«Երեխաների շրջանում հիվանդացության աճ կա, բայց հիվանդանոցային ծանրաբեռնվածությունը, բարեբախտաբար, չի մեծացել»․ մանկաբույժ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է մանկաբույժ, ՀՀ առողջապահության նախարարության մանկաբուժական խորհրդատու Սերգեյ Սարգսյանը

– Պարո՛ն Սարգսյան, վերջին 2 շաբաթվա ընթացքում Հայաստանում կորոնավիրուսի 55 տոկոս աճ է նկատվել, երեխաների շրջանում ևս վարակման դեպքերի աճ է գրանցվել, առողջապահության նախարարությունը հայտնեց նաև, որ երկրում շրջանառվում է «դելտա» շտամը, որը մյուս շտամների համեմատությամբ ավելի արագ է տարածվում։ Գիտենք, որ մեր հարևան երկրում՝ Վրաստանում, այս շտամից երեխաների առնվազն 2 մահվան դեպք է արձանագրվել, մահացած երեխաները ուղեկցող քրոնիկական հիվանդություններ չեն ունեցել։ Ի՞նչ իրավիճակ է մեզանում: Կա՞ն արդյոք «դելտա» շտամից վարակման դեպքեր Հայաստանում երեխաների մոտ։

– «Դելտա» շտամը, ամենայն հավանականությամբ, ինչպես նաև շատ այլ երկրներում, վաղուց է շրջանառում Հայաստանում։ Թեստերը, որ վերցվել  են, ժամանակ է պահանջում ստուգելու համար, ստուգման պրոցեսը այնքան էլ փոքր չէ։ Համեմատական առումով՝ երեխաների մոտ հիվանդացության աճ կա, բայց հիվանդանոցային ծանրաբեռնվածությունը, բարեբախտաբար, չի մեծացել, խոսքն առնվազն եզակի դեպքերի մասին է՝ օրվա կտրվածքով մոտ 5-10 հոսպիտալաց է կատարվում: Դա կապված է այն բանի հետ, որ «դելտա» շտամն իրոք այնքանով լավ չէ, որ կարծես թե իրապես հեշտ և ավելի շատ մարդ է վարակում, բայց  մինչ օրս ապացուցված չէ, որ առանձնահատուկ շատ ծանր  խնդիրներ է առաջացնում։

Բարեբախտաբար, անցյալ տարվա համավարակի սկզբից երեխաների հիվանդացությունը այդքան մեծ չի եղել, և հույս ունենք, որ նոր շտամները շատ ավելի վատ հետևանքներ չեն ունենա երեխաների շրջանում:

Միջազգային հրապարակումներն էլ այնպես չէ, որ հստակ ասում են՝ ավելի ծանր պետք է լինի։ Վրաստանում եղել են մահվան դեպքեր, բայց առնվազն մեկ դեպքն է եղել «դելտայի» հետ կապված, մյուսները այլ շտամներ են եղել։

– Արդյոք Հայաստանում կա՞ն բարդություններ երեխաների մոտ կորոնավիրուսային վարակից հետո և եթե կան՝ ի՞նչ բարդությունների մասին է խոսքը։

Բնականաբար եղել են թեթև դեպքեր, եղել են միջին ծանրության դեպքեր, եղել են ծանր դեպքեր, բայց ոչ ավելի ծանր, քան միջին շնչառական վարակը։

Մենք հիմա Հայաստանում ունենք, օրինակ՝ շրջանառող ռեսպիրատոր սինցիտիալ վիրուս (RSV), որն ավելի ծանր է ընթանում երեխաների շրջանում, քան կորոնավիրուսը։ Մեզ քաջ ծանոթ սեզոնային վիրուսները ամեն տարի մանկաբուժական համակարգին այս կամ այն աստիճանի ծանրության սթրեսի են ենթարկում, և այն սթրեսը, որ տանում է հասարակությունը և, պայմանական ասած, մեծահասակների ծառայությունը, մենք ամեն անգամ, ամեն տարի տանում ենք։

Ուղեկցող հիվանդությունները նշանակություն ունեն ինչպես մեծահասակների դեպքում, այնպես էլ երեխաների համար:

Թեև մենք հիմա նկատում ենք դեպքերի հարաբերական աճ, բայց դրա թիվը աշնանը շատ ավելի մեծ էր։ Ամենապիկը եղել է աշնանը։

– Հաշվի առնելով, որ Հայաստանում, չնայած աշխատանքներին, պատվաստանյութի դեմ հակաքարոզչության հետևանքով պատվաստվողների թիվը շարունակում է ցածր մնալ, «դելտա» շտամի դեպքում ի՞նչ իրավիճակ կարող ենք ունենալ։ Պե՞տք է վախենալ նոր ալիքից, թե՞ ոչ։

– Դժվար է ասել, բոլորն էլ հասկանում են, որ վարակվածների թիվը շատ ավելին է, քան թեստավորվածներինը, և ինչպիսի գլոբալ իմունիտետ ունի բնակչությունը, և ինչպես կդրսևորվի դա «դելտայի» հետ կապակցված, ինչ թվով բնակչություն կպատվաստվի՝ դժվար է ասել։

Պատվաստվել պետք է, ես դրանում կասկած չունեմ։ Մենք հետևում ենք այլ երկրների, պատվաստումները մահերի տեսակարար կշիռը կրճատում են, որն ամենակարևորն է։ Դրա համար պետք է պատվաստվենք և պահպանենք կանխարգելիչ միջոցները։

Աշխարհի մի շարք երկրներում կորոնավիրուսի դեմ սկսել են պատվաստել նաև երեխաներին, Վրաստանում ևս օրերս պատվաստվել է առաջին երեխան, որը 12 տարեկան է։ Եվրոպական մի շարք երկրներում ևս ակտիվորեն ընթանում է երեխաներին կորոնավիրուսի դեմ պատվաստելու գործընթացը։ Արդյոք Հայաստանում հավանական համարո՞ւմ եք, որ սկսեն երեխաներին պատվաստել։

-Ինչ-որ պահի՝ այո՛, բայց մենք այդ փուլ չենք հասել։ Երկրներում սկսում են պատվաստել երեխաներին, երբ բնակչության 60 տոկոսը պատվաստված է, հետո սկսում են խոսել ուրիշ խմբերի մասին, բայց մենք հեռու ենք դրանից։

Խոցելի խմբերին ենք պատվաստում, երեխաները, փառք Աստծո, չեմ կարող ասել՝ վաղն ինչ կլինի, բայց մինչև հիմա ունեցել ենք կորոնավիրուսից մեկ մահ՝ անցյալ տարի, ծանր ուղեկցող հիվանդություն ունեցող դեռահաս էր, կորոնավիրուսի դերակատարումը երեխայի մահվան 5 տոկոսն էր։

– «Դելտա» շտամով վարակվածությունն ի՞նչ նախանշաններ ունի, ինչպե՞ս է արտահայտվում։ Ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ կան, որ խորհուրդ կտայիք ծնողներին։

«Դելտա» շտամը տարբերվում է նրանով, որ ավելի արագ է տարածվում, ոչ մի առանձնահատուկ բան չկա։ Այն, ինչ մինչ այդ էր ասվում ՝ դիմակ կրել, ձեռքերը հաճախակի լվանալ, իրարից հեռու մնալ, նվազեցնում է հավանականությունը, դա է, նոր բան չկա։

Մանե Հարությունյան

MediaLab.am