«Իմ տպավորությամբ՝ Հայաստանն այսօր քայլում է դեպի միութենական պետություն տանող ճանապարհով». Արեգ Քոչինյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արեգ Քոչինյանը

– Պարո՛ն Քոչինյան, ի՞նչ է կատարվում Արցախի Հանրապետությունում։ Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ հարաբերություններ ունեն Ռուսաստանի Դաշնությունն ու Ադրբեջանի Հանրապետությունը։

– Կատարվում է այն, որ Ռուսաստանն ու Ադրբեջանն իրենց հարաբերությունները պարզում են Արցախում, ընդ որում՝ այդ հարաբերությունները բացարձակապես կապ չունեն Արցախի հետ, դրանք էներգետիկ ենթակառուցվածքների հետ կապված հարաբերություններ են, դրանք Ադրբեջանի կողմից Եվրոպային գազի մատակարարման ավելացման հետ կապված հարցեր են։

Այդ լարումը, որ կա ռուս-ադրբեջանական հարաբերություններում, արտացոլվում է Արցախում, ինչը կանխատեսելի էր այն պահից սկսած, երբ Արցախում տեղակայվեց ռուսական խաղաղապահ զորախումբը, որի իրական նպատակը, բնականաբար, թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի վրա անհրաժեշտության դեպքում ճնշման ու աջակցության գործիք լինելն է։ Ամեն ինչը շատ օրինաչափ է, ու մենք տեսնում ենք դրա հետևանքները․ Արցախում Հայաստանի ու Արցախի հետ կապ չունեցող գործընթացների համար գերի է դարձել Արցախի ժողովուրդը։

– Այսինքն՝ դուք այն վերլուծաբանների թվո՞ւմ չեք, որ կարծում են՝ Արցախում կատարվողը ռուս-ադրբեջանական պայմանավորվածության հետևանք է։

– Ինչպես ասացի, խաղաղապահ զորախումբն ունի և՛ ճնշման, և՛ աջակցման դեր, նայած թե տվյալ պահին ո՛րը կաշխատի։ Ես չեմ կարող ասել, թե Ռուսաստանը որ ձևաչափով է այս պահին աշխատում Ադրբեջանի հետ՝ սիրաշահելով, ինչ-որ մի գյուղ կամ մի բարձունք տալով՝ փորձում է հե՞տ պահել ինչ-ինչ գործողություններից, թե՞ ճնշելով է փորձում հետ պահել, բայց դա էական էլ չէ։

Էականն այն է, որ այս ամենի մեջ ո՛չ Հայաստանը, ո՛չ Արցախը այլևս որևէ դերակատարում և սուբյեկտայնություն չունեն, հիմա այնտեղ սիրաշահում են իրար, թե իրար հետ գզվռտվում են՝ մեզ չպետք է հետաքրքրի, որովհետև երկու տարբերակում էլ տուժողը Արցախի հայությունն է։

– Իսկ ի՞նչ է պետք անել, որպեսզի Հայաստանը կարողանա ազդեցություն ունենալ Արցախում կատարվող իրադարձությունների վրա։

– Ես այդ առումով որևէ տարբերակ չեմ տեսնում, դեռևս կասկածելի է, որ Հայաստանը կարող է սուբյեկտայնություն և ազդեցություն ունենալ Հայաստանում, չնայած դեռևս դա պահպանելու հնարավորություն կա, բայց Արցախում, ճիշտն ասած, նման սցենար չեմ տեսնում։

– Պարո՛ն Քոչինյան, իսկ այս պարագայում հնարավոր համարո՞ւմ եք, որ Արցախում տիրապետողն ու ազդեցություն ունեցողը կարող է դառնալ ադրբեջանական կողմը։

– Ավելի քան հավանական եմ համարում, որովհետև մինչև 2025 թվականը, չեմ բացառում, որ ռուսական զորակազմը չկարողանա իր մանդատը մինչև վերջ հասցնել, ու այդ առումով, ես կարծում եմ, որ մեր պետությունը պետք է նախաձեռնի ու սկսի պլանավորել, առնվազն՝ դեռևս պլանավորել արցախահայության էվակուացիայի հնարավոր սցենարներ։

– ՌԴ-ն չի՞ կարողանա պահպանել իր ազդեցությունն Արցախում, թե՞ ցանկություն չունի։

– Երկու տարբերակն էլ հավանական է, բայց նորից՝ մեզ դա այնքան էլ չպետք է հուզի, որովհետև երկու դեպքում էլ հետևանքը նույնն է լինելու։ Միակ տարբերակը, որ Հայաստանը իրապես կկարողանա ապահովել արցախահայության անվտանգությունը, այն է, որ արցախահայությունը լինի Հայաստանում։

Որպեսզի չկրկնվի Քարվաճառի այդ խայտառակ իրողությունը, երբ պատերազմում ու դիվանագիտական դաշտում պարտված պետությունն անգամ սեփական բնակչության քաղաքակիրթ տարհանումը չկարողացավ կազմակերպել, իսկ մենք բոլորս հիշում ենք այդ կադրերը, թե մարդիկ ոնց էին ոտքով Քարվաճառից Հայաստան գալիս՝ ունեցած-չունեցածը ուսներին դրած:

Որպեսզի այդ ամենը չկրկնվի շատ ավելի մասշտաբային ու ցավալի պատկերներով, մենք այսօրվանից պետք է սկսենք պլանավորել բնակչության ու մշակութային արժեքների էվակուացիայի սցենարը: Եթե դա չարվի, ու ամենավատ սցենարով տեղի ունենան զարգացումները, Հայաստանի իշխանությունները նույնքան մեղավոր ու պատասխանատու կլինեն հնարավոր արհավիրքների համար, որքան մեր հակառակորդներն ու դրա կազմակերպիչները։

– Ճի՞շտ եմ հասկանում, որ դուք այլևս հնարավորություն չեք տեսնում, որ Հայաստանը կկարողանա Արցախը հայկական պահել, տարածքները նկատի ունեմ, որովհետև խոսում եք միայն բնակիչների անվտանգության ապահովման մասին։

– Այդ տարածքները 44-օրյա պատերազմից հետո արդեն իսկ Հայաստանինը չեն, մի մասը Ադրբեջանինն է, մյուսը՝ Ռուսաստանինը։ Ամբողջ խնդիրն այն է, որ Ռուսաստանինը համարվող տարածքներն ունեն ժամանակավոր բնույթ, ու այդ ժամանակն էլ բավականին կարճ է։ Երբ ռուսները գնան, մենք ի վիճակի լինելո՞ւ ենք այդ տարածքները պահել, թե՞ չէ՝ այդ հարցին շատ անկեղծ պետք է պատասխանենք։ Եթե ի վիճակի չենք լինելու, ուրեմն պետք է այդ բնակչության առջև հանցագործություն չկատարենք ու չթողնենք նրանց միայնակ։

– Պարո՛ն Քոչինյան, Հայաստանի իշխանությունը շարունակաբար պնդում է, որ խաղաղության օրակարգից իրենց ոչինչ չի կարող շեղել։ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքումը հնարավո՞ր է։

– Ես չեմ պատասխանի ձեր հարցին, կասեմ ուրիշ բան․ Հայաստանի պետականության հարատևման տեսանկյունից՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումն այլևս անայլընտրանք է, և եթե հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ չեն կարգավորվում, Հայաստանի պետականության ապագան խիստ մշուշոտ է դառնում։

– Իսկ այդ երկխոսությունն ու հարաբերությունների կարգավորումը կնպաստե՞ն, որ Հայաստանի պետականությունը պահպանվի։

– Դրանք շանս կստեղծեն, կնպաստե՞ն, թե՞ ոչ՝ չեմ կարող միանգամից պատասխանել, բարդ հարցեր են, բայց շանս կստեղծեն, որ մեր պետականությունը պահպանվի, որովհետև այսօր ու այս տեմպերով նման շանս չկա, մենք ուղիղ ճանապարհով գնում ենք դեպի միութենական պետություն և Ռուսաստանի կայսրության կազմում ներգրավում։

Մարդիկ կան, որոնք Սովետական Միության նոստալգիա ունեն, բայց դա չի լինելու Սովետական Միություն, լինելու է Ռուսական կայսրություն, Հայաստանը դառնալու է դրա գաղութը, իսկ կայսրությունը լինելու է երկաթե վարագույրից անդին, այսինքն՝ մենք կտրվելու ենք ողջ քաղաքակիրթ մարդկությունից, ինչպես եղել է 70 տարի շարունակ։ Իմ տպավորությամբ՝ Հայաստանն այսօր քայլում է դեպի միութենական պետություն տանող ճանապարհով։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am