«Լուկաշենկոյի ասածը պետք է դիտարկել որպես Ռուսաստանի նախագահին հաճոյանալու փորձ». Արեգ Քոչինյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արեգ Քոչինյանը

Պարո՛ն Քոչինյան, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սոլովյովին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանը փախչելու տեղ չունի և որ, ի վերջո, հայտնվելու է Մոսկվայի ու Մինսկի նախաձեռնած Միութենական պետության կազմում: Լուկաշենկոյի այս հայտարարությունը բուռն արձագանք ստացավ Հայաստանում: Դուք ինչպե՞ս եք գնահատում այն, ըստ ձեզ, ինչո՞ւ է Բելառուսի նախագահը նման միտք հնչեցրել:

– Բելառուսում տեղի ունեցած խայտառակ ընտրություններից ու դրանց արդյունքների կեղծումից հետո առաջացած բողոքի շարժումը դաժանաբար ճնշելուց հետո, ըստ էության, Լուկաշենկոն դուրս է եկել քաղաքակիրթ երկրների ղեկավարների շարքից ու ունի միայն մեկ նպատակ՝ ամեն հնարավոր ու անհնար առիթներով ապացուցել իր հավատարմությունը Ռուսաստանի նախագահին ու Ռուսաստանի շահերին: Այդ ճանապարհին, նա, բնականաբար, կանգ չի առնում:

Սա ընդամենը պետք է դիտարկել որպես Ռուսաստանի նախագահին հաճոյանալու փորձ:

Պաշտոնական Երևանի արձագանքն ի՞նչ պետք է լինի այս հայտարարությանը: Արտաքին գործերի նախարարության, իշխանական պատգամավորներից մի քանիսի արձագանքներին, հավանաբար, ծանոթ եք, պատշաճ համարո՞ւմ եք:

– Նման միջադեպերն ընդհանրապես հնարավոր է դիտարկել ազգային ինքնասիրության համատեքստում, թույլ չտալ, որ մեզ վիրավորեն, բայց կոմիզմի ժանրից է դա պահանջել մի իշխանությունից, որը Ղարաբաղ է կորցրել ու պատերազմը տանուլ է տվել, այսինքն՝ ավելի մեծ ազգային ինքնասիրության ոտնահարում, քան այն, ինչ մեզ հետ տեղի է ունեցել, ուղղակի հնարավոր չէ պատկերացնել, մի բռնապետի ասածը դրա հետ համեմատած ուղղակի ոչինչ է:

Խնդիրը ոչ թե Լուկաշենկոյի ասածն է, այլ այն, որ մենք ունենք ինքնիշխանության ու մեր շահերի պաշտպանության լրջագույն խնդիր:

Պարո՛ն Քոչինյան, նման միտք հնչեցնելու հիմքեր ունի՞ Լուկաշենկոն: Առհասարակ, դուք մտավախություն ունե՞ք, որ Հայաստանն իսկապես կարող է այդ Միութենական պետության կազմում հայտնվել:

– Ես այդ մտահոգությունը շատ վաղուց եմ հնչեցրել: Կարծում եմ՝ այսօր մեր առջև ծառացած լրջագույն խնդիրը հենց դա է, ոչ թե Ադրբեջանն ու Թուրքիան: Մեր լրջագույն խնդիրը Ռուսաստանն է իր Միութենական պետության ուրվականով: Ռուսաստանի ու իր սատելիտ հանդիսացող վարչակարգերի վերջնական նպատակը, այո՛, Միութենական պետությունն է:

Սա ռիսկ է, որը պետք է փորձել կառավարել, բայց ես չեմ կարծում, որ մեր իշխանությունը կամ հասարակությունը Ռուսաստանից որևէ վտանգ է տեսնում, մինչդեռ, նորից եմ ասում, ամենամեծ վտանգը Հայաստանի համար հենց Ռուսաստանն է:

Հնարավո՞ր է, որ Բելառուսի նախագահը այդ միտքը հնչեցրած լինի Հայաստանում հանրային տրամադրությունները շոշափելու նպատակով, Միութենական պետության կազմում հայտնվելու մասով:

– Չեմ կարծում, թե նա այդքան հեռահար նպատակներ է հետապնդել, նա, ընդհանրապես, շատ էպատաժային կերպար է, և դա գաղտնիք չէ ոչ մեկի համար: Կարծում եմ, որ մեր ԱԳՆ-ն ճիշտ է գնահատել իրավիճակը, որ այդ հայտարարությունը ներքին շուկայի համար է արված, ու այդ ներքին շուկայի մեջ մտնում է նաև Ռուսաստանը, այսինքն՝ դա, ինչպես խոսքիս սկզբում նշեցի, Ռուսաստանին հաճոյանալու փորձ էր. ընդհանուր հարցազրույցն էր այդպիսին

Ինչպես ասում եք, Հայաստանի առաջ ծառացած է Միութենական պետության կազմում հայտնվելու վտանգը, այդ դեպքում ի՞նչ է պետք անել՝ վտանգը չեզոքացնելու համար:

– Անհրաժեշտ է վերացնել այն խնդիրները, որոնց պատճառով մենք ստիպված ենք հանդուրժել ռուսական ազդեցության այսչափ մեծացումը Հայաստանում: Իսկ այդ խնդիրներն Ադրբեջանն ու Թուրքիան են: Որպես հասարակություն՝ պետք է պատասխանենք մի պարզ հարցի. Հայկական պետությունն ընդհանրապես ապագա ունի՞, եթե ապրում է կոնֆլիկտային տրամաբանությամբ իր հարևանների հետ, հաշվի առնելով 44-օրյա պատերազմում կրած ֆիասկոն:

Պատերազմը, ըստ էության, ցանկացած պետության համար քննություն է, մեր պետությունն ուղղակի շռնդալից կերպով տապալեց այդ քննությունը: Պարզ հարցի պետք է պատասխանել, մենք ի վիճակի՞ ենք շարունակելու մեր կոնֆլիկտները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ՝ առանց պետականությունը կորցնելու, ընդ որում՝ պետականությունը կորցնել ռուսներին, որովհետև հայ-թուրքական, հայ-ադրբեջանական կոնֆլիկտներն ի վերջո բերելու են նրան, որ Հայաստանը տարրալուծվելու է Ռուսաստանի կազմում:

Պարո՛ն Քոչինյան, նմանօրինակ հարցերում, երբ խնդիրն արդեն միայն ներքաղաքական չէ, իշխանություն-ընդդիմություն աշխատանքն ինչպիսի՞ն պետք է լինի, որ պետությանը սպառնացող վտանգները հնարավորինս արագ ու հեշտ ստացվեն չեզոքացնել:

– Ո՞ւմ նկատի ունեք՝ ընդդիմություն ասելով:

Խորհրդարանական ընդդիմությանը, որովհետև իրենց ձեռքին ավելի շատ լծակներ կան՝ ի տարբերություն արտախորհրդարանական ընդդիմության:

– Խորհրդարանական որևէ ուժի՝ որպես ընդդիմության, ես չեմ ճանաչում, ավելին՝ որպես քաղաքական ուժ չեմ ճանաչում:

Իսկ որպես ի՞նչ են այդ քաղաքական ուժերը խորհրդարանում՝ ըստ ձեզ:

– Դրանք երկու անձի համար աշխատող մարդիկ են, որոնք չունեն քաղաքական նպատակներ: Նրանց նպատակն է իրենց ղեկավարների՝ արդարադատությունից խուսափելը, ժողովրդի հանդեպ ռևանշ իրականացնելը: Այս երկու նպատակն էլ քաղաքական չեն, հետևաբար այդ ուժերը՝ ևս:

Իսկ արտախորհրդարանական ընդդիմությունն ի՞նչ պետք է անի:

– Պետք է կայանա և ուժ հավաքի, ընդ որում՝ դա որևէ կերպ չպետք է կապեն գործող իշխանության հետ, որովհետև այդ պարագայում իրենք երբեք քաղաքական ուժ չեն դառնալու: Ստեղծված խաղի կանոններն ամբողջությամբ ձեռնտու են Նիկոլ Փաշինյանին, Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին, որովհետև Փաշինյանն ունի ախոյաններ, որոնցից վախենալով՝ ժողովուրդը միշտ կընտրի իրեն, իսկ մյուս պարագայում, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի ունեն երաշխավոր, որ իրենք երբևէ արդարադատության առջև չեն կանգնելու:

Ամփոփելով՝ կխնդրեմ ասեք, ճի՞շտ հասկացա, որ Միութենական պետության կազմում հայտնվելու իրական վտանգ եք տեսնում ու կարծում եք, որ ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը ունակ չեն այն վերացնելու, այո՞:

– Իշխանությունն ի վիճակի կլինի, եթե իրապես սկսի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը:

Սկսե՞լ է, թե՞ դա իրական չեք համարում:

– Ո՛չ, իրական չէ: Ես մտավախություն ունեմ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն «առևանգված» է Ռուսաստանի կողմից: Ռուսաստանի շահերից, բնականաբար, չի բխում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, որովհետև դա կնշանակի Ռուսաստանի՝ տարածաշրջանային ազդեցության գլխավոր խարիսխներից մեկի կորուստ:

Իշխանությունների վախվորած ու, ըստ էության, կիսաքայլ հանդիսացող գործողությունները, որոնք արգասիքն են մեր ժողովրդի վախերի, էմոցիաների ու մեր ժողովրդի՝ ցավի պրիզմայով քաղաքականությանը վերաբերվելու մոլուցքի, որևէ կերպ չեն օգնելու մեր պետության փրկությանը, պետականության պահպանությանը և Միութենական պետության վտանգի առջև չկանգնելուն:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am