Ըստ Վ․ Պուտինի,Արևմուտքի որևէ սցենարին Հայաստանի համաձայնության տալը,նշանակում է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում. Նորիկ Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Նորիկ Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՌԴ նախագահ Վ․ Պուտինի այսօրվա հայտարարությունից պարզ է դառնում, որ թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ նիկոլ Փաշինյանը տարիներ շարունակ մերժել են Ռուսաստանի առաջարկները և գնացել իրենց ճանապարհով։

Շատ լավ առիթ է, որ թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ ներկայացնեն, թե ի՞նչ առաջարկներ են մերժել և ինչու՞ են մերժել։

Սակայն ՌԴ նախագահն ավելի ուշագրավ միտք է արտահայտում՝ ընդգծելով, որ եթե Հայաստանը նախընտրի Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վաշինգտոնյան տարբերակը, որը ենթադրում է Ադրբեջանի կազմում Ղարաբաղի ինքնիշխանության ճանաչում, եթե Հայաստանն այդպես է կարծում, խնդիր չկա, Ռուսաստանի Դաշնությունը կաջակցի Երևանի ցանկացած ընտրության։

Այսինքն՝ ըստ Վ․ Պուտինի, Արևմուտքի որևէ սցենարին Հայաստանի համաձայնության տալը, նշանակում է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։

Վերը նշվածով, ըստ էության, Վլադիմիր Պուտինն ակնարկում է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ռուսական տարբերակը չի ենթադրում Ադրբեջանի կազմում Ղարաբաղի ինքնիշխանության ճանաչում, այլ կերպ ասած՝ ՌԴ նախագահը բացահայտ կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախի մասով։

Ավելի՛ն, տողատակով ակնարկվում է, որ ռուսական տարբերակի ընտրության դեպքում հայկական կողմը հույս կունենա ապագայում առավել նպաստավոր դիրքում հայտնվել։

Իսկ ի՞նչ երաշխիք կա, որ կոնֆլիկտի չլուծումը հետագայում կբերի հայկական դիրքերի ամրապնդմանը, կամ երբևէ նույն Ռուսաստանը և Արևմուտքը կճանաչեն Արցախի անկախությունը։ Այդ մասին ոչ մի խոսք։

Այնուամենայնիվ, հարց է առաջանում, ինչի՞ մասին էր խոսում Վ․ Պուտինը 2020թ․ դեկտեմբերի 17-ին հայտարարում էր, որ Լեռնային Ղարաբաղի տարածքը միջազգային իրավունքի տեսանկետից Ադրբեջանի մաս է հանդիսանում»։