Իրականում ինչի մասին են Հայաստան-Թուրքիա բանակցությունները, կամ ժամանակն է վերջ տալ երազկոտ ցնդաբանություններին

Արեգ Քոչինյանը

Հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչները չորրորդ հանդիպումն անցկացրին։ Այս հանդիպումը տարբերվեց նախորդներից որոշակի, կոնկրետ ձեռքբերումներով, որոնք սակայն բավականին հակասական գնահատականների արժանացան հայ հասարակության կողմից։

Մարդիկ տալիս են գնահատականներ՝ աննշան ձեռքբերում է, Հայաստանի հետ կապ չունեցող ձեռքբերում է՝ իրականում անգամ չհասկանալով այս գործընթացի էությունը։

Բայց գանք հերթով։ Եվ այսպես, կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել երրորդ երկրների քաղաքացիների համար և մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը:

Անշուշտ սա փոքր ձեռքբերում է, անցած ժամկետի՝ չորս հանդիպումների համեմատությամբ նույնիսկ կարելի է ասել նվազագույն ձեռքբերում է։

Երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացումը դժվար թե լուրջ ազդեցություն ունենա Հայաստանի տնտեսական վիճակի կամ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վրա։ Ուղիղ օդային բեռնափոխադրումներն էլ օգտագործելի են ապրանքների շատ փոքր տեսականու արդյունավետ լոգիստիկան կազմակերպելու հարցում։ Բայց սա բացարձակապես էական չէ։

Կարևոր է հասկանալ գործընթացի կարևորությունը ու դրա հիմնական շահառու կողմի կարիքները։ Հարաբերությունների կարգավորման համար ցանկացած ձեռքբերում, ցանկացած քայլ առաջ ձեռնտու է Հայաստանի Հանրապետության համար։

Հայաստան-Թուրքիա կարգավորման ուղղությամբ յուրաքանչյուր քայլ նվազեցնում է պատերազմի հավանականությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այս փուլում առավել կանխատեսելի և անվտանգ Թուրքիա ունենալու Հայաստանի միակ իրատեսական հնարավորությունը սա է։

Գործին պետք է մոտենալ հետևյալ փիլիսոփայությամբ՝ յուրաքանչյուր ձեռքբերում, անգամ ամենաաննշանը, ավելի լավ իրավիճակ է ստեղծում, քան առանց դրա էր։

Գործընթացը, սակայն, այս պահի դրությամբ ունի հնարավորի առաստաղ։ Այդ առաստաղը հայ-ադրբեջանական հարաբերությունների մակարդակն ու Ադրբեջանի հնարավոր հակադրությունն է։ Այդ առաստաղը հնարավոր է կոտրել միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ։ Իսկ Հայաստանի անվտանգային կարիքները բավարարելու համար Հայաստան-Թուրքիա հարաբերությունները հնարավոր չէ բարձրացնել անհրաժեշտ բարձրության՝ առանց այդ առաստաղը կոտրելու։

Միևնույն ժամանակ, եթե այդ առաստաղը չի կոտրվում, գործընթացը Թուրքիայի համար ունի այլընտրանք՝ դա Ռուսաստանի հետ պայմանավորվածությունների գնալն է։ Սա թերևս Հայաստանի համար ամենավտանգավոր սցենարն է։

Այս սցենարի իրացումը մենք տեսել ենք բոլորովին վերջերս՝ 2020-ի 44-օրյա պատերազմի օրերին, երբ Հայաստանի հետ համաձայնության չգալով՝ Թուրքիան ու Ադրբեջանը համաձայնության եկան Ռուսաստանի հետ և ուժով խլեցին այն, ինչ դեռ երեկ Հայաստանինն էր։

Այսպիսով, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանը հիմնական շահառուն է և հիմնական տնային աշխատանք կատարողը, դրան գումարած միշտ կա երրորդ կողմ, որը սեփական շահերը սպասարկելով ամեն պահի համաձայն է գնալ պայմանավորվածությունների՝ հիմնականում Հայաստանի հաշվին։

Հայաստանի վիճակն անշուշտ շարունակում է մնալ ծանր, ավելին, այն ավելի է վատթարանալու, խնդիրը միայն այն է, թե որքան, ու դա արդեն կախված է Հայաստանից ու դրա քաղաքական ընտրանու՝ բարդ հարցերին պատասխանելու համարձակությունից ու ժամանակին ցավոտ զիջումների գնալու կարողությունից։

Արեգ Քոչինյան

MediaLab.am