«Կրթության զարգացման պետական ծրագրում բավականին հավակնոտ բաներ են գրված, որոնց մեծ մասը չի կատարվելու». Սերոբ Խաչատրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը

Պարո՛ն Խաչատրյան, ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը: Ձեր գնահատականն ու դիտարկումներն եմ խնդրում ներկայացված ծրագրի վերաբերյալ:

– Շատ ողջունելի է, որ վերջապես ծրագիրը ներկայացվեց քննարկման, որովհետև սա պետք է արվեր 2016 թվականին, ու մենք վեց տարի է՝ չունեինք այս ծրագիրը, այնպես որ, երբ արդեն ինչ-որ մի բան դրվեց քննարկման՝ արդեն պետք է շատ դրական քայլ համարենք:

Բուն փաստաթղթի մասով. նախ՝ ասեմ, որ փաստաթղթի 40 էջից 24-ը, այսինքն՝ մեծ մասը, նվիրված է իրավիճակի վերլուծությանը, որում բավական համոզիչ, թվերով հիմնավորված ցույց է տրվում, թե ինչ խնդիրներ ունենք մենք կրթության մատչելիության, որակի, արդյունավետության հետ կապված: Գրեթե բոլոր պարամետրերով խնդիրները ցույց են տրված, այսինքն՝ փաստաթուղթը որոշ առումով կատարում է համակարգի ախտորոշումը:

Առաջարկվում է տեսլական, որը, ճիշտն ասած, բավական ընդհանուր տեքստ է, ես կուզենայի, որ տեսլականը շատ ավելի խոսուն ու պատկերային լիներ, ոչ թե այդպես շատ ընդհանուր մի բան: Կարծում եմ, որ քննարկումների ժամանակ այստեղ բարելավում կարվի:

Այնուհետև առաջարկվում է երեք, այսպես ասած, մոտեցում, որոնցով պետք է այդ ծրագիրն իրականացվի, դրանք են՝ ներառականությունը, կրթության արդյունավետությունը և կրթական ծառայությունների արտահանումը:

Առաջին երկուսի մասին նախկին ծրագրերում էլ է շատ խոսվել, դրանք հայտնի բաներ են, բայց այս երրորդը՝ կրթական ծառայությունների արտահանումը՝ որպես առաջնահերթություն, առաջին անգամ է նշվում այս մակարդակի կրթական փաստաթղթում:

Սա բավական հավակնոտ է. մի կողմից ես համաձայն եմ, որ այդպիսի բան լինի, որովհետև աշխարհն այսօր այնքան գլոբալ է, որ մեր դպրոցներն ու բուհերը պետք է մրցեն գլոբալ մակարդակով, ոչ թե միմյանց հետ: Այս իմաստով շատ ճիշտ է այդ թիրախը, բայց մյուս կողմից՝ բնական հարց է առաջանում՝ ինչպե՞ս ենք մենք մրցակցում: Այդ մրցակցության համար մեզ պետք են շատ ուժեղ տնտեսական հիմք, մեծ հնարավորություններ, որը չունենք:

Ծրագրում շատ քննարկվող դրույթը կարող է լինել արդյունքների շրջանակը, այսինքն՝ այն, թե ի՞նչ է ուզում տեսնել նախարարությունը 2030 թվականին: Այստեղ բավական հավակնոտ բաներ են գրված, որոնց մեծ մասը չի կատարվելու: Օրինակ բերեմ. նշվում է, որ 3-5 տարեկանների ընդգրկվածությունը նախադպրոցական ծառայություններում կլինի առնվազն 95%: Սա մի ցուցանիշ է, որը աշխարհի զարգացած լավագույն երկրները չեն կարողանում ապահովել, այնպես որ, սրա համար մեզ պետք են բավական լուրջ ներդրումներ:

Վիճարկելի կարող է թվալ նաև այն, որ նշվում է, թե ոչ մի երեխա չպետք է դուրս մնա պարտադիր կրթության համակարգից: Այստեղ նորից հարց է առաջանում. իսկ ի՞նչ ենք անելու, որ այդպես լինի: Այս փաստաթղթում նախարարությունը նշում է, որ ավագ դպրոցում, այսինքն՝ 10-12-րդ դասարաններում, ունենք մոտավորապես 75% ընդգրկվածություն, ինչը նշանակում է, որ երեխաների զգալի մասը չի գնում ավագ դպրոց կամ քոլեջ, բայց այս ծրագրից պարզ չի դառնում՝ ի՞նչ ենք անելու, որ այդ երեխաները թողնեն իրենց աշխատանքը, մյուս խնդիրներն ու գան, նստեն դպրոցում դաս անեն:

Այսինքն՝ ծրագրում չկա՞ն այդ «ինչպես»-ների պատասխանները:

– Եթե համեմատենք 2011-2015 թթ. ծրագրի հետ, որում նշվում էր, թե ինչ մեխանիզմներով են այս կամ այն առաջարկները իրականացվելու, օրինակ՝ նշվում էր, որ կստեղծվեն գերազանցության կենտրոններ, որոնք իրենց փորձի միջոցով իրենց հետևից կտանեն մյուս հաստատությունները:

Այստեղ այդ մեխանիզմների պակասը կա. փաստաթղթում ներկայացված է տեսլականը, իսկ դրան հասնելու մեխանիզմները չկան: Այս փաստաթուղթը նաև պետք է որոշակի դինամիկա ունենա, հասկանալի է, հետագայում կլինեն գործողությունների ծրագիր, Կառավարության ծրագիր, որոնցում կնշվի, թե դա ինչպես պետք է արվի, բայց այստեղ էլ, քանի որ սա մակրոմակարդակի փաստաթուղթ է, պետք է այդ մակրոքաղաքականությունն էլ նշվի: Օրինակ՝ դու ի՞նչ ես անում, որ երեխան գա դպրոց: Նա աղքատ ընտանիքից է, գնում է փող աշխատելու, որ կարողանա ապրել, դու այդ ի՞նչ ես անում, որ նա այդ աշխատանքը թողնում է ու գալիս է դպրոց: Այս առումով, իհարկե, լավ կլինի որոշակի մեխանիզմներ նշվեն:

Կամ, օրինակ՝ այստեղ խոսվում է այն մասին, որ 2030 թվականին մենք բնագիտությունից կունենանք միջինը 75 միավորի ցուցանիշ, իսկ մաթեմատիկայից՝ 550: Սա էլ է շատ հավակնոտ, մանավանդ որ մեր աշակերտները բնագիտությունից շատ ավելի թույլ են, քան մաթեմատիկայից: Բայց այս ծրագրով, չգիտես ինչու, բնագիտության համար ավելի բարձր շեմ է սահմանվում, ու նորից հարց է առաջանում. ինչպե՞ս ենք մենք դա անելու, որովհետև 2030 թվականը սարերի հետևում չէ, այն երեխաները, որոնք 2030-ին դպրոցը պետք է ավարտեն, հենց հիմա դպրոցում են: Մենք ի՛նչ ենք անելու, որ այս արդյունքներն ապահովենք:

Նշվում է, որ մանկավարժի, դասախոսի գործունեությունը կլինի պատշաճ վարձատրվող և հասարակական հեղինակություն վայելող: Էլի հարց է ծագում. այդ ի՞նչ կախարդական փայտիկ է աշխատելու, որ 30 տարում չկարողացանք մի կես գրամ ուսուցչի հեղինակությունն ու ֆինանսական վիճակը բարելավել, իսկ 7 տարի հետո այս շատ ցածր նշաձողից հասնելու ենք նրան, որ ուսուցիչը պատշաճ աշխատավարձ է ստանալու՝ հերիք չէ, մի հատ էլ հասարակական հեղինակություն է վայելելու: Որպես երազանք՝ լավ է, բայց պետք է մի փոքր մեխանիզմները ցույց տալ՝ ինչպե՛ս է դա լինելու:

Բուհերի հետ կապված. նշվում է, որ Հայաստանի չորս բուհ կմտնի միջազգային վարկանիշային աղյուսակի լավագույն 500 համալսարանների ցուցակի մեջ: Այս պահին այդ ցուցանիշին միակ մոտ համալսարանը ԵՊՀ-ն է, որը այդ սանդղակներից մեկում կիսում է 800-1000-րդ տեղը, մյուսները նույնիսկ 1000-ի մեջ չեն մտնում, նորից նույն հարցը՝ այդ ինչպե՞ս: Օրինակ՝ Վրաստանի փորձը ցույց է տալիս, որ դրա համար շատ մեծ ներդրումներ են պետք:

Ինձ համար մի քիչ տարակուսելի էր նաև այն, որ բուհերի, քոլեջների և ուսումնարանների շրջանավարտների 90%-ը 2030 թվականին պետք է աշխատի իր մասնագիտությամբ: Այսօր այդ ցուցանիշը շատ մասնագիտությունների դեպքում 10% էլ չէ: Հիմա Սովետական Միություն չէ, որ մենք կարողանանք այդպես պլանավորել, օրինակ՝ մարդը կարող է օտար լեզուներն ավարտել, բայց աշխատել մենեջեր: Դա ամենևին վատ չէ, ճիշտն ասած, ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ է այստեղ թիվ դրված, կարելի էր գոնե նշել մեծ մասը, ոչ թե հստակ թիվ նշել:

Որպես սկիզբ՝ այս փաստաթուղթը կարող է քննարկումների հիմք ծառայել, բայց, կարծում եմ՝ տևական քննարկումներ են պետք:

Այս փաստաթղթի ամենամեծ բացն էլ ասեմ, որը, իհարկե, փաստաթղթի թերությունը չէ: Ըստ էության, այս պահին մեզ համար անորոշ է՝ Հայաստանն ի՞նչ ձևի երկիր է լինելու: Այս հարցի պատասխանը մենք չունենք, պետության ոչ մի տեսլական չկա: Ինչ-որ ցուցանիշներ կան, շախմատի չեմպիոն պետք է ունենանք մինչև 2050 թիվը, ֆուտբոլի հավաքականը այս պետք է անի, բայց դա երկրի, պետության տեսլական չէ: Ու քանի որ դու չգիտես՝ ինչ գաղափարախոսության վրա է հիմնվում քո երկիրը, ինչ մոդելի պետություն ես, դու չես կարող ասել, թե մոտավորապես ինչ տեսակի կրթություն է մեզ պետք, շատ դժվար է հասկանալ՝ ինչ գրել կրթության համար: Մեր գլխավոր խնդիրն այս է:

Պարո՛ն Խաչատրյան, ասացիք, որ այս փաստաթղթի զգալի հատված առկա իրավիճակի ախտորոշումն է, իսկ այդ ախտորոշումը, ձեր գնահատմամբ՝ ճի՞շտ է տրված:

– Հիմնականում փաստագրված է եղած իրավիճակը, ֆիքսում է եղածը, այդ իմաստով կարող ենք ասել, որ ինչ-որ բաներ բաց են թողել, ինչ-որ բաներ շատ են կարևորել, բայց, ընդհանուր առմամբ, իհարկե, ախտորոշումը տրված է:

Եթե քննարկումների ընթացքում մշակվեն այդ մեխանիզմները, իրատեսական համարո՞ւմ եք, որ մինչև 2030 թվականն ակնկալվող արդյունքը կապահովի նախարարությունը:

 – Այստեղ նշված արդյունքային շրջանակի մեծ մասին չենք հասնելու, բայց եթե նույնիսկ դրա մի մասին էլ հասնենք, էլի լավ է, այսինքն՝ այդ արդյունքային շրջանակների թերակատարումը մեծ խնդիր չէ, միգուցե պետք է ավելիին ձգտես, որ կարողանաս քչին հասնել: Ամենակարևոր բանը սրա հետ կապված նաև իրագործումն է. արդյոք նախարարությունն ունի՞ թիմ, որը կարող է այս ամենը կյանքի կոչել՝ գլխավոր հարցը սա է:

– Նախագծում նշված է, որ «նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում էական փոփոխություններ չեն նախատեսվում»: Եթե կրթության ոլորտին տրամադրվող ֆինանսական միջոցները մնալու են նույնը, ապա էական արդյունք, փոփոխություն տեսնել հնարավո՞ր է, պարո՛ն Խաչատրյան:

– Իհարկե ո՛չ, որովհետև այս ծրագիրը շատ հավակնոտ է, գրված է, որ ուսուցիչներն ու դասախոսները պետք է ստանան պատշաճ աշխատավարձ, դա նշանակում է, որ առնվազն մի քանի տասնյակ միլիարդ դրամ պետք է միայն աշխատավարձի ֆոնդի ավելացման համար:

Պատշաճ նշանակում է, որ 2030 թվականին ուսուցչի աշխատավարձը նվազագույնը գոնե պետք է 300-400 հազար դրամ լինի, չնայած չգիտենք էլ՝ ինչ ինֆլյացիաներ կլինեն առաջիկա տարիներին, հնարավոր է, որ իմ ասած այդ 300-400 հազարն էլ այլևս մեծ գումար չլինի:

Ափոփելով՝ կարո՞ղ ենք ասել, որ կրթության զարգացման այս ծրագիրը շատ հավակնոտ է, բայց այն կյանքի կոչելու համար նախադրյալներ չկան:

– Որ հավակնոտ է՝ հաստատ, որ իրավիճակին քիչ թե շատ լավ ախտորոշում է տալիս, դա էլ կհաստատեմ, բայց այստեղ մնում է մեխանիզմները նշեն ու, ամենակարևորը՝ ունենան թիմ, որն այս ծրագիրը կտանի որոշակի հանգրվանի, ու այդ թիմը չի փոխվի բարձրաստիճան պաշտոնյաների փոփոխությունից հետո:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am