ՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցել խաղաղությանը վերաբերվող իր առաջարկները, սպասում ենք արձագանքին. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է խաղաղության պայմանագրի բանակցությունների վերջին զարգացումները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը Վաշինգտոնում Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրին վերաբերվող իր առաջարկները։

«Հայաստանի Հանրապետությունը Վաշինգտոնում ադրբեջանական կողմին է փոխանցել խաղաղության պայմանագրին վերաբերվող մեր առաջարկները։ Սպասում ենք Ադրբեջանի արձագանքներին։ Արձագանքների առումով, այնուամենայնիվ, տեսնում ենք նաև լարվածության որոշակի միտումներ և այդ լարվածությունը կապված է նաև կոնկրետ իրադարձությունների և իրավիճակների հետ»,- ասել է վարչապետը։

Վարչապետը ընդգծել է՝ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը հստակ է, որ Ադրբեջանի զորքերը պետք է դուրս գան Հայաստանի օկուպացված տարածքներից 2021 թվականի մայիսի 11-ից առաջ գոյություն ունեցած դիրքեր։

«Ըստ էության, միջազգային հանրությունը աջակցում է մեր այս դիրքորոշմանը։ Հույս ունենք, որ ՀԱՊԿ-ն մեր այս դիրքորոշումը նույնպես կպաշտպանի»,- ասել է Փաշինյանը։