«Գիտեր, որ հայերը ավանդապաշտ են, վախենում էր խոսել իր զգացմունքների մասին». հայ-չինական սեր կամ ամեն ինչ հանուն սիրո

33-ամյա Անի Հարությունյանը շուրջ 10 տարի է՝ Չինաստանում է ապրում՝ Սանյա քաղաքում։ Ասում է՝ երբեք չէր երազել Չինաստան տեղափոխվելու մասին, ոչ էլ պատկերացրել էր, որ կյանքն այնպես կդասավորվի, որ կրթությունը շարունակելու նպատակով Չինաստան կմեկնի, կսիրահարվի չինացու և Չինաստանում ընտանիք կկազմի։

Անին պատմում է՝ ամեն ինչ սկսվեց չինարեն սովորելուց:

«Երբ Հայաստանում հումանիտար ինստիտուտ էի ընդունվում, որոշել էի իտալերեն սովորել: Հարցազրույցի ժամանակ ռեկտորը խորհուրդ տվեց ուսումնասիրել չինարեն կամ ճապոներեն, որն իր կարծիքով ինձ մոտ լավ կստացվի, հայրս էլ միշտ ուզում էր, որ չինարեն սովորեմ՝ մտածելով ապագայի մասին։ 

Սկսեցի չինարեն սովորել, ինձ գրավեցին լեզուն, մշակույթը»,- պատմում է Անին ու նշում, որ համալսարանական տարիներին թեպետ շատ ակտիվ էր և մասնակցել է Չինաստանի դեսպանատանը անցկացվող հանդիպումներին, միջոցառումներին, թարգմանություններ է արել, բայց չի մտածել Չինաստան տեղափոխվելու և այնտեղ սովորելու մասին մինչև այն պահը, երբ առաջարկ է ստացել։

«Սովորելուս ընթացքում կապ էի հաստատել Չինաստանի Բեկինյան ինստիտուտի հետ, ինձ հարցրին՝ ինչո՞ւ չեմ ուզում գալ Չինաստան: Այդ ժամանակ ես Հայաստանում արդեն հաջողություններ ունեի, չէի մտածում ուրիշ տեղ գնալու մասին, բայց նաև մտածում էի՝ եթե սովորում եմ այդ լեզուն, ապա պետք է այցելեմ այդ երկիր, ծանոթանամ մշակույթին: Ես թարգմանություններ էի անում ու հասկանում էի՝ եթե ծանոթ չես մշակույթին, մտածելակերպին, թարգմանելիս շատ խնդիրների առաջ կկանգնեմ»,- պատմում է Անին ու նշում, որ որոշել է Չինաստանում երկու համալսարան դիմել՝ մագիստրատուրան շարունակելու համար։

Երկու համալսարանից էլ դրական պատասխան ստանալուց հետո ընտրել է Շանսի համալսարանը, քանի որ այնտեղ էին տեղափոխվում նաև իր հայ ընկերներից, և իր համար կարևոր էր օտար երկրում մենակ չլինելը։

Չինաստան տեղափոխվելու և համալսարանում լեզվաբանություն ուսումնասիրելու երկրորդ տարում Անին ծանոթացել է ապագա ամուսնուն՝ Ճան Լիանգի հետ, որը նույն համալսարանի տուրիզմի բաժնի ուսանող էր։

Անին պատմում է, որ ապագա ամուսնու հետ նույն ընկերական շրջապատում գտնվելով ընկերացել էին, մտերմացել։ Համալսարանում ուսումն ավարտելուց հետո, երբ Անին Հայաստան էր վերադառնում, Ճան Լիանգը համարձակություն է ձեռք բերել և խոստովանել իր զգացմունքները։ 

«Ինքը գիտեր, որ հայերը ավանդապաշտ են, միշտ վախենում էր խոսել իր զգացմունքների մասին, վախենում էր, որ չկարողանայինք անգամ ընկեր մնալ։ 

Երբ իմացավ Հայաստան վերադառնալուս մտադրության մասին, ասաց՝ շատ կուզեր Հայաստանը տեսնել և նաև ասաց իր զգացմունքների մասին: Երբ եկանք օդանավակայան, ինձ ամուսնության առաջարկ արեց, ես չպատասխանեցի իրեն՝ մինչև եկանք Հայաստան, և ծնողներիս հետ ծանոթացավ»,- ժպիտով պատմում է Անին։

Անիի խոսքով՝ և՛ ընտանիքի անդամների, և՛ հարազատների, և՛ ընկերների համար շոկային էր լսել իր ընտրության մասին: 

«Որովհետև իրենք միշտ կարծում էին, որ ես պետք է ամուսնանամ հայի հետ, ես էլ էի այդպես կարծում մինչև ամուսնուս հանդիպելը,- նշում է Անին ու ընդգծում, որ ամուսնու մեջ իրեն շատ են գրավել ազնվությունը, բարությունը, մեծերի նկատմամբ հարգանքը, Հայաստանի ու հայերի մասին ունեցած հարուստ տեղեկատվությունը։

Անին ասում է՝ ծնողների համար դժվար էր գիտակցել, որ իրենց աղջիկը որոշել է ամուսնանալ օտարերկրացու հետ, սակայն վստահելով իրեն՝ համաձայնություն են տվել։

«Ես ու հայրս երկար խոսեցինք, մի խոսք ինձ ասաց՝ աղջիկս, ես քո ընտրությանը վստահում եմ, քո կյանքը քո ձեռքերում է, պետք է ճիշտ տնօրինես, պետք է իմանաս, որ կյանքիդ ամենակարևոր քայլն ես կատարում»։

Անին ասում է՝ մի կարևոր պայման ունեցավ ամուսնու հետ, որպեսզի նա ընդուներ քրիստոնեությունը, մեկ հավատք ունենային։

Անիի և Ճան Լիանգի նշանադրությունը Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում։

«Ինձ համար հավատքը իմ դաստիարակությունն է, միայն այդ դաստիարակությունը կարող էի տալ իմ երեխաներին, ամուսնուս տատը քրիստոնյա է, ամուսինս էլ մեծացել է հոգևոր կյանք ունեցող ընտանիքում։ Ինքը գիտակցում էր, դժվարությամբ, բայց հասանք նրան, որ եկեղեցին ընդունեց իրեն, ու հայկական եկեղեցում կնքվեց, ամուսնուս քրիստոնեական անունը Աբել է։ Մեր նշանադրությունն էլ եկեղեցում եղավ»,- պատմում է Անին ու ասում, որ ամուսնու ընտանիքը շատ էր ուրախացել, որ Անիի ծնողները տվել էին իրենց համաձայնությունը, և մինչ Անին ու Ճան Լիանգը Հայաստանից կվերադառնային Չինաստան, նրանք արդեն հարսանեկան նախապատրաստություններ էին տեսել։

Անին ասում է՝ օտարերկրացու հետ ընտանիք ստեղծելիս երկուսն էլ հասկանում էին, որ հնարավոր են դժվարություններ, քանի որ երկու տարբեր մշակույթի, լեզվի և մտածողության տեր են, սակայն սիրո, հարգանքի, հավատքի միջոցով բոլոր հնարավոր խնդիրները լուծելի են դառնում։

«Մենք 8 տարի է՝ ամուսնացած ենք, երկու տղա ունենք՝ Հայկն ու Դավիթը, ամուսինս է այդ անունները ընտրել։ Ես իմ տանը զգում եմ իմ օջախում, կարծես Հայաստանում լինեմ, ես ամուսնուս կողքին օտարություն չեմ զգում, չեմ զգում, որ ամուսինս օտարերկրացի է: Շատ հայեր կան, որ ամուսնանում են, ապրում են միասին, բայց իրար օտար են զգում։ Ընտանիքում ինձ համար կարևոր է մեկ կրոն, մոտ մշակույթ, սեր, հարգանք, եթե այդ ամենը կա, ապա ընտանիքն ամբողջական է»։

Անին և ճան Լիանգը որդիների՝ Հայկի և Դավիթի հետ։

Անին ասում է՝ դրականորեն է տպավորված չինացիների՝ ընտանեկան հարաբերությունների մասին պատկերացումներով, մասնավորապես որդի ունեցող մայրերի մտածողությամբ, որոնք շատ են կարևորում, որ իրենց տղայի կնոջը ընդունեն որպես դուստր, համարելով, որ դրանով միայն կնպաստեն որդու երջանկությանը։

«Ես չէի հավատում էն խոսքին, որ սկեսուրը կարող ա հարսին իր աղջկա նման ընդունել, բայց հիմա հավատում եմ, որ էդպես հնարավոր ա, էստեղ շատ սկեսուրներ կան, որ հարսին աղջկա նման են ընդունում։ Էստեղ չինական մտածելակերպով ասում են՝ եթե դու լավ ես վերաբերվում քո հարսին, քո հարսը կերջանկացնի քո որդուն, դրանից ելնելով անգամ ավելի լավ են վերաբերվում հարսին, քան որդուն»,- պատմում է Անին։

Անին այժմ աշխատում է Չինաստանի Շանսի համալսարանում՝ որպես դասախոս, հետազոտող։ Ընտրել է տուրիզմի բաժնում դասախոսելը, քանի որ նպատակ ունի նպաստելու երկու երկրների միջև տուրիզմի զարգացմանը։

Ասում է՝ Հայաստանն ու Չինաստանը մշակութային շատ ընդհանրություններ ունեն, ինչի մասին նաև հիմա չինարենով գիրք է գրում, այնուհետև չինարենով գիրք է գրելու Հայաստանի մասին, երրորդ գիրքը լինելու է հայերեն՝ Չինաստանի մասին։ «Գրելու եմ այն, ինչ քչերը գիտեն»։

Անիի խոսքով՝ հայերն ու չինացիները ընդհանրություններ ունեն ամենատարբեր ոլորտներում՝ ընտանեկան փոխհարաբերությունների, ուտելիքների, տոների։

«Ամեն նահանգ ունի իր ուրույն մտածելակերպը, բայց մեր քաղաքում նմանություններից կընդգծեի, օրինակ՝ ընտանիքի հանդեպ սերը, մեծերի նկատմամբ հարգանքը, ամուսնու աշխատելը, ընտանիք պահելը։ Անգամ ուտելիքների մեջ նմանություններ կան, մի ուտելիք ունեն՝ բամբուկի տերևի մեջ լցոնում են միս ու բրինձ, մեր տոլմային են իրենք նմանացնում, պատրաստում են մսով փլավ՝ ինչպես մենք, սպանախով ձվաձեղ են սարքում նույն ձևով, ինչպես մենք ենք պատրաստում։ 

Ունեն տարբեր տեսակի թթվասերի, յոգուրտների տեսականի։ Տոներից մենք ունենք ատամնահատիկ, նրանք երեխայի ծննդյան 100 օրը լրանալուն պես նման տոն են նշում՝ երեխայի գլխին քաղցրավենիք են լցնում, ու երեխան վերցնում է մի իր, որը իր հետագա մասնագիտությունն է հուշում»,- պատմում է Անին ու նշում, որ իրենց ընտանիքում անպայմանորեն և՛ հայկական, և՛ չինական տոներն են նշում։

Անին վստահ է, որ Հայաստանն ու Չինաստանը կարող են ավելի սերտ հարաբերություններ հաստատել, հույս ունի, որ ինքն էլ կարող է իր ներդրումն ունենալ դրանում․

«Կարծում եմ՝ Չինաստանն ու Հայաստանը կարող են բարեկամ երկրներ լինել իրենց պատմական տարիքով և մշակութային արժեքներով։ Ես պատրաստվում եմ այստեղ շարունակել մնալ, աճել և փորձել սերտացնել երկու երկրների միջև կապը»։

Արփինե Արզումանյան

MediaLab.am