«Ժողովուրդն ինչքան ուզում է փնթփնթա, ոչինչ, կփնթփնթա, կդժգոհի, ու արդյունքներ կլինեն, ի վերջո, այս վիճակից պետք է դուրս գալ». Արտաշես Թադևոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԵՊԲՀ հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արտաշես Թադևոսյանը

– Պարո՛ն Թադևոսյան, առողջապահության նախարարությունը երեկ հրապարակեց Հայաստանում պատվաստումների վիճակագրությունը, որի համաձայն երիտասարդության շրջանում պատվաստվելու ցուցանիշը ցածր է՝ 25-27 տոկոս: Ըստ ձեզ՝ սա ինչի՞ հետևանք է:

– Այս ցուցանիշը հետևանքն է այն բանի, որ ուսանողությունը, երիտասարդությունը որևէ, այսպես կոչված՝ պարտադրանքի տակ չընկան և պատվաստվելու պարտավորություն չունեցան: Առողջապահության նախարարության այդ քաղաքականությունը բացարձակապես անհասկանալի իրավիճակ է առաջացրել մասնավորապես բուհերում, դասախոսը և ուսանողը հանդիպում են բուհում, դասախոսը պատվաստված է, ուսանողը՝ ոչ:

Չգիտեմ՝ ինչու ուսանողների վրա ոչ մի ազդեցություն չկիրառվեց, ինչը անհասկանալի է: Ընդգծեմ, որ հենց այս խավի մոտ է, որ բժշկական հակացուցումների ցուցանիշը շատ քիչ է, այսինքն՝ նրանք պատվաստման հետ կապված որևէ խնդիր չպետք է ունենան: Եթե նույն մոտեցումը կիրառվեր նաև նրանց նկատմամբ, ապա պատվաստման ցուցանիշը բարձր կլիներ: Պետք էր նրանց ասել՝ եթե պատվաստված չես, կամ դասի չես գալիս, կամ թեստ ես ներկայացնում: Կտեսնեիք՝ ոնց շատ արագ կգնային կպատվաստվեին:

– 25-27 տոկոս, այն դեպքում, երբ հենց այս խավը, թվում է թե, պետք է ակտիվ լիներ պատվաստումային գործընթացում, այնպես չէ՞:

– Այո՛, հենց նրանք պետք է ամենաբարձր տոկոսը լինեին պատվաստվածների մեջ, 60 և ավելի տարեկան անձանցից հետո պետք է նրանք ամենաշատը գնային ու պատվաստվեին: Բայց, ստացվում է՝ ո՛չ, այդպես չէ: Մենք շատ անհանգստանում էինք 60 և ավելի տարեկան անձանց համար, քանի որ նրանք քովիդը ծանր են տանում և այլն: Բայց համաճարակաբանական տեսանկյունից երիտասարդները ավելի լայն, մեծ շրջապատ ունեն, վիրուսի տարածելիությունը շատ ակտիվ է, հետևաբար նրանք պետք է շատ պատվաստվեին:

– Հնարավո՞ր է երիտասարդության վրա ավելի ազդել է ապատեղեկությունն այն մասին, որ պատվաստման հետևանքով կարող են չբեր լինել և այլն:

– Այո՛, նման միֆերը միանշանակ ազդել են, ինչի համար մենք ունենք նման վիճակագրություն:

Այո՛, նման հայտարարությունները միֆեր են, հատուկ են տարածվում: Ով է տեսել, ով է ստուգել այդ տեղեկությունը, այսինքն՝ պատվաստվել են ու սպասել և արդյունքում երեխա չե՞ն ունեցել: Դա անհեթեթություն է: Ես կարծում եմ՝ միգուցե նման ակնհայտ ապատեղեկություն տարածող կայքերը պետք է փակվեն: Ինչ-որ տեղ նաև կարելի է պատվաստված անձանց խրախուսել, օրինակ՝ որևէ տեղ մտնելիս պահանջել դիմակ չկրել և այլն:

– Այդուհանդերձ, պարո՛ն Թադևոսյան, 60 և ավելի տարեկան անձանց շրջանում ևս պատվաստումները ակտիվ չեն եղել, ըստ նույն տվյալների՝ 15 տոկոս:

– Դե, ինչ ասեմ, մեզ մոտ ընդհանրապես պատվաստումային ցուցանիշն է անմխիթար վիճակում, սարսափելի ցածր են տեմպերը. ամբողջական պատվաստում անցած մարդկանց թիվը, եթե չեմ սխալվում, 500 հազարի է հասնում:

Այս ցուցանիշները ոչ մի նորմալ մարդու չեն գոհացնի: Ասեմ ձեզ, մեկ այլ վտանգ է առաջանում. պատվաստումների ծածկույթի նման մակարդակը չի ապահովում անվտանգություն, այսինքն՝ պատվաստված թե չպատվաստված, գրեթե միևնույն է: Համաճարակը չի նահանջի, որովհետև գոնե 60-70 տոկոս պատվաստվածություն պետք է ապահովել:

Մենք այսօր ագրեսիվ չենք հասցնում բնակչությանը այն գաղափարը, որ, տեսեք՝ պատվաստված եք, բայց կարող եք նաև հիվանդանալ, բայց շատ քիչ, շատ թեթև: Օրինակ, ես այսօր նայել եմ Մոնղոլիայի համավարակի ցուցանիշները, այնտեղ 3000-4000 վարակի դեպք է գրանցված, այդ երկիրն ունի 97 տոկոս պատվաստվումային մակարդակ, սակայն մահվան դեպքերը ընդամենը 1-2-ն են: Այսինքն՝ եթե պատվաստված ես, վարակը թեթև է ընթանում: Ինչու եմ Մոնղոլիայի օրինակը բերում և ոչ Գերմանիայի, ԱՄՆ-ի, որովհետև այս երկրներում առողջապահական համակարգը լավ է, մարդկանց լավ են բուժում և այլն:

Պետք է ժողովրդին անընդհատ բացատրել, տեղ հասցնել, եթե չի հասնում, ուղղակի լծակներ պետք է կիրառել, այո՛, չթողնել ինչ-որ տեղ մտնել, չթողնել ինչ-որ բանից օգտվել:

– Կարծում եք՝ հունվարի 22-ից կիրառվելիք սահմանափակումները կաշխատե՞ն:

– Գիտեք ինչ, դրանք կաշխատեն, եթե պատասխանատու անձինք, մարմինները հետևողական լինեն, եթե վերահսկողությունն ըստ պատշաճի իրականացվի: Պետք է լուրջ վերաբերվել, ինչքան ուզում է ժողովուրդը փնթփնթա, ոչինչ, կփնթփնթա, կդժգոհի, ու արդյունքներ կլինեն, ի վերջո այս վիճակից պետք է դուրս գալ:

Ինչքա՞ն կարող ենք մենք այսպես փակված մնալ, ինչքա՞ն է հնարավոր, որ երկրի տնտեսությունը անկում ունենա, ու դեռ վերջն էլ հայտնի չէ՝ ուր կգնանք:

– Նույն տվյալների համաձայն՝ և՛ առաջին, և՛ երկրորդ դեղաչափով տղամարդիկ ավելի շատ են պատվաստվել, քան կանայք՝ 55 տոկոս: Ինչպե՞ս հասկանալ սա:

– Դա երևի առանձին հետազոտության նյութ է: Բայց հետաքրքիր է, որ կանայք ընդհանրապես ավելի հետևողական են համարվում: Հավանաբար գործատուի հանգամանքն է՝ տղամարդիկ ավելի շատ են աշխատում, գործազրկությունը կամ տանը նստելը կանանց մոտ երևի ավելի բարձր է, և քանի որ այսօր միակ լծակը գործատուի ազդեցությունն է, շատ հնարավոր է՝ այդ ցուցանիշը դրա համար է այդպես բարձր:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am