Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե ադրբեջանցի զինվորականները «ծառայում են երկրի ինքնիշխան տարածքում»

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժմանը։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Այդ երկրի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան պատասխանել է ՀՀ Անվտանգության խորհրդում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին ու նշել, որ ադրբեջանցի զինվորականները «ծառայություն են իրականացնում Ադրբեջանի սուվերեն տարածքներում», գրում է Factor.am-ը։

«Հայաստանի կողմից վերջին սադրանքներին ի պատասխան՝ Ադրբեջանը իրականացնում է համապատասխան գործողություններ։ Ադրբեջանցի զինվորականները ծառայություն են իրականացնում երկրի ինքնիշխան տարածքներում»,- ասել է Աբդուլլաևան։

Նա նաև հավելել է, որ «հայ-ադրբեջանական սահմանին ներկա լարվածության պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»։

Նշենք, որ ՀՀ անվտանգության խորհուրդը հայտարարություն էր տարածել, որում, մասնավորապես, ասվում է․ «Սույն թվականի նոյեմբերի 14-ին ժամը 13.00-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանագծի արեւելյան տեղամասերից մեկում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: Ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետեւանքով Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ:

ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան եւ զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից: Այնուամենայնիվ՝ նշված հատվածում շարունակում են ծավալված մնալ դեռեւս ս/թ մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինծառայողներ»։