«Համազգային ընդվզման հիմքեր կան, բայց Ռոբերտ Քոչարյանն այն քաղաքական լիդերը չէ, որ պետք է առաջնորդի այդ շարժումը». Արմեն Բաղդասարյան

Լուսանկարը՝ media.am

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը

– Պարո՛ն Բաղդասարյան, Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը նոյեմբերի 8-ին հանրահավաք է հրավիրել, որով, իրենց բնորոշմամբ, հիմք է դրվելու համազգային ընդվզման: Այս պահին համազգային ընդվզման հիմքեր տեսնո՞ւմ եք:

– Այո՛, հիմքերը կան՝ սկսած սոցիալականից, վերջացրած այլ խնդիրներով, բայց չեմ կարծում, թե Ռոբերտ Քոչարյանն այն քաղաքական լիդերն է, իսկ իր ղեկավարած քաղաքական ուժը՝ այն ուժը, որը պետք է առաջնորդի այդ շարժումը:

Իսկ օրվա ընտրությունն ինչո՞վ եք պայմանավորում, ինչո՞ւ ավելի շուտ կամ ուշ ընդդիմությունը հանրահավաք չհրավիրեց:

– Օրվա ընտրությունը պատահական չէ: Կարծում եմ՝ ընդդիմությունը փորձում է լուրջ շարժում սկսել, որը նախատեսված չէ մեկ օրվա համար, եթե հաջողեն մարդաշատ հավաք կազմակերպել՝ դա կկրի շարունակական բնույթ, ու նրանք և՛ նոյեմբերի 9-ին, և՛ 10-ին կշարունակեն հանրահավաքները: Օրվա ընտրության նպատակն ակնհայտորեն անցյալ տարվա նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիայի մեկ տարին է, ու հիմնական ասելիքն էլ դրան է վերաբերելու:

Ընդդիմության, նկատի ունեմ նաև՝ «Պատիվ ունեմ» դաշինքը, քանի որ նրանք էլ են մասնակցելու այդ հանրահավաքին, հանրահավաքների նախորդ փորձերը հաշվի առնելով, կարծում եք կհաջո՞ղի նրանց մարդաշատ հանրահավաք ապահովել:

– Դա կախված կլինի նրանց ներդրած ռեսուրսներից: Բավականին լուրջ հիմքեր ունեն այդպիսի շարժում նախաձեռնելու, ուղղակի մի քանի հանգամանքներ պետք է դիտարկել: Նախևառաջ համավարակի այս պիկին որքանո՞վ է նպատակահարմար նման հավաքներ կազմակերպել, չեմ խոսում օրենքով արգելելու մասին, ընդհանրապես, առողջ տրամաբանությունը հուշում է, որ ցանկացած քաղաքական ուժ պետք է ավելի պատասխանատու լինի և զերծ մնա նման հավաքներից:

Երկրորդը՝ որևէ ուժ, որ հավակնում է դիմադրության շարժում սկսելու, պետք է ներկայացնի շատ հստակ ծրագիր, հստակ անելիքներ՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած ուժն ինչքան էլ փաստարկներ բերի, միևնույն է՝ չի ներկայացնում, թե ինչ կանեն իրենք, եթե իշխանության գան, այս հստակ ծրագրի բացակայությունն է նաև պատճառը, որ իրենք չեն հաջողում:

Պարո՛ն Բաղդասարյան, իսկ Ռոբերտ Քոչարյանի անմիջական մասնակցությունը կամ ինչ-որ ձևով նրա ներկայությունն այդ շարժման վրա ի՞նչ ազդեցություն է ունենալու, որովհետև շատերը կարծում են, որ ընդդիմության անհաջողությունների գլխավոր պատճառը երկրորդ նախագահի գործոնն է:

– Ակնհայտ է, որ գործող իշխանությունները շատ լավ օգտագործում են Քոչարյանի գործոնը՝ մարդկանց ցույց տալու, թե իրենց այլընտրանքը նրանք են, նրանք կվերադառնան, եթե մարդիկ իրենց չսատարեն, ինչն էլ, այո՛, նպաստում է, որ այդ բողոքի ալիքները շատ մարդաշատ չլինեն: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի համար պարզապես իդեալական ընդդիմադիր է, նույն կերպ էլ՝ Նիկոլ Փաշինյանն է Ռոբերտ Քոչարյանի համար իդեալական, որովհետև որևէ այլ ղեկավարի դեպքում, իր անցյալը հաշվի առնելով՝ չէր համարձակվի կրկին հավակնել պետության ղեկավարի պաշտոնին, բայց քանի որ Փաշինյանը ձախողվել է գրեթե բոլոր ոլորտներում, դա հնարավորություն է տալիս համարձակվելու կրկին երկիրը ղեկավարելու փորձ անել:

Այնուամենայնիվ, ամսի 8-ին ընդդիմությունը կկարողանա՞ մարդաշատ հանրահավաք անցկացնել, որը հիմք կդառնա հետագա հանրահավաքների, ինչպես ձեր խոսքում նշեցիք:

– Ո՛չ, կարծում եմ՝ սպասվածից թույլ ու պակաս մարդաշատ կլինի, բայց նրանք կփորձեն պերմանենտ շարժում սկսել, իսկ հաջողությունը կախված է բազմաթիվ գործոններից, այդ թվում՝ համաճարակային իրավիճակից, որովհետև, իսկապես, շատ բարդ վիճակ է, ու անգամ Քոչարյանի կողմնակիցները, որոնք այլ պարագայում կմասնակցեին այդ հավաքին, այս դեպքում, վստահաբար, նրանց զգալի մասը չի մասնակցի:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am