«Եթե որոշել ես օգնել մարդկանց, պատրաստ եղիր, որ քեզ ատելու են». Զարուհի Հովհաննիսյանը՝ պարտվածներին սիրողը

Զարուհի Հովհաննիսյանը (Լուսանկարը՝ Էմմա Գրիգորյան, www.DaphneArmenia.com)

«Դափնե» նախագծի հաջորդ պատմությունը իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի մասին է: «Դափնեն» նախագիծ է, որը պատմում է մարդկանց մասին, որոնք անցել են բազում դժվարությունների միջով, սակայն կարողացել են հաղթահարել և նոր կյանք սկսել։ «Ոչ թե զոհ, այլ հաղթած» կարգախոսով մյուս հերոսների պատմությունները  www.DaphneArmenia.com կայքում:

Օգնել մարդկանց, ու փոխարենը դառնալ թիրախ։ Դառնալ, բայց հետ չկանգնել ընտրած ճանապարհից, չատել փոխադարձաբար։ 

Զարուհի Հովհաննիսյանն ասում է՝ սա է իրավապաշտպան կնոջ ուղին Հայաստանում, որն անցնելու և ինքդ քո սկզբունքներին չդավաճանելու համար անասելի խիզախություն է պետք և անվերջանալի ջանքեր՝ սիրելու ու համբերատար լինելու:

«Հասարակությունը չի ներում նրանց, ովքեր ուզում են օգնել մարդկանց։ Հասարակությունը չի ուզում, որ դու մարդուն օգնես, որովհետև այդ նույն հասարակության կառուցվածքում, անգամ ամենափոքր մոդելներում՝ միջանձնային, ընտանեկան հարաբերությունների մեջ, մարդիկ պատանդներ են։ Երբ մարդիկ ազատագրվում են վախից, վտանգավոր են դառնում այդ սիստեմի անխախտելիության համար»,- ասում է Զարուհին։

Մտավորականների ընտանիքում ծնված, մասնագիտությամբ երաժիշտ Զարուհուն իրավունքի պաշտպանության դաշտ բերեց լրագրությունը։ Կոնսերվատորիայում ուսանելու տարիներին աշխատանքի անցավ նորաբաց հեռուստաընկերություններից մեկում։ Որոշ ժամանակ անց հասկացավ՝ լրագրությունն իր համար այլևս բավարար չէ անարդարության դեմ պայքարելու համար:

«Որպես լրագրող՝ գրեթե ամեն օր տեսնում էի մարդկանց, որոնց իրավունքները ոտնահարվում էին։ Ես անընդհատ տեսնում էի, թե ինչ շատ է անարդարությունը շուրջբոլորը, հատկապես կանանց նկատմամբ։ Բացի այդ, լրագրության մեջ ևս կանանց ընկալում էին միայն որպես զարդ, եթերի ատրիբուտ, որը խոսքի կամ վիճարկելու իրավունք չունի։ Ես դրա հետ համակերպվել չէի ուզում և չէի կարող»,– հիշում է Զարուհին։ 

Այդ հանգամանքն էր, որ ստիպեց Զարուհուն դուրս գալ լրագրությունից և զբաղվել իրավապաշտպան գործունեությամբ, որտեղ իր ձևակերպումները, կարծիքը, գնահատականը արդեն վերաբերմունք էին ձևավորում այս կամ այն իրողության նկատմամբ։ 

Բայց իրավունքի պաշտպանության ոլորտում ևս ամեն ինչ հարթ չէր․ այս դաշտում ևս տղամարդկանց ձայնն ավելի լսելի էր։ Զարուհին ասում է՝ միմյանց և աշխարհի համերաշխությունը տղամարդկանց նկատմամբ կանանց շատ խոցելի է դարձնում:

«Լաչառ է», «տուն-տեղ չունի», «դժբախտ է»՝ ասում են նրա մասին, ով երջանիկ ընտանիք, երեք երեխա ու մյուսներին պաշտպանելու հանդգնություն ունի։

«Կին իրավապաշտպանների դեպքում քննարկվում է ամեն ինչ՝ արտաքին տեսքից մինչև անձնական կյանքի տիրույթ։ Տղամարդ իրավապաշտպանների դեպքում երբեք չեք հանդիպի նման քննարկումների։ Նախկինում, երբ կարդում էի իմ մասին նյութերի տակ արված մեկնաբանությունները, ատելության մի քանի շերտ էի զգում ինձ վրա։ Չէի հասկանում՝ ինչպե՞ս կարող է մարդ թիրախավորվել միայն այն պատճառով, որ փորձում է օգնել մարդկանց։ Ինչո՞ւ»,– ասում է Զարուհին։

Այսօր արդեն՝ տարիներ անց, Զարուհին գտել է այդ հարցի պատասխանը:

Ավելին՝ սկզբնաղբյուրում