«Եթե գյուղը թուլացավ՝ կթուլանա նաև պետությունը». Գետաշենի ագրարային դպրոցում գյուղատնտեսներ են կրթում

Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի միակ դպրոցում ուսումնառության ողջ ընթացքում աշակերտները տիրապետում են գյուղատնտեսության գրեթե բոլոր նրբություններին, և շրջանավարտները դպրոցից հեռանում են ոլորտի հմտությունները յուրացրած:

2011-ից տնօրենը՝ առաջին մասնագիտությամբ գյուղատնտես, երկրորդով՝ մանկավարժ Գևորգ Մուքոյանը, դպրոցի հարակից 2 հա տարածքը դարձրել է այգի, որտեղ յուրաքանչյուր աշակերտ իր պտղատու ծառն ունի: Երեխաներն աճեցնում են ու խնամում պտղատու ծառերը, մշակում բանջարեղեն, տարբեր տեսակի ծաղիկներ, տարածքը զարդարել են հայկականության հիմնական ատրիբուտներով՝ կարասներ, կճուճներ:

«Մեր դպրոցը յուրահատուկ ագրոդպրոց է: Երբ տարածքն ունեցանք, դարձրինք այգի, հիմնականում՝ ծիրանի, ու մեր առջև խնդիր դրեցինք՝ քանի աշակերտ՝ այնքան ծառ: Հետո խնդիր դրեցինք՝ քանի աշակերտ, այնքան հաղարջենի, ու այդ ծառերի արանքում սկսեցինք հաղարջ դնել»,- «Մեդիալաբին» ներկայացնում է դպրոցի տնօրեն Գևորգ Մուքոյանը:

Բանջարեղենն աճեցնում են նաև հատուկ ստեղծված ջերմատանը, որը պարարտացնում են անձամբ իրենց պատրաստած էկոլոգապես մաքուր պարարտանյութով:

«Նրանք ոչ միայն ագրոբիզնես կամ ֆերմերային հմտություններ են ստանում, այլ նաև՝ էկոկրթություն, որովհետև հենց նույն այգուց տերևների թափոնները, ճաշարանի մնացորդները, մոլախոտերի մեծ մասը գնում են հումուսի հոր, որտեղ հավաքվում է փափուկ աղբը: Այնտեղ վերամշակվելուց հետո ստանում ենք կենսահումուս, որը նորից վերադառնում է այգի»,- ասում է Մուքոյանը:

Մշակած բերք ու բարիքն առաջին հերթին ուղղվում է ճաշարան, իսկ մեծ քանակի դեպքում վերամշակում են ու նաև վաճառում: Վաճառքը, տնօրենն ասում է, աշակերտական, ծնողական և մանկավարժական խորհուրդների որոշմամբ ու վերահսկողությամբ է իրականացվում:

«Մենք ունենք տեխնիկական աշխատողներ, հաստիքով այգեգործ, ունենք նաև տրակտոր, գյուղատնտեսական գործիքներ, բեռնատար, ավտոբուս: Մեր աշակերտներն իրենց ուսումնառությունն անցկացնում են իրական միջավայրում՝ սովորում են ծառ էտել, դառնում են էտվոր բանվորներ: Օրինակ՝ բերքահավաքի ժամանակ մեր աշակերտները բաժանվում են չորս խմբի՝ բերք հավաքողներ, տեսակավորողներ, վաճառք անողներ կամ, ինչպես հիմա ընդունված է ասել՝ մարքեթինգով զբաղվողներ, և չորրորդ խումբը՝ վերամշակողներ, որոնք պատրաստում են մուրաբաներ, թթու լավաշներ, թեյեր և այլն»,- պատմում է Մուքոյանը:

Տնօրենն ասում է՝ փոքրիկ ձեռնարկություն ունեն, և աշակերտները նույնիսկ դրա ֆինանսական հոսքերի կազմակերպման հարցում են հմտացել. վաճառքից գոյացած գումարը բանկի միջոցով աշակերտները փոխանցում են դպրոցի արտաբյուջեի հաշվին: Մուքոյանն ասում է՝ այդպիսով փորձում են ֆինանսական հոսքերը հնարավորինս թափանցիկ դարձնել, և, որ ամենակարևորն է՝ որպես քաղաքացի գիտակցեն ու կատարեն իրենց հարկային պարտավորությունները.

«Նրանք այդ տարիքից պետք է հասկանան, որ պետության առաջ ունեն պարտավորություններ և իրենց եկամտից պետք է պետությանը հարկեր վճարեն: Ստացված գումարը աշակերտական, ծնողական ու մանկավարժական խորհրդի միջոցով որոշում ենք ինչպես օգտագործել: Եղել է, որ վաստակած գումարով բարեգործություն ենք արել, եղել է, որ զինվորներին դիրքեր մեր արտադրած բերքն ենք ուղարկել»:

Այստեղ, բացի հանրակրթությունից, ագրոէկոկրթությունից, աշակերտները սովորում են տիրապետել նաև տարբեր արհեստների՝ մետաղագործություն, փայտագործություն, հելունագործություն, գորգագործություն և այլն: Ամեն տարի Գետաշենի դպրոցից Գյուղատնտեսական ակադեմիա դիմորդներ լինում են, այս տարի նրանք 4-ն են:

Գևորգ Մուքոյանն ասում է՝ ուսանողները վերադառնում են գյուղ և եթե որպես մասնագետ չեն աշխատում, ապա գոնե իրենց սեփական գործի համար հաջողված ֆերմեր են դառնում:

«Պետության սահմանները սկսվում են գյուղից, վերջանում՝ գյուղով: Եթե գյուղը թուլանա, եթե բոլորս թողնենք գյուղը ու գանք քաղաքում վարձով ապրենք, չշենացնենք մեր հայրական օջախները, ինչպե՞ս կլինի: Եթե գյուղը թուլացավ՝ կթուլանա նաև պետությունը»,- ընդգծում է Գետաշեն գյուղի դպրոցի տնօրենը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am

Լուսանկարները՝ Գետաշենի ագրարային դպրոցի ֆեյսբուքյան էջից: