«Ենթադրում եմ՝ կան, առնվազն, որոշակի արևմտյան երաշխիքներ, ինչի համար էլ ԱԳՆ-ն պատրաստվում է դիմել Մինսկի խմբին». Արեգ Քոչինյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արեգ Քոչինյանը 

 Պարո՛ն Քոչինյան, ՀՀ արտգործնախարարությունը չի բացառում, որ առաջիկայում կդիմեն ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով:Ինչպե՞ս եք գնահատում ԱԳՆ-ի այս որոշումը, ու արդյոք Մինսկի խումբն այս ուղղությամբ քայլեր կձեռնարկի՞, եթե համապատասխան դիմումը լինի:

– Ես չեմ կարծում, որ այդ հայտարարությունը պատահական է, հատկապես եթե հաշվի ենք առնում, որ այն, ըստ էության, հաջորդում է մի կողմիցսահմանին հերթական լարմանը, մյուս կողմից՝ վարչապետի Փարիզ կատարած այցին: Այսինքն՝ ենթադրում եմ, որ կան, առնվազն, որոշակի արևմտյան երաշխիքներ, որ իրենք պատրաստ են մեկնարկել որոշակի գործընթացներ, մյուս կողմից էլ՝ կա հերթական լարում, որը մեզ ստիպում է արագացնել այդ գործընթացները:

Կարևոր եմ համարում այն գիտակցումը, որ հիմա պատերազմն ամենասարսափելին է, որը կարող է տեղի ունենալ Հայաստանի հետ, որովհետև Հայաստանը պատերազմի պատրաստ չէ, ըստ էության, ամեն ինչ պետք է անել, որպեսզի մենք պատերազմից խուսափենք:

 Այսինքն՝ կարծում եք, որ կա՞ն որոշակի նախադրյալներ, դրա համար էլ ՀՀ արտգործնախարարությունը նման հայտարարություն է արել:

– Ինչպես ասացի, կան և՛ պատճառ՝ սահմանային լարումը, և՛ նախադրյալներ՝արևմտյան մեր գործընկերների հետ, հուսով եմ, Փարիզում կատարած համապատասխան աշխատանքը:

 Իսկ ռուսական կողմն այս մասով ի՞նչ կողմնորոշում ունի ու արդյոք տվե՞լ է իր համաձայնությունը:

– Ռուսական կողմի մասով երկու տարբերակ կա. կա՛մ ռուսական կողմը հիմա շատ խառն է ու ժամանակ չունի զբաղվելու այս հարցով, կա՛մ՝ մյուս տարբերակը, որ Ղարաբաղը միշտ էլ եղել է միակ հարթակը, որտեղ Արևմուտքի ու Ռուսաստանի խոսակցությունը, որոշակի համագործակցությունըստացվել են:

Հիմա՝ չեմ բացառում, որ Ռուսաստանը թույլ տա, որ Արևմուտքը որոշակի առումով մասնակցություն ցուցաբերի ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացին՝ այն հույսով, որ կստեղծվի պլատֆորմ, որտեղ կա համագործակցություն իրենց ու Արևմուտքի միջև: 

 Եթե հաշվի առնենք Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունը,կարծում եք՝ Ադրբեջանը կհամաձայնի՞ մասնակցել այդ բանակցություններին, պարո՛ն Քոչինյան:

– Չեմ կարող պատասխանել այդ հարցին, որովհետև չեմ տիրապետում տեղեկատվության, թե կողմերը միմյանց ինչ են առաջարկել, մինչև այդ փաթեթների պարունակությանը չտիրապետենք, հնարավոր չէ ասել՝ կողմերի օրակարգում ընդհանրապես խաղաղություն կա՞, թե՞ չկա:

Եթե այդ փաթեթներն առողջ բանականության սահմաններում են, կարելի է ենթադրել, որ կա խաղաղության օրակարգ, իսկ եթե դրանք մաքսիմալիստական, ֆաշիստական փաթեթներ են, նշանակում է, Ադրբեջանը փնտրում է կազուս բելլի (լատ.՝ casus belli)՝ պատերազմի առիթ: 

 Իսկ Արցախում իրավիճակի լարումն Ադրբեջանն ի՞նչ նպատակով է սկսել:

– Երկու տարբերակ կարելի է դիտարկել. կա՛մ Ադրբեջանը փորձում է օգտվել Ռուսաստանի, մեղմ ասած, ոչ լավ վիճակից, կա՛մ այս ամեն ինչում կա ռուսական որոշակի մասնակցություն, որովհետև եթե երկու կողմերի մոտ էլ կան խաղաղության օրակարգ և հնարավորություն, որ կոնֆլիկտը լուծվի: 

Դա Ռուսաստանի համար շատ վտանգավոր հեռանկար է, ու նա երբևիցե թույլ չի տա, որ այդ կոնֆլիկտը լուծվի: Չի կարելի բացառել, որ այս սրացումը կա՛մ նախաձեռնված է, կա՛մ ինչ-որ ձևով կազմակերպված է Ռուսաստանի կողմից:

 Այնուամենայնիվ, ո՞ր դեպքում հնարավոր կլինի խաղաղության պայմանագրի կնքումը Հայաստանի և Ադրբեջանի միջև:

– Դրան հնարավոր կլինի հասնել, եթե երկու կողմի քաղաքական էլիտան իսկապես ցանկանա խաղաղություն, և եթե Ռուսաստանը հնարավորություն չունենա կասեցնել այդ գործընթացները:

 Այսինքն՝ Ռուսաստանը, ըստ ձեզ, չի ուզում, որ կողմերի միջև խաղաղություն լինի, որ ի՞նչ անի, պարո՛ն Քոչինյան:

– Որովհետև քանի դեռ կան Արցախյան պատերազմ, արցախյան կոնֆլիկտ, Ռուսաստանն ունի ճնշման գործիք թե՛ Հայաստանի դեմ, թե՛ հատկապես Ադրբեջանի:

Առանց այդ գործիքի Ռուսաստանի դերը երկու երկրներում էլ որակապես ուրիշ է դառնում, իսկ այսօր, երբ Ադրբեջանը կամաց-կամաց դառնում է էներգետիկ այլընտրանք Եվրոպայի համար, Ռուսաստանը չի կարող դա թույլ տալ:

 Իսկ հնարավո՞ր է, որ հայ-թուրքական ուղիղ բանակցություններն ու նաև Արևմուտքի միջամտությունը թույլ չտան Ռուսաստանին, ինչպես դուք եք ասում, որ չկարողանա խոչընդոտել այդ խաղաղության պայմանագրի կնքմանը:

– Ոչ միայն հնարավոր է, այլև, ըստ էության, մեզ համար լավ սցենարի զարգացման միակ տարբերակն է, բայց այդ սցենարի իրագործումն էլ կախված է մեր աշխատանքի որակից:

 Պարո՛ն Քոչինյան, դատելով Ադրբեջանի գործողություններից, որդեգրած քաղաքականությունից, ինչ եք կարծում, եթե այդ պայմանագիրը կնքվի, ադրբեջանական կողմը հավատարիմ կմնա՞ այդտեղ առկա կետերին, այսինքն՝ մենք այլևս ականատես չե՞նք լինի սահմանային լարվածության, հրադադարի խախտման դեպքերի:

– Խաղաղության պայմանագրերը շատ տարբեր են լինում, դրա մեջ կարող է լինել դելիմիտացիայի ու դեմարկացիայի մասին կետ, որին կզուգորդի որոշակի ապառազմականացված գոտու ստեղծում՝ երկու կողմից ինչ-որ կիլոմետր խորությամբ, հստակ սահմանագծում, անգամ՝ ինչ-որ ժամկետով օտարերկրյա դիտորդների առկայություն, այսինքն՝ եթե գնում ենք այդ ուղղությամբ, խաղաղության պայմանագրի ապահովման բազմաթիվ մեխանիզմներ կան: Երկրորդ՝ Ադրբեջանը նպատակ ունի ավարտելու արցախյան հիմնահարցը, 44-օրյա պատերազմից հետո Հայաստանն այլևս ասելիք չունի արցախյան հիմնահարցում:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am