Միգրանտներ ընդունելու պարտավորության մասին լուրը կեղծ է

Միգրանտներ ընդունելու պարտավորության մասին լուրը կեղծ է
Միգրանտներ ընդունելու պարտավորության մասին լուրը կեղծ է

Ազգային ժողովում հանձնաժողովների նախագաների ընտրությունից ու ԱԺ կազմի ձևավորումից հետո համացանցում չեն դադարում ակտիվ քննարկումները։ Կիզակետում են թե՛ հանձնաժողովների նախագահները, թե՛ ԱԺ խոսնակները։

Օրեր առաջ լրատվական կայքերից մեկը գրել էր, որ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի հայտարարությունները, թե Հայաստանի արտաքին քաղաքականությունում ոչ մի որոշում չի լինի՝ առանց ժողովրդի դրական արձագանքի, այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը, քանի որ 2018-ի դեկտեմբերին Հայաստանը ստորագրել է մի փաստաթուղթ, որին կողմ քվեարկածները պարտավորվում են ընդունել ներգաղթյալներ այնքան, որքան որոշում է ՄԱԿ-ը և ոչ տվյալ երկիրը: Ներգաղթյալները, ինչպես գրում է լրատվականը, բերվում են այն երկրներից, որոնցից կորոշի ՄԱԿ-ը։ Ըստ հրապարակման, հնդիկների  և պարսիկների ներգաղթը Հայաստան կարող է պայմանավորված լինել հենց այս փաստաթղթով։

Այս հարցը պարզելու համար Fip.am-ը երեկ՝ հունվարի 21-ին, կապվեց արտգործնախարարի խոսնակ Աննա Նաղդալյանի հետ։ Տիկին Նաղդալյանը մեզ տեղեկացրեց, որ խոսքը դեռևս 2016թ.—ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած՝ Նյու Յորքի հռչակագրի մասին է, որի նպատակն էր արձագանքել միգրանտների և փախստակաների խնդիրներին: Այս փաստաթղթով նաև նախատեսված էր երկու համապարփակ համաձայնագրերի մշակում ու ընդունում, որոնցից մեկն էլ ընդունվեց 2018-ի դեկտեմբերին։ Խոսքը անվտանգ, օրինական և ապահով Միգրացիայի համապարփակ համաձայնագրի մասին է (Global compact on Migration), որն  ընդունվել է լռելյայն համաձայնությամբ 2018թ. դեկտեմբերի 11-ին Մարաքեշում:

Նախ հասկանանք, թե ինչ է այս համաձայնագիրը և ինչ կապ կարող է այն ունենալ Հնդկաստանից և Իրանից քաղաքացիների ներհոսքի հետ։

Եվ այսպես, միգրացիայի համապարփակ համաձայնագիրը պատմության մեջ ՄԱԿ-ի առաջին նման փաստաթուղթն է, որի նպատակն է միասնական մոտեցում ձևավորել միջազգային միգրացիայի բոլոր ուղղություններով: Այն չունի իրավական պարտադիր ուժ և հիմնված է հավասար պատասխանատվության, խտրականության բացառման և մարդու իրավունքների արժեքների վրա։ Համաձայնագիրը փաստում է, որ միգրացիայի ընդհանուր օգուտները օպտիմալացնելու համար անհրաժեշտ է համագործակցային մոտեցում։

2018 թվականի դեկտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձևով հավանության է արժանացրել դեկտեմբերի սկզբին ընդունված միգրացիայի հարցերով համապարփակ համաձայնագիրը: ԳԱ շրջանակում ընդունված բանաձևին կողմ է քվեարկել նաև Հայաստանը: Բանաձևն ընդունվել է 152 կողմ, 12 ձեռնպահ և 5 դեմ (Չեխիայի Հանրապետություն, Հունգարիա, Իսրայել, Լեհաստան, ԱՄՆ) ձայներով (վերոնշյալ հրապարակման մեջ նշված էր, որ  193 քվեարկող երկրներից 181-ն են կողմ քվեարկել)։

Այսպիսով, Հայաստանը ոչ մի փաստաթուղթ չի ստորագրել, վերոնշյալ համաձայնագիրը ունի դեկլարատիվ բնույթ և լրատվականի այն պնդումը, որ կողմ քվեարկած երկրները պարտավորվում են ՄԱԿ-ի կողմից որոշված քանակով ներգաղթյալներ ընդունել, իրականությանը չի համապատասխանում, քանի որ ինչպես վերը նշեցինք, փաստաթուղթն իրավական պարտադիր ուժ չունի։ Կեղծ է նաև այն, որ համաձայնագրի վավերացումով է պայմանավորված Հայաստանում հնդիկների և պարսիկների ներհոսքը, քանի որ սույն համաձայնագրի և Նյու Յորքի հռչակագիրն ուղղված է միգրացիայի օրինականացմանը, տարանցիկ և նպատակակետ երկրներին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունն ընդլայնելուն և միգրանտների համար անվտանգ ու արժանապատիվ պայմանների ստեղծումը երաշխավորելուն։

Արտգործնախարարի խոսնակ Աննա Նաղդալյանն էլ, մեզ հետ զրույցում անդրադառնալով միգրանտների խնդրին, նշեց, որ Հայաստանի կառավարության կողմից մշտապես քայլեր են ձեռնարկվում Հայաստան մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացի և անօրինական միգրացիայի վերահսկման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ՝ այդ թվում նաև իրավական դաշտում: Սակայն բոլոր այս գործողությունների հիմքում խստորեն ընկած է ազգային խտրականության բացառման սկզբունքը:

Կարինե Կիրակոսյան

www.Fip.am