«Մեր կյանքը կանգ առավ, ինձ Հարութից մնացին մի շքանշան ու երբեք չմեռնող կարոտ»․ Նելլին ամուսնուն կորցրեց Խծաբերդի մարտերում

«Շոկի մատնվեցինք, չէի պատկերացնի, որ իմ կյանքը տենց տակնուվրա կլիներ»,- հուզմունքով ասում է Նելլի Սահակյանը, որն ամուսնուն կորցրել է 44-օրյա պատերազմի ավարտից շաբաթներ անց՝ Խծաբերդում և Հին Թաղերում հակառակորդի հարձակման ժամանակ։

Նելլին պատմում է, որ ամուսինը՝ 27-ամյա Հարություն Մկրտչյանը, պատերազմի ժամանակ Ջրականում է եղել, մասնակցել է թեժ մարտերին, այնուհետև տուն է վերադարձել, սակայն պատերազմի ավարտից հետո՝ նոյեմբերի 26-ին, ամուսնուն կրկին կանչել են՝ Լաչին տանելու նպատակով:

«Սկզբից ասել էին, թե Լաչին պիտի գնան, բայց, չգիտեմ ինչի՝ չէին տարել, տարել էին Հադրութ՝ Խծաբերդի, Հին Թաղերի պաշտպանությանը։ Մենք որ հարցնում էինք՝ որտե՞ղ եք, ասում էր՝ մենք էլ չգիտենք, ծանոթ չենք այս վայրին: 3 օր էր մնացել, որ իջնեին, նոր ասեց՝ Խծաբերդում ենք: Մենք խառնվեցինք իրար, որովհետև գիտեինք՝ Հադրութը տված էր, իրանք շուրջբոլորը թուրքերով են շրջապատված եղել, բայց ոչինչ չկարողացանք անել»,- հուզմունքը կոկորդում խեղդելով պատմում է 22-ամյա կինը։

Վերջին անգամ Հարությունի հետ ընտանիքը կապ է հաստատել դեկտեմբերի 11-ին՝ երեկոյան ժամը 6-ին։ Նա ասել է, որ առավոտյան դիրքերից իջնելու են և տուն վերադառնան, բայց «Էդ վաղը չեկավ»։

Խծաբերդում և Հին Թաղերում տեղի ունեցած մարտի մասին Մկրտչյանների ընտանիքը տեղեկացել է լուրերից: Նելլին հույս ուներ, որ ամուսինը ողջ կլինի, քանի որ զոհերի մասին չէր հիշատակվում․ «Սիրտս վախենում էր, բայց չէին ասում, որ զոհ կա, դրա համար մի քիչ արխային էի»։

Ընտանիքը Հարությունից ոչ մի զանգ չստանալով և իմանալով, որ Խծաբերդում մարտեր են եղել, փորձում է կապ հաստատել զորամասի հետ, ճշտել՝ արդյոք որևէ տեղեկություն կա՞ տղաներից․ «Ասեցին, որ չեն կարողանում կապ հաստատել, տեղյակ չեն, մինչև ամսի 17-ը մերոնք գնացին Արցախ, վերադարձան, տեղեկություններ չէինք կարողանում ստանալ։ Վերջին պահին ռուսների գեներալը զանգել ա, ասել՝ 9 զոհ ունենք… Ամսի 17-ին իմացանք, որ տղերքը չկան»,- կսկիծով ասում է Նելլին ու ցավով նշում, որ տղաների հերոսության մասին որևէ տեղ չի խոսվում։

«Մինչև այսօր տղաների անունները չի շոշափվում, չեն խոսում, ոչ մի տեղ չկան իրենց անունները, չեմ հասկանում՝ ինչի են թաքցնում։ Տղաները մինչև վերջ կռիվ են մղել թնամու դեմ, իրենց զենքը վերջացել էր, օգնություն են խնդրել, բայց օգնությունը չի հասել, ինչի՞ չի հասել՝ դա էլ չգիտենք»,- հուզվում է կինը:

Հարություն Մկրտչյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով։

Նելլին ասում է՝ ամուսնու կորստի հետ հաշտվել չի կարողանում․ «Տղես անընդհատ հարցնում ա, ասում ա՝ ո՞ւր ա պապան, ինչի՞ չի գալիս, ի՞նչ ասեմ, ո՞նց ասեմ…»- հուզվում է Նելլին։

Նելլին և Հարությունն ամուսնացել են 2014-ին։ Երկու երեխա ունեն՝ 4-ամյա Սեյրանը և 1-ամյա Եվան։ «2020-ին՝ չարաբաստիկ տարում ծնվեց աղջիկս։ Օգոստոսի 21-ին ծնվեց, հայրը սեպտեմբերին մեկնեց, մի ամիս բան ա տեսել երեխային»,- ասում է Նելլին։

Աշխատասեր, հոգատար, մշտապես բոլորին օգնող ու ընկերասեր․ այսպես է բնութագրում ամուսնուն Նելլին։ 

Նելլին պատմում է, որ բանակում ծառայելիս Հարությունը ավագ սերժանտի կոչում է ստացել։ Հաճախ էր ափսոսում, որ զինվորական չի դարձել․ «Հպարտանում էր, որ Քյոխի զինվորն ա եղել»։

Բանակում ծառայությունն ավարտելուց հետո Հարությունը հողագործությամբ է զբաղվել։ Ծիրանի, խաղողի այգիներ ուներ, տուն էր կառուցում ընտանիքի համար․ «Բայց ամեն ինչ կիսատ մնաց»։

Ամուսնության 7 տարիներից Նելլին միայն երջանիկ հուշեր ունի։ Ասում է՝ հիմա շատ դժվար է գիտակցել, որ ամուսինը չկա․ «7 տարի ենք իրար հետ ապրել, ինձ կյանքում չի նեղացրել։ Մենք իրար շատ էինք սիրում, ինքն ինձ միշտ ասում էր՝ դու ինձ համար աշխարհ ես, իմ համար ամեն ինչ ես»,- պատմում է Նելլին ու ասում, որ կարոտը անչափելի է, կարոտում է ժպիտը, ձայնը, իր ներկայությունը։

Նելլին ասում է, որ զգացմունքները խառնվել են, մի կողմից հպարտ է, որ ամուսինը հերոսաբար պայքար է մղել, մյուս կողմից՝ ցավն է ու կսկիծը․ «Մեր կյանքը կանգ առավ։ Ինձ Հարութից մնացին մի շքանշան ու երբեք չմեռնող կարոտ»։

Արփինե Արզումանյան

MediaLab.am