Հանձնաժողովը չի հաստատում «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ հայտարարության նախագիծը

ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը չի հաստատել «Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ հայտարարության նախագիծը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է արձագանքել այդ հռչակագրին, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի տեսնում դրա անհրաժեշտությունը՝ նշելով, որ Արտաքին գործերի նախարարությունն արդեն իսկ երկու անգամ հայտարարություն է տարածել այդ հռչակագրի հետ կապված և դա իշխանության արտաքին քաղաքականության միասնական դիրքորոշումն է:

«Աննա Գրիգորյանը («Հայաստան» խմբակցության պատգամավոր- խմբ.) «Քաղաքացիական պայմանագիր» խմբացության դիրքորոշումից հետևություն է անում, թե մենք կողմ ենք «Շուշիի հռչակագրին», կողմ ենք բոլոր մնացած այն կետերին, որոնք հռչակագրում նեռարված են:  Երբ խոսում ենք Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից վարած արտաքին միասնական քաղաքականության մասին,մենք նկատի ունենք, որ հայտարարությունների կրկնությունը չի արտահայտում միասնական քաղաքականություն: Մենք արձանագրում ենք, որ Հայաստանի Հանարապետության արտաքին գործերի նախարարությունը հունիսի 15-ին և հունիսի 17-ին արձագանքել է  նշված հռչակագրին: Եվ Հայաստանի Հանրապետության լիազորությունների շրջանակներում է որոշում կայացնել, թե որ պահին, տարբեր մարտավարական նկատառումներից ելնելով և գնահատելով տվյալ պահին բխող բոլոր ռիսկերը և հնարավորությունները, այս կամ այն հայտարարություններ անել կամ չանել, հայտարարություն անել Ազգային ժողովի կողմից կամ որևէ այլ ձևաչափով: Դա Հայաստանի Հանրապետության որոշումն է: Սա մեկնաբանել որպես այս հռչակագրին կողմ լինել, կարծում եմ, առնվազն մանիպուլյացիայի դաշտից է»,- ընդգծեց Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը:

Աղաջանյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը մեծապես համընկնում է այն տեքստի հետ և այն կետերի հետ, որոնք առաջարկվող նախագծում առկա են:

Արձագանքելով Էդուարդ Աղաջանյանին` նախագծի հեղինակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը նշեց, որ հատուկ հատվածներ է վերցրել Արտաքին գործերի նախարարության հայտարարությունից, որպեսզի ցույց տան քաղաքականության շարունակականությունը:

«Գործադիրի մակարդակով արված հայտարարությանը պետք է հաջորդի խորհրդարանի մակարդակով հայտարարությունը, որովհետև թշնամական երկրներում խորհրդարանի մակարդակով են արվել»,- ասաց Թևանյանը:

Նախագիծը դրվեց քվեարկության, որի կողմ քվեարկեցին ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, իսկ դեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: