«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած դատապարտյալները պահվում են անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող պայմաններում

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները (այսուհետ՝ Դիտորդների խումբ) ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կատարած այցելության ժամանակ արձանագրել են, որ հացադուլ հայտարարած դատապարտյալներին հատկացված խցերի (որպես կանոն, պահվում են հիմնարկի 1-ին հարկի խցերում) պահման պայմաններն անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող են։ Խուցը խոնավ է, առկա է գարշահոտություն, պատերի և առաստաղի ծեփն ամբողջությամբ թափված է, խցում հակասանիտարական պայմաններ են, խուցն ունի խիստ վերանորոգման կարիք։

Այդ այցելության ժամանակ Դիտորդների խմբի անդամներն առանձնազրույց են ունեցել նաև ազատազրկված Յ․ Մ․-ի հետ, որը գանգատվել է ողնաշարի խնդիրներից և հաճախակի գլխացավերից: Նա նաև ունի հոգեկան առողջության խնդիրներ, ընդունում է հոգեմետ դեղեր: Դիտորդները հարցը քննարկել են հիմնարկի պետի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տեղամասի պետի հետ, որոնք նշել են, որ խնդիրն իրենց ուշադրության կենտրոնում է:

Վերոգրյալի հիման վրա Դիտորդների խումբը դիմել է ՀՀ արդարաատության նախարարություն՝ առաջրկելով կազմակերպել Յ․ Մ․-ի բուժումը, ինչպես նաև հիմնովին վերանորոգել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 1-ին հարկի խցերը կամ հրաժարվել այդ հատվածի խցերում ազատությունից զրկված անձանց պահելուց, իսկ այդ հատվածում գտնվող անձանց տեղափոխել այլ խցեր։

Անդրադառնալով վերոնշյալ հարցերին՝ ՀՀ արդարադատության նախարարությունից պատասխան գրությամբ հայտնել են, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը (այսուհետ՝ Հիմնարկ) շահագործման է հանձնվել դեռևս 1980 թվականին: Հիմնարկի վթարային սանհանգույցներն անբարեխիղճ շահագործման հետևանք են, իսկ առաջին հարկի խցերի սանհանգույցները վերանորոգվել են 2019 թվականին: Հիմնարկի առաջին հարկը կիսանկուղային է, իսկ հիդրոմեկուսիչ շերտը բնական ամորտիզացիայի հետևանքով քայքայվել է: Այն վերականգնելու համար անհրաժեշտ են խոշոր ֆինանսական միջոցներ, ինչը տնտեսական արդյունավետության տեսանկյունից արդարացված չի լինի, քանի որ քրեակատարողական հիմնարկներում պահման պայմանների բարելավման նպատակով ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ի N 1717-Լ որոշմամբ նախատեսված քրեակատարողական հիմնարկների օպտիմալացման պլանով, ի թիվս այլնի, նախատեսված է փակել սույն Հիմնարկը ևս, որի արդյունքում Երևան քաղաքի տարածքում կկառուցվի քրեակատարողական նոր հիմնարկ:

Բայց միևնույն ժամանակ նշել են, որ Հիմնարկի խցերի վերանորոգման աշխատանքներն ընդգրկված են 2022 թվականի ընթացիկ նորոգման աշխատանքների ցանկում:

Անդրադառնալով Յ․Մ․-ի բուժմանը՝ նախարարությունից հայտնել են, որ վերջինս պարբերաբար զննվել է օրթոպեդի, նյարդաբանի, էնդոկրինոլոգի կողմից,  կատարվել է ուլտրաձայնային հետազոտություն, ենթարկվել է համակարգչային տոմոգրաֆիա հետազոտության, այնուհետև կրկին զննվել նյարդաբանի կողմից։

15.07.2021-29.07.2021թթ. ընկած ժամանակահատվածում Յ. Մ․-ը ստացել է բուժում ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պայմաններում, որտեղ ախտորոշվել է՝ «Շաքարային դիաբետ 2 տիպ, թեթև աստիճանի ցեֆալգիկ համախտանիշ, անձի էմոցիոնալ-անկայուն խանգարում, ձախ ստորին վերջույթի երակների վարիկոզ լայնացում»:

06.12.2021-15.12.2021 թթ. ընկած ժամանակահատվածում Յ. Մ-ը ստացել է բուժում ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում։

Ներկայումս դատապարտյալ Յ. Մ.-ը գտնվում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ Հիմնարկում տեղակայված ստորաբաժանման բժշկական անձնակազմի հսկողության տակ, անհրաժեշտության դեպքում ստանում է համապատասխան բժշկական օգնություն:

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ