասում է, որ շատ կապված էին իրար հետ, փոքր հասակից մտերիմ եղբայրներ ու ընկերներ էին, միշտ իրար օգնում էին ու աջակցում։ Ասում է՝ եղբայր կորցնելը դաժան է, անպատկերացնելի։ «Մարդ չի էլ գիտակցում, դժվար ա հավատալ, ու չենք էլ հավատալու, ինքը պիտի միշտ իմ հետ լինի։

Որ իմացա զոհվելու մասին, արագ հասա Էջմիածին, էդ օրը չթողեցին ներս մտնեմ, հաջորդ օրն ասեցին՝ թող գա, ահագին մարդիկ կային հավաքված, ահագին զոհեր կային, հաջորդ օրը մտա, տեսա, ոնց որ ես էլ մահացա ու նորից կենդանացա, ոնց որ մեռնես ու նորից հետ գաս»,- հուզմունքը կոկորդում խեղդելով ասում է եղբայրը։

Սլավիկ Ավետիսյանի եղբայրը՝ Էդուարդ Ավետիսյանը

Ծանր ու ողբերգական դեպքից հետո ընտանիքին հույս ու ուժ են տալիս հարազատները, մտերիմները, ընկերները և ամենակարևորը՝ Սլավիկի երկու աղջիկները՝ 14-ամյա Մոնիկան և 7-ամյա Էլենը։

«Որպես ծնող ապրում ենք, որովհետև ստիպված ենք, մի քանի անգամ մտածել եմ ինքնասպանության մասին, բայց ինձ միայն այն ա պահում, որ ես Սլավիս չեմ տեսնի, ես գիտեմ, որ իմ Սլավը կմեղադրի, որովհետև ինքն իմ երազում ասել ա՝ աղջիկներիս կպահես»,- նշում է տիկին Սեդան։

Սլավիկի մայրն ասում է, որ հիմա միակ ցանկությունն է, որ երկինքը խաղաղ լինի, որ ամեն օր չլսեն նոր զոհերի մասին։ Նշում է՝ դիմանալ հնարավոր չէ, սահմանի լարվածությունն էլ ավելի ճնշում ու ցավ է պատճառում իրենց․

«Ես ուզում էի՝ իմ տղան վերջին զոհը լիներ, բայց իմ տղան առաջին զոհերից էր։ Եթե չլիներ «Բայրաքթարների» այս պատերազմը, մեր զինվորին ոչ ոք չէր կարա հաղթեր, սա անհավասար պատերազմ էր։ Մեր տղաները զոհվեցին, զոհվում են, մինչև ե՞րբ։ Գոնե Հայաստանի սահմանները պետք է անառիկ մնան, որպեսզի կարողանանք տեր կանգնենք Արցախին։ Ես չեմ ուզում մտածեմ, որ իմ Սլավը իր ընկերների հետ իզուր ա զոհվել, դա շատ դաժան բան ա»։

Արփինե Արզումանյան

MediaLab.am