«Վարչապետն ամբողջությամբ գտնվում է իրատեսության շրջանակներում ու փորձ է անում պահել այն, ինչն այսօր հնարավոր է». Արեգ Քոչինյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արեգ Քոչինյանը

– Պարո՛ն Քոչինյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանում արված ելույթն ինչպե՞ս եք գնահատում, ի՞նչ արձանագրումներ եք արել այդ ելույթից։

– Ամենակարևոր արձանագրումն այն է, որ վարչապետն ամբողջությամբ գտնվում է իրատեսության դաշտում՝ ի տարբերություն ընդդիմության, շատ այլ քաղաքական ուժերի, Հայաստանում գործող վերլուծաբանների և այլ հատվածների մեծամասնության, որոնք խոսում են դեօկուպացիայից, մաքսիմալիստական այլ ծրագրերից։

Վարչապետը, ի պաշտոնե տիրապետելով իրական ուժային հարաբերակցությանը, տիրապետելով արցախյան հիմնախնդրի մասով միջազգային հանրության դիրքորոշմանը, ամբողջությամբ գտնվում է իրատեսության շրջանակներում ու փորձ է անում պահել այն, ինչն այսօր հնարավոր է։

Կարևոր է, որ այսօր այդ խոսույթը կա, ըստ էության, դա խաղաղության գիծն է, և հանուն այդ գծի շատ բաներ պետք է արվեն։ Ժամանակը ցույց կտա՝ արդյոք այդ խաղաղության գիծը կմնա միայն խոսույթի՞, թե՞ կծավալվի գործողությունների մակարդակով:

Մինչ այս կան որոշակի դրական ազդակներ այդ ուղղությամբ, դա բրյուսելյան հանդիպումն է, դրան հաջորդած արտգործնախարարների հեռախոսազրույցը, որը, ըստ էության, սպասարկում էր բրյուսելյան օրակարգը, բայց դրանք փոքր ազդակներ են։

– Այսինքն՝ կարծում եք, որ Հայաստանն այսօր այն վիճակում է, որ հնարավորություն չկա՞ Արցախի մնացած հատվածը պահելու։ Այսինքն՝ այլ ելք չկա՞, միակ ելքն այն է, ինչ ասում է գործող իշխանությունը։

Ձեր հարցում սխալ եք թույլ տալիս, երբ ասում եք՝ Արցախը պահելու․ Արցախը մե՞րն է, որ մենք հիմա կարողանանք պահել։ Արցախից ինչը որ գրավվել է՝ թուրքերինն է, ինչը որ չի գրավվել թուրքերի կողմից՝ ռուսներինն է։

Անգամ մտածողության մակարդակում մենք խնդիր ունենք ընկալելու 44 օրյա պատերազմի հետևանքները, մենք Արցախ չունենք, որ այն պահենք կամ չպահենք։ Խոսքն այժմ, ինչպես վարչապետն էլ ասաց, Հայաստանն իրեն պարտավորված է զգում արցախահայության ֆիզիկական անվտանգության մասով, և կարգավիճակի մասին էլ այսօր խոսվում է այնքանով, որքանով խոսվում է արցախահայության ֆիզիկական անվտանգության մասին:

Բայց այդ խոսույթը՝ թե պահենք Արցախը, ինչպե՞ս կարող ես պահել Արցախը, եթե այն մարտի դաշտում կորցրել ես․ դիվանագիտությամբ չեն պահում այն, ինչ կորցրել են մարտի դաշտում։

– Պարո՛ն Քոչինյան, երբ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ միջազգային հանրությունը Հայաստանից պահանջում է իջեցնել Արցախի կարգավիճակի վերաբերյալ նշաձողը, ի՞նչ նկատի ուներ, դա ի՞նչ է ենթադրում։

– Ես չեմ պատրաստվում գուշակությամբ զբաղվելու, հույս ունեմ, որ ժամանակը կգա, մեզ կտեղեկացնեն: Դա կարող է լինել Ադրբեջանի կազմում քաղաքական ինքնավարություն, ինչ-որ միջանկյալ կարգավիճակ, չգիտեմ, բայց նորից եմ ասում, մեզ համար ամենակարևորը հիմա հետևյալն է, որպեսզի մենք տարբեր բախտախնդիրների ու սպեկուլյանտների զոհը չդառնանք ու գտնվենք ամբողջությամբ իրականության դաշտում:

Այս առումով վարչապետի՝ խորհրդարանում արված ելույթն ինձ համար շատ կարևոր էր, որովհետև դա քայլ էր դեպի իրականություն, հասարակության վարդագույն ակնոցը հանելու, իհարկե դա դեռևս բավարար չէր, բայց քայլ էր այդ ուղղությամբ։

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում այն հայտարարությունը, երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ կարող էին կանխել պատերազմը, իհարկե կունենայինք ամբողջությամբ նույն իրավիճակը, ինչ այսօր, բայց առանց զոհերի։

– Դա սեփական անզորության, տկարության, անհեռատեսության, վախկոտության արձանագրումն է։ Ինչպես ցանկացած այլ ժողովրդավար պետություն, կարծում եմ՝ Հայաստանում ևս դրա գնահատականը հասարակությունը պետք է տա, ամենաճիշտ տարբերակը դա է։ Հասարակությունը թող գնահատի այն գործչին, որն ընդունում է իր մեղքը։

– Այսինքն՝ դա չի արվել, որովհետև իշխանությունը համարձակություն չի՞ ունեցել։

– Համարձակություն և ինտելեկտ՝ այս երկուսը չեն ունեցել։

– Այս պարագայում, երբ Հայաստանն ու Ադրբեջանը կնքեն խաղաղության պայմանագիր, Ադրբեջանն իսկապե՞ս այլևս սադրանքների չի դիմի։

– Ընդհանրապես, բոլոր պայմանագրերի իրագործումը կամ չիրագործումը հավասարաչափ կախված է երկու կողմերից։ Եթե ունենանք այնպիսի պետություն, որի հետ կարող են այդ պայմանագիրը դրժել, ինչ-որ բան պոկել, իհարկե Ադրբեջանը կգնա դրան։

Խնդիրն այստեղ այն է, թե արդյոք մենք մեր աշխատանքը լա՞վ կկատարենք, որ այդ պայմանագիրը բերի իսկապես խաղաղության, թե՞ չէ։ Դա շանս է, որ մենք կունենանք երկարաժամկետ խաղաղություն, բայց, բնականաբար, երաշխավորված չէ։

– Պարո՛ն Քոչինյան, կարծում եք, որ այսօր Հայաստանի համար ամենաճիշտ ճանապարհը խաղաղության պայմանագրի կնքո՞ւմն է։

– Հայաստանի համար դա է միակ ճանապարհը, մնացած բոլոր ճանապարհները Հայաստանը տանելու են դեպի կործանում, ընդ որում՝ կործանում կա՛մ թուրք-ադրբեջանական տանդեմի հարվածների ներքո, կա՛մ կործանում ռուսական ինտեգրացիոն գործընթացների մեջ։ Խաղաղության օրակարգը պետությունը պահպանելու միակ տարբերակն է։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am