Անտեղյակ վարչապետը և ուսուցիչների աշխատավարձը

Վահրամ Թոքմաջյան

Որոշել էի չանդրադառնալ ուսուցիչների կամավոր ատեստավորման խնդրին, սակայն առկա գործոնները ստիպեցին։

Անցյալ շաբաթ այն զուռնա-դհոլով ներկայացվեց կառավարության նիստին՝ որպես դարակազմիկ ձեռքբերում։ 

Էլ դատախազ, էլ արտգործնախարար՝ խիստ հետաքրքրված էին այդ գործընթացով, կարծես իրենց ոլորտներն իդեալական տեսքի էին բերել։ 

Իհարկե ինձ անհանգստացրեց այն, որ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մի մառազմատիկ միտք չարտաբերեց, բայց նրան լրացնելու եկավ վարչապետը։ 

Եկավ լրացնելու ու իրեն բնորոշ անտեղյակությամբ (նորից ակնհայտ էր, որ սխալ էին զեկուցել) զարգացրեց մտքեր, որոնք բնավ կապ չունեն գործընթացի, դրա էության հետ։

Այս ամենին կցվեցին ֆեյսբուքյան «ինծիլիգենտների» ու խիստ «գրագետների» այն խմբերը, որոնք նոր են անցում կատարում քափսուլաքահայերենից (լատինատառ գրող հայ) մեսրոպատառին և «Օդնոկլասնիկ»-ից ներգաղթածների վերջին մոհիկաններն են։

Թիրախում, ինչպես միշտ, հայտնվեց ուսուցիչը, և դարերի ողբերգության կուժն ու կուլան հերթական անգամ ջարդեցին ուսուցիչներիս գլխին։

Ի՞նչ է կամավոր ատեստավորումը

Դու գնում ես մի վայր, որտեղ քեզ տալիս են դագաղ թեստեր՝ շտեմարաններից քաղված ու պարտադիր զուբրիտի մշակույթն անգիր արած, պետք է ապացուցես, որ լավ գիտես այն, ինչը տարիներ շարունակ քանդել է մեր կրթական համակարգը։ 

Եթե ապացուցում ես, որ լավ զուբրիտ ես արել, ապա քո աշխատավարձը բարձրանում է 30000 կամ 50000 դրամով։ Բայց այս խաղի հմայքն այն է, որ նախարարի հրամանը նմանվում է լոտոյի։ Այնտեղ չի ասվում, թե ի՛նչ առաջադրանքներ են լինելու, արդյոք ստուգելու են քո ինտելեկտը, հմտությունները, մեթոդական իմացությունը, ի վերջո, մարդու հետ աշխատելու կարողություննե՞րը։ 

Հրամանում ասվում է, որ քեզ տալու են կարճ պատասխաններ պահանջող հարցեր։ Օրինակ՝ կարող էր հարց լինել․ «Ապագա կա՞»։ 

Սա այդ հարցերից մեկն է․ «Քաղաքից տեղում էին նետեր, ինչպես անձրևն ամպերից, պարսատիկների քարերն անձրևի կաթիլների պես․․․ պարիսպներից թափվում էին ամբողջ տարին աղմկոտ սուլոցով։ Օրերն անցնում էին, ամիսները՝ երկարում․․․»։ 

Եթե դու չգիտես, թե սա ում մտքի զեղումն է որևէ ճակատամարտի հետ կապված, ուրեմն վերջ՝ վատ ուսուցիչ ես։ Իսկ, ըստ վարչապետի, դու պետք է փոխես ոլորտդ։

Ի՞նչ չգիտի վարչապետը

Կարգը, որով կազմակերպվում է այս գործընթացը, հակասում է «Հանրակրթության մասին» օրենքին։ Նախարարի անունից տրվել է կարգի հրաման, որի իրավունքը նա չուներ։ Ատեստավորման կարգի իրավականացումը կառավարության, ասել է թե՝ վարչապետի լիազորությունն է, որն իրեն է վերագրել ԿԳՄՍ նախարարը։

Վարչապետը չգիտի նաև այն, որ այս թեստերն ու դրանց բովանդակությունը հակասում են իր իսկ հանրահռչակած սկզբունքներին։ 

Դեռ մի կողմ դնենք անձը և նրա հռչակած մտքերը։ Այս թեստերի բովանդակությունն ուղիղ թշնամանք է կրթության նկատմամբ։ Այս թեստերի բովանդակությունը քանդել է մեր տունը։ 

Սովորողին չեն տվել որևէ կիրառելի հմտություն։ Սովորողը զուբրիտ է արել ինչ-որ թվեր, անուններ անգիր սովորել, բայց հենց մտել է կյանք, տեսել է, որ այդ ամենը որևէ աղերս չունի իրականության հետ, ու որևէ տեղ իրեն պետք չի գալու։ Հիմա նույնն անում ենք ուսուցչի հետ։ Մյուս կողմից ասում ենք՝ ուսուցի՛չ, ձեր բոլորի ստացած դիպլոմները կեղծ են։ Այն, ինչ դուք ժամանակին անգիր եք արել և ինչի շնորհիվ դիպլոմ եք ստացել, կեղծ է։ Արի, վերահաստատի։ Տրագեդիան անմահ է։

Ի՞նչ չգիտեն այն էլիտաներ երևակվող ֆեյսբուքյան խմբերը, վարչապետը և այլք

Նախ՝ չգիտեն գործընթացը և դրա բուն էությունը։ Իսկ որքան չես տիրապետում գործընթացին, այդքան հեշտ է դիլետանտ դատողություններ կատարելը։ 

Որքան դիլետանտ ես, այդքան հեշտ է մուննաթ գալը։ Իսկ մուննաթի խրթին ոլորաններում կորցնում ես կշռադատելու ունակությունը։ Մի երկրում, որտեղ դատախազը կոռումպացված է, դատավորը՝ անարդար, սպաներիդ մի մասը՝ մարտի դաշտից փախչող, կառավարությունը՝ դիլետանտ, ԱԺ-ն՝ կոմֆորմիստների հավաքածու, ոստիկանը՝ փորով, բոլոր մեղքերի պատասխանատուն էլ ուսուցիչը պետք է լինի։

Հետգրության փոխարեն

Եթե որոշեն այս բովանդակությամբ շարունակել որակավորել ուսուցիչներին և այն դարձնել պարտադիր, ես ավելի շուտ դուրս կգամ դպրոցից, քան կմտնեմ կրթությունը ոչնչացնող այս սպանդանոցի մեջ։

Ռեֆորմի նպատակը բարի է, իրականացման ձևը՝ ողբերգական։

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am