«Հակակոռուպցիոն դատարանի դատավորների մեծ մասը նախկին դատախազներ են, ինչը լավ բան չի հուշում». փաստաբան

Հայաստանում նոր դատարան են պատրաստվում ստեղծել, որը դատաիրավական բարեփոխումների ռազմավարության շրջանակներում է և մասնագիտացված դատարանների ստեղծման հաջորդ և թերևս վերջնական փուլն է: Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է ձևավորել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան:

Դատական այս ատյանն իրականացնելու է հակակոռուպցիոն քաղաքացիական և կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով կայացված դատական ակտերի վերաքննության կարգով վերանայումը:

Դատարանը կազմված է լինելու առնվազն 12 դատավորից, որոնցից առնվազն 6-ը զբաղվելու են կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով, առնվազն 6-ը՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով կայացված դատական ակտերի դեմ բողոքների քննությամբ: Օրենսդրական այս նախաձեռնության ընդունման արդյունքում օրինագծի հեղինակներն ասում են, որ Հայաստանում գործող վերաքննիչ քրեական և վերաքննիչ քաղաքացիական դատարանները դադարելու են քննել կոռուպցիոն հանցագործությունների և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերը:

Նկատենք, որ ապօրինի գույքի վերաբերյալ գործերով քննությունն իրականացնելու են հենց հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանները:

Դրանք արդեն ձևավորվել են, և նույնիսկ դրանց վարույթներ քրեական գործեր են ուղարկվում: Ավելին, այս տարվա սկզբին նաև Վճռաբեկ դատարանում ձևավորվեց հակակոռուպցիոն պալատ, ընտրվեցին դատավորներ:

«Առաջին հայացքից թվում է, թե դրական փոփոխություն է այն իմաստով, որ դատարանն ինչքան մասնագիտացված լինի, այնքան գործերի քննության, արդարադատության որակը պետք է բարձր լինի: Այսօր դատողություններ անել, թե որքանով է այդ դատարանի ստեղծումն արդյունավետ, չեմ կարող: Պետք է աշխատի, որից հետո կարող ենք գնահատել գործունեությունը»,- «Մեդիալաբին» ասում է փաստաբան Արմինե Ֆանյանը:

Թեպետ այս դատարանները դեռ չեն սկսել գործունեությունը և առայժմ հնարավոր չէ ասել՝ արդյունավե՞տ է դրանց աշխատանքը, թե՞ ոչ, այդուհանդերձ, փաստաբանի կարծիքով, ընդհանուր իրավասության դատարանները ևս կարողանում էին հաջողությամբ քննել հակակոռուպցիոն գործեր: Նրա խոսքով՝ եթե մասնագիտացված դատարանների ստեղծումը նաև նպատակ ուներ բեռնաթափել ընդհանուր իրավասության դատարանների ծանրաբեռնվածությունը, թեթևացնել նրանց աշխատանքը, ապա հիմա ամենևին էլ այդպես չէ՝ դրանք շարունակում են ծանրաբեռնված աշխատել:

«Մեր ընդհանուր իրավասության դատարանը ևս հաջողությամբ քննում էր այդ գործերը, որևէ խնդիր չկար: Ավելի լավ էր հաստիքներ ավելացնեին, նոր նստավայրեր կառուցեին, ծանրաբեռնվածությունը թոթափվեր: Ստացվում է՝ այս պահին հակակոռուպցիոն դատարանը անհամեմատ թեթև է, իսկ ընդհանուր իրավասության դատարանը՝ սարսափելի ծանրաբեռնված: Եթե չեմ սխալվում, մասնագիտացված դատարանի դատավորների աշխատավարձը էապես գերազանցում է ընդհանուր իրավասության դատարանի դատավորների աշխատավարձի չափը, ինչը, իմ կարծիքով՝ հակասահմանադրական է»,- նշում է Արմինե Ֆանյանը:

Նա ասում է, որ իշխանությունների հայտարարությունները, թե նպատակ ունեն ստեղծել պրոֆեսիոնալ մասնագիտացված դատարան, դրական է, եթե դրանք քաղաքական ենթատեքստ չունենան: «Նպատակը առաջին հայացքից դրական է թվում, եթե դա թաքնված քաղաքական բաղադրիչ չունենա»,- ընդգծում է փաստաբանը:

Իսկ ովքե՞ր են մասնագիտացված դատարանի նորանշանակ դատավորները: Ֆանյանն ուսումնասիրել է ցուցակը, դրանք հիմնականում նախկին դատախազներ են. «Հակակոռուպցիոն դատարանի դատավորների ցուցակը եթե նայեք, կտեսնեք՝ մեծ մասը նախկին դատախազներ են, ինչը լավ բան չի հուշում: Փորձը ցույց է տալիս, որ նախկին դատախազների մոտ հիմնականում մեղադրական մտածողությունը բավական արմատացած է լինում, և մարդու իրավունքներից բխող որոշումներ շատ դժվար է լինում ակնկալել»:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am